կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 11:04
Աշխարհ

ՌԴ-ն բավարարել է Ադրբեջանի՝ դասագրքերից Արևելյան Հայաստան տերմինը հեռացնելու պահանջը

ՌԴ-ն բավարարել է Ադրբեջանի՝ դասագրքերից Արևելյան Հայաստան տերմինը հեռացնելու պահանջը

ՌԴ Լուսավորության նախարարությունը, ՌԴ–ում Ադրբեջանի դեսպանատան դիմումի հիման վրա, «Ռուսաստանի պատմություն. XIX - XX դարի սկիզբ» դասագրքից՝  Թուրքմենչայի պայմանագրի վերաբերյալ բաժնից, հանել է Արևելյան Հայաստան տերմինը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը «լուրջ աղավաղում» էր գտել 9-րդ դասարանի «Ռուսաստանի պատմություն. XIX - XX դարի սկիզբ» դասագրքի՝ Թուրքմենչայի համաձայնագրի վերաբերյալ հատվածում։ Դասագրքի հեղինակներն են Լյաշչենկոն, Վոլոբուևը և Սիմոնովան, այն տպագրվել է 2020 թվականին: Դասագրքում նշվում է, որ, համաձայն պայմանագրի, Արևելյան Հայաստանը մտել է Ռուսաստանի կազմի մեջ: 2020 թ.-ին լույս տեսած Արսենտևի, Դանիլովի, Լևանդովսկու և Տոկարևայի հեղինակած՝ 9-րդ դասարանի մեկ այլ դասագիրք ցույց է տալիս, որ Արևելյան Հայաստանի մաս կազմող Երևանի և Նախիջևանի խանություններն անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ:

Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանատունը դիմումներ էր ուղարկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և լուսավորության նախարարություն՝ դասագրքում փոփոխություններ կատարելու պահանջով: Դեսպանությունը պահանջում էր վերատպել դասագիրքը և նշել, որ Արևելյան Հայաստանը աշխարհագրական անուն է:

Ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատանը, հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարությունը բացատրել է, որ սովետական և ռուսական պատմական գրականության մեջ, երբ լուսաբանվում էր 1828 թվականին Ռուսաստանի և Իրանի միջև կնքված Թուրքմենչայի պայմանագիրը, որն արտացոլում էր Երևանի և Նախիջևանի խանությունները Ռուսաստանին փոխանցելը, կիրառվում է «պատմական արևելյան Հայաստանի շրջանը» տերմինը:

Սակայն հաշվի առնելով, որ վերոհիշյալ պատմական շրջանը նշված չէ հենց Թուրքմենչայի պայմանագրի տեքստում, «Արևելյան Հայաստան» արտահայտությունը հանվել է 9-րդ դասարանի «Ռուսաստանի պատմություն. XIX - XX դարերի սկիզբ» դասագրքից:

Ինչ վերաբերում է 9-րդ դասարանի «Ռուսաստանի պատմություն 9. մաս 1» դասագրքին, դրանում «Արևելյան Հայաստան» հասկացությունը տրված է զուտ աշխարհագրական համատեքստում: Դասագրքի վերատպության ընթացքում համապատասխան ճշգրտումներ կկատարվեն՝ բացառելու հասկացությունները, որոնք միանշանակ չեն մեկնաբանվում. հավաստիացրել է վարչությունը: