Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի շուրջ զարգացումներն իրադրությունը սրեցին ընդհանրապես Մերձավոր Արևելքում և հանգեցրին մի քանի կարևոր երևույթի. առաջին՝ ՌԴ-ն առաջին անգամ հայտարարեց, որ Իրանն իր դաշնակիցն է, այսինքն՝ ոչ միայն գործընկերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Սա հայտարարվեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի մակարդակով, այնուհետ վերահաստատվեց Պուտինի կողմից: Երկրորդ՝ կարևոր հանգամանքն այն է, որ Չինաստանը նույնպես հայտարարեց Իրանին իր աջակցության մասին: Այնպես որ՝ եթե ԱՄՆ-ն Իրանի հետ իրադարձություններում փորձի գնալ սրացման, գործ կունենա նաև ՌԴ-ի և Չինաստանի հետ: Իհարկե, եթե գործը հասնի ռազմական գործողություններին, համոզված եմ, որ ո'չ Ռուսաստանը, ո'չ էլ Չինաստանը դրանց չեն խառնվի, սակայն մեծ աջակցություն ցույց կտան, այդ թվում՝ զենքի և զինամթերքի: Այնպես որ՝ գերտերությունների այս հայտարարությունները պետք է թերևս ազդեցություն ունենան ամերիկյան հաշվարկների վրա»,- ընդգծեց նա:
Yerkir.am-ի հարցին՝ ի՞նչ դերակատարում ունի այսօր Իսրայելը մերձավորարևելյան, և, առհասարակ, աշխարհաքաղաքական այսօրվա զարգացումներում՝ հաշվի առնելով Իսրայել-Իրան, և հատկապես՝ Իսրայել-Ռուսաստան ներկայիս հարաբերությունները, արևելագետ-թուրքագետն առանձնացրեց Իսրայել-Ռուսաստան հարաբերությունները: «Ակնհայտ է, որ Ռուսաստանը ձգտում է Իսրայելի հետ համագործակցության որոշակի եզրեր ունենալ, և Ռուսաստանի գործողությունները Սիրիայում երբևէ այնպիսին չեն եղել, որ նրանց վնաս հասցնեն: Շատերը Խորհրդային միությունը և ներկայիս Ռուսաստանը նույնացնում են, մինչդեռ Խորհրդային միությունը հակաիսրայելական էր, իսկ ժամանակակից Ռուսաստանը փորձում է Իսրայելի հետ գտնել համագործակցության եզրեր: Վերևում նշեցի Պատրուշևի հայտարարության մասին, թե Իրանը ՌԴ-ի դաշնակիցն է, դա հնչեց, երբ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Պատրուշև-Բոլթոն-Նեթանյահու»,- նշեց Սաֆրաստյանը:
Նա համաձայնեց մեր դիտարկմանը, որ Իրանին դաշնակից հռչակելը ՌԴ-ի կողմից համաձայնեցված քայլ էր, այդ թվում՝ Իսրայելի հետ:
«Շատ կարևոր է, որ Ռուսաստանը և Իսրայելը համագործակցում են, քանի որ, այս առումով, Թուրքիայի դիրքն է թուլանում: Իսրայելը չի ցանկանում, որ Թուրքիան ուժեղանա, որ գազի պաշարները Միջերկրական ծովում Թուրքիան դարձնի իրենը: Եվ Իսրայելն այս վեճում պաշտպանում է Կիպրոսին և Հունաստանին: Սա հետաքրքիր երևույթ է, ինչը որոշ չափով կարող է անդրադառնալ Իրանի վրա, բայց կրկնում եմ՝ Պատրուշևի հայտարարությունը պատահական չէր, որ հնչեց եռակողմ` վերը նշված հանդիպումից հետո: Եվ այն, որ Ռուսաստանը, ունենալով լավ հարաբերություններ Իսրայելի հետ, դաշնակից է հայտարարում Իրանին, սրա մեջ Թուրքիան կարող է տուժել»,-շեշտեց Սաֆրաստյանը:
Yerkir.am-ի հարցին ի պատասխան՝ ինչո՞վ է պայմանավորում Իսրայելի հետաքրքրությունը՝ ՀՀ-ի հետ լավ հարաբերություններ ունենալու, և ինչո՞վ է դա մեզ համար շահեկան կամ ռիսկային, թուրքագետը նախ հիշեց մի դեպք, երբ տարիներ առաջ իրեն զանգահարել են և ասել, որ իր հետ ուզում է հանդիպել ՀՀ -ում Իսրայելի դեսպանը (նստավայրը՝ Երուսաղեմ): Հանդիպման ժամանակ դեսպանը սեղանին է դրել Սաֆրաստյանի հարցազրույցներից մեկը, որում ասվում էր, որ ԱՄՆ-ում իսրայելական լոբբին խանգարում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Դեսպանն ասաց՝ գիտե՞ք, դա չի արտահայտում մեր տեսակետը, քանի որ Իսրայելում լավ գիտենք ցեղասպանության մասին, թե ինչ է եղել, բայց քաղաքական պատճառներով չենք ճանաչում: Այսինքն՝ հետևում են մամուլին, իրադարձություններին, և նրանց համար Հայաստանը որոշակի նշանակություն ունի: Եվ եթե ՀՀ-ի և Իսրայելի հարաբերություններն ավելի խորանան, դրանից մենք վնաս չենք ունենա: Իհարկե, պետք է զգույշ լինենք, որ չփչացնենք Իրանի և արաբական աշխարհի հետ մեր հարաբերությունները: Բայց նաև պետք է կարողանանք ապահովել բազմավեկտորություն, հատկապես` երբ Երուսաղեմում խնդիրներ ունենք՝ կապված մեր գույքի, հայկական եկեղեցու վերահսկողության տակ գտնվող տարածքի հետ: Իսկ նրանք անընդհատ ճնշում են: Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից հետաքրքրության ակտիվացմանը, ես չեմ զարմանում, քանի որ վատ են հարաբերությունները Թուրքիայի հետ: Մյուս կողմից՝ ամեն ինչ այն չէ, ինչ երևում է. համոզված եմ, որ Մերձավոր Արևելքում Իսրայելը և Թուրքիան համագործակցում են հետախուզական մակարդակում, փոխանցում գաղտնի ինֆորմացիա»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: