Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեփեբաշըի դրամատիկական թատրոնի առաջին բալետային ներկայացումներին չմասնակցած Կարպիս Բալթաօղլուն այդ ժամանակ կար ու ձև էր անում։ Երկու հմտություններն էլ նրա առջև նոր աշխարհների դռներն են բացում, միջոց են դառնում մտերմանալու առանձնահատուկ մարդկանց հետ։
Բերքեն Դյոներ
Ասեղնագործություններ, սեղանի ճերմակ սփռոցներ, մարգարտահյուս հայելիներ, ձևավոր պատի թիթեղներ, էմալապատ ժամացույց, բյուրեղյա շաքարաման, արծաթյա փոքրիկ պատառաքաղներ, եղրևանու բույրով օծանելիք․․․ Դղյակում կամ պալատում չենք։ Հակառակը, գտնվում եք մի համեստ թաղամասի ցածրահարկ շենքի բնակարաններից մեկում։ Սենյակը ողողված է ապրիլյան արևի շողերով։ Այնպես ներդաշնակ են գունային անցումները․․․ Սրահում դրված ռադիոն Հարբիյեի փայտե տնից է մնացել․ ինչպես միշտ, «թուրքական ոճին հարմարեցված», հեռու-հեռվից արձագանքող, դեղին ժապավենով զարդարված ռադիոն․․․ Մի կարճ ակնթարթ թվում էր, թե աշխարհն այդ դեկորից էր բաղկացած։ Թարմ աղացած սուրճ ու լոխում էի վերցրել։ Տանտերն ինձ հաճոյախոսեց․ «Ինչ բարի եք, տիկին, նեղություն եք կրել․․․ Ճիշտ է, ձեռքը դատարկ ոչ մեկի մոտ չպետք է գնալ։ Մայրս էլ էր միշտ մեզ այդպես ասում։ Տարիներ անցան, մոռացել ենք նման բաները»։ Կարպիս Բալթաօղլուի տանն ենք։ Այն Կարպիսի, որը Թեփեբաշըի դրամատիկական թատրոնում առաջին անգամ բեմականացված բալետը ներկայացրածներից էր, «ԳԱՐԲՈ» գիշերազգեստների մոդելավորողը, Հույսուզ Վիրժինից մինչև Զեքի Մյուրեն՝ բազմաթիվ հայտնի անունների մտերիմ ընկերը։ Այսքան ձայների, գույների, ներդաշնակության և բույրերի մեջ․․․ թող բացվի վարագույրը․ Կարպիս Բալթաօղլուն է բեմին։
Հանդիպում․ ադափազարցի տիկին Ազնիվը և մալաթիացի պարոն Դավիթը
Պարոն Կարպիսի մայրական կողմը արմատներով Ադափազարից է։ Նրա պապը՝ պարոն Թագավորը, Ադափազարըում մորթու առևտրով էր զբաղվում։ Նա իր սիրելի կնոջ՝ Սիրանույշի, աղջիկներ Ազնիվի և Ալիսի հետ երջանիկ ընտանիք ուներ։ Բայց այդ երջանկությունը երկար չտևեց։ 1915 թվականը ողբերգական եղավ նաև այս ընտանիքի համար։ Ընտանիքի մտերիմ բարեկամներից, հարևաններից բազմաթիվ տղամարդկանց կասկածելի ձևով ուղարկում էին անհայտ ուղղությամբ, և հնարավոր չէր լինում տեղեկություն ստանալ նրանցից։ Մոտալուտ աղետը կանխատեսած տիկին Սիրանուշը մի փայտե ճամպրուկ է վերցնում և երկու աղջիկների հետ գնում է Ստամբուլ՝ ծանոթների մոտ։ Մի կողմից պահում է անհետ կորած համարվող ամուսնու սուգը, մյուս կողմից երկու դուստրերի հետ գոյատևելու ուղիներ է որոնում։ Տեղեկանում է, որ մի սպայի տանը գիշերակացով սպասուհի են փնտրում։ Նա երկու երեխաներին վերցնում և դիմում է այդ գործի համար։ Սպան և նրա ընտանիքը տիկին Սիրանույշին շատ են օգնում և գրեթե վերաբերվում են, ինչպես տան անդամի։ Տիկին Սիրանույշն էլ այդ ընտանիքն էր իրենը համարում։ Նա իր սրտի խորքում է պահում այն, որ ինքը Ադափազարըում հարուստ առևտրականի կին էր և դառնում է այդ ընտանիքի օրինակելի սպասուհին։ Օրերից մի օր նա լուր է ստանում, թե ամերիկացի միսիոներները հայ որբերին հավաքում են կրթություն տալու նպատակով։ Իր գործատուների խոսքը լսում է․ «Եթե կրթության են տալու, քո մեծ աղջկան՝ Ազնիվին, ուղարկի՛ր։ Ալիսը թող մեզ մոտ մնա»։ Մեծ դստերը հանձնում է ամերիկացի միսիոներներին։ Սկզբում նրանք ասում են, թե երեխաները Ամերիկայում են կրթություն ստանալու, սակայն իրենց խոսքը չեն պահում։ Ազնիվին և մյուս երեխաներին տանում են Հունաստան։ Նրանք շարունակում էին դպրոց հաճախել և, քանի որ գիշերօթիկում էին սովորում, իրենց բոլոր գործերը հենց իրենք էին անում։ Ազնիվը դպրոցի փայտե աստիճանները մաքրելիս արված մի լուսանկար է մորն ուղարկում։ Աղջկա վտիտ մարմինը, հոգնած աչքերը տեսած տիկին Սիրանույշը վազում է տանտիրոջ մոտ։ Արցունքներն աչքերին՝ ասում է․ «Ես իմ աղջկան չեմ ուղարկել, որ ծառա դառնա։ Կրթություն ստանալու համար եմ ուղարկել։ Ես արդեն իսկ ծառա եմ, խնդրում եմ, այնպես արեք, որ նա վերադառնա»։ Տանտերը խոստանում է անել։ Ամիսներ են անցնում։ Սկսվել էին ամառային շոգերը։ Սպան և ընտանիքը տիկին Սիրանույշին վերցնում են և Քընալը կղզու ամառանոց տեղափոխվում։ Ինչպես միշտ, գործերն արագ ավարտած Սիրանույշը ձանձրանալով դուրս է գալիս այգի։ Անցորդներից մեկը գրավում է նրա ուշադրությունը։ Անցորդը քայլերն ուղղել էր իր կողմ։ Այդ անցորդը իր առաջին զավակն էր՝ Ազնիվը։ Մայր ու աղջիկ կարոտագին գրկախառնվում են։ Վեց տարի էր անցել։ Տիկին Սիրանույշ Գարիփօղլուն այլևս չի բաժանվում իր դուստրերից։ Մինչև կյանքի վերջ ապրում է նրանց հետ։ Չկար մի օր, որ նա չանցկացներ սպայի և նրա ընտանիքի համար աղոթելով։
Կարպիսի հայրը՝ Դավիթը, 1915 թ․ որբերից էր։ Մալաթիացի Դավթի ամբողջ ընտանիքն անհետացել է տեղահանության ճանապարհին, իսկ խանձարուրի մեջ եղած Դավթին հարևանները պահել են։ Մալաթիայի հարևան քուրդ ընտանիքներից մեկը Դավթին մեծացնում է՝ տարբերություն չդնելով իր որդիների և նրա միջև։ Այնպես, որ Դավիթը զինվորական ծառայության գնալուց առաջ է իմանում իր իրական ինքնության մասին։ Մինչ այդ օրը քրդերեն խոսած, քրդի պես ապրած երիտասարդ է լինում։ Այդ նոր իրավիճակում չգիտեր՝ ինչ աներ, ինչպես վարվեր։ Բացի այդ՝ սկսվում է զինվորական ծառայությունը։ Չորս տարի շարունակ ծառայում է, մեկ օր անգամ որևէ մեկը նրան տեսակցության չի գալիս։ Անհանգստանում է։ Վերադառնալիս «ընտանքից» ոչ մեկին չի գտնում։ Երկրորդ անգամ է ընտանիք կորցնում։ Ճարահատյալ և առանց մի կոպեկի՝ նա գնում է Ստամբուլ։ Այդտեղ նետվում է գործնական կյանք։ Հույն նպարավաճառներից սովորում է այդ գործը, որին այպես է նվիրվում, որ համառությամբ ու աշխատասիրությամբ դառնում է ժամանակաշրջանի ամենահայտնի հրուշակեղենի արտադրամասերից մեկի՝ «Հայլայֆի»-ի բաժնի շեֆ-խոհարար։ Նրա կյանքը հետզհետե կարգավորվում էր։ Նա մի ծանոթի միջոցով տեսնում է Ազնիվին և հավանում։ Ազնիվն էլ նրան է հավանում։ Կարճ ժամանակ անց նրանք ամուսնանում են։
Հարբիյե․ փայտե տները, բերքատու ծառերը
Ազնիվ և Դավիթ զույգը ապրում է Հարբիյեում՝ Չիմեն փողոցում գտնվող փայտե տանը։ Ազնիվի մայրը՝ տիկին Սիրանույշը և քույրը՝ Ալիսը, ևս տեղափոխվում են նրանց մոտ։ Որոշ ժամանակ անց Ալիսն էլ է ամուսնանում։ Ընտանիքի նոր փեսան ժամացույցներ վերանորոգող մասնագետ էր։ Խանութն էլ ընկած էր Հալասքարգազի պողոտայում (ներկայում՝ Հալասքարգազի պողոտայում գտնվող Միգրոսի տեղը)։ Ընտանեկան բյուջեում ներդրում ունենալ ցանկացող Ազնիվն ու Ալիսը կար ու ձև են սովորում Բեյօղլուի հայտնի դերձակ Քալիվրուսի մոտ։ Հարբիյե-Բեյօղլու թղամասերի միջև երկու քույր միասին սկսում են անել իրենց առաջին քայլերը։ Նրանց հաճախորդների մեծ մասը հույներ էին, որի շնորհիվ հունարեն էլ են հիանալի սովորում։
1946 թ․ նոյեմբերին միմյանց հոգեպես կապված ընտանիքում երեխա է ծնվում․ մեծ քույրը՝ Արշալույսը, նրանից մեկ տարի առաջ էր ծնվել։ Իրար հետևից ծնված երկու երեխաները տունը ուրախությամբ են լցնում։ Երջանիկ էին․․․Հարբիյեն այդ ժամանակ շրջապատված էր փայտե տներով, խնձորենիներով, սալորենիներով, նշենիներով, թթենիներով, նարնջի ծառերով։ Որպես «աչքի բաժին»՝ հարևանները մեկը մյուսին հոտավետ վարդեր էին նվիրում։ Շաբաթ օրերին Հարբիյեի բանակային տանը կատարվում էր դրոշ բարձրացնելու արարողություն։ Բոլոր հարևանները հավաքվում-գնում էին դա տեսնելու։ Հատկապես հայ համայնքի համար հատուկ օրերին Սուրբ Հակոբ հիվանդանոցի համար կազմակերպվող երեկոների ժամանակ Չիմեն փողոցում աշխուժություն էր տիրում։ Կարպիսն այդ օրերի մասին մեծ ոգևորությամբ է պատմում․ «Ջրաղացպան Դեյիրմենջյան ընտանիքի տիկնայք, գինու գործարանի ֆրանսիացի տիրոջ հետ ամուսնացած տիկինը և այլք․․․ Բոլորը մեր տուն էին գալիս՝ հագուստ փորձելու։
Այդ ժամանակ ոչ մեկ ավտոմեքենա չուներ։ Չտեսնված բան էր, որ կանայք մեքենա վարեն։ Իմ մայրիկի հաճախորդների մեքենաները տեսնելու համար բոլորը փողոց էին դուրս գալիս։ Չափսերը վերցնում էին, նրանք էլ էին հագուստ փորձում։ Մետաքսե, ատլասե կտորներն էին բացվում, վերնաշապիկներ էին կարվում, ֆիսթոյից պատրաստված օձիքներին գրոգենից ժապավեններ էին կցվում․․․ Տիկնայք այդ ժամանակ իրենց մարգարտյա վզնոցների, բարակ դաստակների վրա եղած ադամանդյա ժամացույցները ցուցադրելու համար հաճելի մրցակցության մեջ էին մտնում։ Փայլեր, մետաքս, լույսեր, ստվերներ․․․ Թուրքական սուրճ, դառը, թեյեր․․․ Այսպիսի մթնոլորտում եմ մեծացել։ Դա շատ է ազդել ինձ վրա»։
Այդ գլխապտույտ օրերին տիկին Ազնիվի ամենամեծ օգնականը դիմացի հարևան տիկին Իսմեթն էր։ Երբ նա կար ու ձև էր անում, տիկին Իսմեթը հարազատ հարևանի երեխաներին կերակրում էր, տունը կարգի բերում։ Տիկնայք՝ Իսմեթն ու Ազնիվը, տարիներ շարունակ մեկ օր անգամ մեկը մյուսի հասցեին թթու խոսք չեն ասել։ Տիկին Իսմեթի ամուսինը սպա էր։ Սեպտեմբերի 6/7-ի դեպքերի ժամանակ նա Հարբիյե թաղամասի պաշտպանների շարքերում էր․ «Այդ օրը հայրս վաղ տուն եկավ։ «Հայլայֆ» հրուշակեղենի տերը հասկանալով, որ ինչ-որ բան այն չէ, հույն աշխատակիցներին տուն էր ուղարկել։ Տեսել էր, որ հայրս խանութում միայնակ է մնացել, նրան էլ է տուն ուղարկել։ Մայրիկիս հետ գլուխ գլխի էին տվել, ցածրաձայն խոսում էին, որ երեխաները չլսեն։ Երեկոյան դեպքերի ընթացքը խիստ լրջացավ։ Չիմեն փողոցի մի անկյունում նպարեղենի երկու խանութ կար՝ հունական (տերը տիկին Քաթինան էր) և հրեական։ Երկու խանութն էլ թալանեցին։ Օղու բոլոր շշերը կոտրել էին։ Այդ անիսոնի հոտը մինչև իսկ տներով էր տարածվել։ Իմացանք, որ կողոպտվել է այն հրուշակեղենի խանութը, որտեղ հայրս էր աշխատում։ Քուրթուլուշի վերջին կանգառում գտնվող Սուրբ Դմիտրի եկեղեցին հրկիզվել էր։ Այդ ծուխը մեր տնից երևում էր։ Պատահականությունն այն է, որ մեկ շաբաթ առաջ «Թան» կինոթատրոնում մի ֆիլմ էինք դիտել՝ «Quo Vadis?» («Յո երթաս»-Ակունքի խմբ․) վերնագրով։ Այդ ֆիլմում հրդեհի տեսարան կա։ Մենք էլ մտածեցինք, որ Ներոնի՝ Հռոմը այրելու նման մի բան է, կարծեցինք՝ մեռնելու ենք։ Շատ վախեցանք։ Լավ է, որ տիկին Իսմեթի ամուսինը պաշտպանեց մեր թաղամասը։
Այդ վախի հետևանքով հիվանդացա դեղնախտով։ Առանց մայրիկիս ձեռքը բռնելու՝ չէի կարողանում քուն մտնել։ Երբ արթանանում էի և նրան կողքիս չէի տեսնում, շատ էի լաց լինում։ Տարիներ շարունակ այդ հոգեցնցումը չէի կարողանում հաղթահարել»։ Չնայած այդ ամենին՝ փորձում էին ամեն ինչ անել, որ երեխաները բան չիմանան։ Ապագայում թշնամանքի պատճառ չդառնալու համար այդ դեպքի մասին չէին խոսում։ Ընթրիքը դարձյալ խոհանոցում բոլորը միասին էին անում։ Յոթ հոգանոց տան միակ ռադիոն մորաքրոջ սենյակում էր։ Այդ սենյակից դեպի խոհանոց տանող մալուխի միջոցով այդ հարցն էլ է լուծվում․ «Փեսայիս այդ հիանալի գաղափարի շնորհիվ ռադիոն այս կողմից այն կողմ տեղափոխվելու գլխացավանքից ազատվեցինք։ Հենց ճաշի ժամանակ «Յասսըադայի ժամանակ»-ներն էին սկսվում։ Դատավոր Սալիմ Բաշօլի ձայնը, ափսե-պատառաքաղի չխկչխկոցները․․․ Երբ խոսում ենք ճաշելու մասին, չպետք է մոռանանք հետևյալը՝ ներկայում հարուստ խոհանոցում պատրաստվող ուտեստները այն ժամանակ աղքատներն էլ էին ուտում։ Օրինակ՝ ծովախեցգետին մեր տանը շատ էինք ուտում։ Յուղը, շաքարավազը, բրինձը, ալյուրը պարկերով էինք վերցնում։ Մեր միակ շքեղությունը Բեյօղլու դուրս գալն էր։ Երբ մայրս զգեստներին կոճակ նայելու համար Հաջոփուլո էր գնում, երեխաներին էլ էր իր հետ տանում։ Մեր «ուղեկից» մրցանակը «Ինջի» հրուշակեղենի խանութից գնված «պրոֆիտրոլ» քաղցրավենիքն էր։ Հայրս հրուշակագործ էր, սակայն նրա աշխատավայրից քաղցրավենիք չէինք գնում, քանի որ գումարը չէին վերցնում։ Մայրս և հայրս այդ վիճակից անհարմար էին զգում։ Այդ պատճառով «Հայլայֆ» հուշակեղենի խանութ շատ չէինք այցելում»։
Բալետը Թեփեբաշըի դրամատիկական թատրոնում
Կարպիս Բալթաօղլուն իր մայրիկի շնորհիվ կարուձև է սովորում։ Պարի մեծ տաղանդ ուներ։ Տան միակ արժեքավոր ռադիոն, առանց նրա կամքի, չէր միացվում։ Ռադիոյով ժամը 18․00-ից սկսած պարեղանակներ էին հեռարձակվում։
Հենց այդ ժամին գաղտագողի հարևանի տուն էր գնում։ Ռադիոն միացնել էր տալիս, երաժշտության ամբողջ ընթացքում պարում էր։ Երբ հաղորդումն ավարտվում էր, դարձյալ գաղտնի տուն էր վերադառնում։ Մի օր հարևանի տուն գնալիս մայրը բռնացնում է։ Տիկին Ազնիվն իր որդու ձիրքերի մասին գիտեր, չէր խառնվում։ Նա խորհրդակցում է Կոնսերվատորիայի երգեցողության բաժնում աշխատող՝ ընտանիքի մտերիմներից բաս բարիտոն Նուբար Քամչըյանի հետ է։ Քամչըյանները երգ-երաժշտությամբ էին զբաղվում։ Եղբայրն էլ Քադըքյոյի Սուրբ Թագավոր եկեղեցում երգչամբի ղեկավարն էր։ Տիկին Ազնիվը մտածում է, որ նրանք կօգնեն որդուն։ Լինում է այնպես, ինչպես նա է մտածում էր․ «Պարոն Նուբարի շնորհիվ անցա կոնսերվատորիայի քննությունները։ Ութ տարեկան էի։ Ես մի սովորություն ունեմ։ Երբ մի բան ասում են «Արա՛», չեմ անում, մայրս այդ պատճառով շատ անհանգիստ էր։ Միայնակ դուրս եկա ժյուրիի առջև։ Խեղճ մայրս անհանգիստ ինձ էր սպասում։ Նախ լսողությունս ստուգեցին։ Դաշնամուրի մոտ տիկին Լուսին էր։ Նա էլ պարեղանակ նվագեց։ Ինձ ասացին․ «Պարի՛ր»։ Սկզբում մի փոքր նեղվեցի, սակայն ստիպված արեցի այն, ինչ ասում էին։ Երաժշտությունն ավարտվեց, քննությունն էլ վերջացավ։ Մորս մոտ գնացի։ Անհանգիստ էր։ Պատմում էի թե ինչեր եղան, ու այդ պահին մի ձայն լսվեց․ «Կարպիսն այստե՞ղ է։ Կրկին պարելու է»։ Այդ ձայնը թատրոնի բաժնի ղեկավար պարոն Էրջյունմենթի ձայնն էր։ Վերջինս մոտեցավ մայրիկիս և ասաց․ «Անհանգստանալու ոչինչ չկա, նրան շատ ենք հավանել։ Ցանկանում ենք դարձյալ նայել»։ Քննությունն անցել էի։ Մայր ու որդի ուրախ-ուրախ տուն են վերադառնում։ Տանեցիներին չեն ասում, որ Կարպիսը պարելու է։ Հայրը՝ պարոն Դավիթը, կտրականապես դեմ էր դրան։ Չնայած գիտեր, որ որդին պարելու տաղանդ ունի, սակայն դա չէր համարում արվեստ կամ մասնագիտություն։ Կարպիսի կյանքում նոր էջ է բացվում։ Այդ տարիներին թաղամասից ընկերը՝ Զերին Արբաշն էլ էր Կոնսերվատորիա ընդունվել։ Զերինն ապրում էր Հարբիյե պողոտայի վրա, իսկ Կարպիսը՝ երկու փողոց այն կողմ։ Կոնսերվատորիա միասին էին գնում գալիս․ նախապատրաստական դասերի էին գնում ու այդպես անցան հաջորդ դասարան։
«Բալետի բաժին դեռևս չկար։ Հետագա տարիներին է բացվել։ Կոնսերվատորիայում նախ դաշնամուրի ու սոլֆեջիոյի դասերի հաճախեցինք։ Մեր տանը որտեղի՞ց դաշնամուր լիներ։ Մայրս խնդրում է իր մոտ կարուձև անելու եկած տիկնանց։ Շաբաթ օրերին մեկական ժամ նրանց մոտ էի պարապում։ Երբ բալետի էինք հաճախում, մայրիկիս հետ Բեյօղլու գնացինք և երկար զուգագուլպաներ գնեցինք։ Պարելու ընթացքում զուգագուլպաներս քանդվում էին։ Մայրս դրանք գաղտնի նորոգում էր, առավոտյան՝ դպրոց գնալուց առաջ, պատրաստում։ Դպրոց գնում էինք Զերինի հետ։ Ձեռք ձեռքի էինք տալիս, Թաքսիմից դեպի Յըլդըզ թաղամաս ավտոբուս էինք նստում, Բեշիքթաշում իջնում ու այնտեղից քայլում դեպի Կոնսերվատորիա։ Դպրոցից միասին էինք դուրս գալիս։ Դարձյալ ձեռք ձեռքի տված՝ վերադառնում էինք մեր թաղամաս, մեր տները գնում։ Դա կրկնվում էր ամեն առավոտ և երեկո։ Հետագայում դպրոցից դուրս գալուց հետո գնում էինք Բայլան։ Սկզբնական շրջանի ամոթխածությունս այլևս չկար։ Քաղաքային թատրոնի դերասանների՝ Էրոլ Գյունայդընի, Հալդուն Դորմենի և շատ այլ դեմքերի հետ ծանոթացա Բայլանում։ Մայրս Զերինին շատ էր վստահում։ Նրա պաշտպանության ներքո դպրոց գնալուս համար սիրտը հանգիստ էր։ Մեկ պայման ուներ․ «Նախքան հորդ գալը տանը եղի՛ր»։ Մեր դասերը շատ ծանրաբեռնված էին, դասախոսները՝ բավականին կարգապահ։ Անկարայից մեկ օրով եկող-գնացող դասախոսներ ունեինք․ Թրեոուիս Քեմփին և նրա կնոջը՝ Մոլլի Քեմփին չեմ կարող մոռանալ։ Նրանց փորձերը երկարում էին, գալիս էի տուն և հետ էի գնում։ Այդ ժամանակ հայրիկիս հանգստացնելու պարտականությունը մորս վրա էր․ «Կարպիսը քննություն ունի, ընկերոջ մոտ պարապում է, քիչ հետո կվերադառնա»։ Այսպես տարիներ անցան։ Թեփեբաշըի դրամատիկական թատրոնի առաջին բալետն իմն էր․․․ Աիդա, Կարմեն, Եվգենի Անեգին, Շեն Դուլ․․․ հայրս ոչ մեկից տեղյակ չէր։ Այդ գաղտնի վիճակը շարունակելը իհարկե դժվար էր, սակայն մի բան բաց էինք թողել։ Մի օր «Վաճառված հարսնացուն» էր բեմադրվում։ Ես էլ իհարկե խաղում էի։ Ռադիոյով էլ էին հեռարձակում։ Ռափ, ռափ, ռափ ոտնաձայներ․․․ Հայրս մայրիկիս ասաց․ «Տե՛ս, Կարպիսը պարում է»․ մայրս շատ էր զարմացել։
Իմացել է, սակայն ձայն չի հանել իմ սիրելի հայրիկը։ Դա իմանալուց կարճ ժամանակ անց զորակոչվեցի։ Զինվորական ծառայությունս ավարտելուց հետո մտածում էի, որ բոլորովին նոր կյանք էի սկսելու։ Ամեն գիշեր այդ մասին էի երազում, օրերը հաշվում։ Ծառայությունը ավարտվելու է, հետվերադարձի ժամանակ հայտնի բալետի պարող եմ դառնալու և ամենակարևորը՝ հայրս ինձ տեսնելու է բեմի վրա։ Առանց որևէ բանից վախենալու, ամբողջովին ազատ՝ պարելու եմ։ Կյանք է․․․ մի լուր ստացա։ Հայրս վթարի էր ենթարկվել, մահացել էր։ Դրանից հետո մի լուր ևս ստացա՝ «Թեփեբաշըի դրամատիկական թատրոնը այրվել է»։
Գործնական կյանքը՝ «Գեղամ» մանուֆակտուրան, Քադըքյոյի «Մուրադ» պատկերասրահը, «ԳԱՐԲՈ» ներքնազգեստի խանութը
Իրար հաջորդած այդ ցավալի լուրերից ցնցված Կարպիսը, ծառայությունից վերադառնալուն պես, գնում է Թեփեբաշըի դրամատիկական թատրոնը տեսնելու։ Օրեր շարունակ չի կարողանում մոռանալ թատրոնի հրկիզված ավերակ տեսքը։ Այդ օրը ինքնուրույն որոշում է կայացնում․ «Այս երկրում արվեստով հնարավոր չէ զբաղվել»։ Առանց պարից հեռանալու գործնական կյանք մտնելու ուղիների մասին է մտածում․ «Թեփեբաշը դրամատիկական թատրոնն իմ տանիքն է։ Կարծես իմ տունը, օջախը գլխիս էր փլվել։ Ես այնտեղ պարելու էի, հայրս պետք է գար ինձ բեմում տեսնելու․․․ Ամեն ինչ մի վայրկյանում խառնվեց իրար։ Երբ անօգնական վիճակում օրեր էի անցկացնում, փեսաս հարցնում է մայրիկիս, թե թատրոնում որքա՞ն գումար էի աշխատում։ 360 լիրա էի աշխատում։ Նրանք Քադըքյոյում կարի արտադրամաս ունեին՝ «Գեղամ մանիֆակտուրան»։ Հին քադըքյոյցիները հիշում են այդ վայրը։ Կողքին «Նեֆիս» կաթնամթերքի գործարանը և Քանարիա խանութն էին գտնվում։ Քադըքյոյի շուկայի ներսում այն շատ սիրված, լավ աշխատող խանութ էր։ «Թո՛ղ գա այստեղ, 1500 լիրա էլ աշխատավարձ կտանք»,- ասել էր նա։
Այդ գումարով գոնե մորս լավ կնայեի։ Ընդունեցի առաջարկը։ Ինչ-որ տոնից առաջ էր։ Իմ ղեկավարը պատրաստում էր խանութի ցուցափեղկը, ես էլ դրամարկղի մոտ էի։ Հեռախոսազանգից հետո նա ստիպված էր շտապ տուն գնալ։ Ցուցափեղկը դասավորելու գործը կիսատ էր մնացել։ Կոնսերավատորիայում մոդելավորում-հարդերձանք էինք անցել։ Քաշվելով մոտեցա ցուցափեղկին։ Իմ ճաշակով ձևավորեցի և հանձնեցի։ Հաջորդ օրը մեծ վաճառք եղավ։ Շատ գնորդներ եկան խանութ։ Դրանից հետո Քադըքյոյի խանութի տերերն ինձ խնդրում էին գնալ և ձևավորել իրենց ցուցափեղկերը։ Գործնական կյանքս լավ էր ընթանում։ Պարելու ցանկությունս ինձ շատ էր տանջում։ Մի օր իմացա, որ ընկերներս բալետի խումբ են կազմել՝ «Չաղդաշ բալետ»։ Ինձ էլ հրավիրեցին խումբ։ Շաբաթվա վերջին փորձեր էին անում։ Հարբիյեի քաղաքային թատրոնում էլ երկուշաբթի օրերը ներկայացումներ էին տալիս։ Անմիջապես համաձայնեցի։ Շաբաթվա ընթացքում աշխատում էի, իսկ շաբաթվա վերջերին՝ շարունակում պարել։ Կյաքս հետզհետե կարգավորվում էր։ Փեսայիս ընտանիքը գործն ընդլայնեց։ «Գալերի Մուրաթ» անունով խանութ բացեց։ Ղեկավարս տեսավ, որ կին հաճախորդների հետ լավ եմ, հասկանում եմ, թե ինչն է հաճելի նրանց, ինձ համար ներքնազգեստի արհեստանոց բացեց․ 6-7 հոգանոց էր։ Ես այնտեղ «GARBO» (անվան և ազգանվան առաջին տառերով կազմված անուն) ապրանքանիշով ինչպիսի՜ գիշերազգեստներ, տնային հագուստներ եմ գծագրել։ Առանց «ԳԱՐԲՈ» ապրանքանիշի գիշերանոցների աղջիկների օժիտը թերի էր համարվում»։
Մտերիմներ՝ Սեյֆի Դուրսունօղլու, Զեքի Մյուրեն
Երբ Կարպիսը չէր պարում, կարուձևով էր զբաղվում։ Այդ երկու հմտություններն էլ նոր աշխարհների դռներն էին բացում նրա առաջ, առանձնահատուկ մարդկանց հետ մտերմանալու միջոց դառնում։ Զեքի Մյուրենի հետ ծանոթանում է ներքնազգեստի դիզայներ եղած ժամանակ։ «Սանաթ Գյունեշի»-ի տնային հագուստն էր մոդելավորում, չէր մոռանում նարդոս դնել, որ լավ բույր գա։ Զեքի Մյուրենը նրա նուրբ գործը, լուրջ դերձակությունը, նրբանկատությունը շատ է հավանում։
Ամենաշատն էլ նրա ազնվությունն է հավանում։ Մի օր հարցնում է․ «Ձեզ ընդհանրապես գիշերային ակումբներում, խաղատներում չեմ տեսել։ Ինձ լսելու անգամ չեկաք»։ Պարոն Կարպիսը պատասխանում է․ « Գործս իմ սերն է, կյանքս։ Գործն ամեն բանից կարևոր է»։ Զեքի Մյուրենը բավարարվում է այդ պատասխանից։ Երկար տարիներ անխախտ մտերմության հիմքը այդպես է դրվում։ Մյուրենը ամենամոտ օգնականներին ընտրելիս պարտադիր խորհրդակցում էր պարոն Կարպիսի հետ, լսում էր նրա առաջարկները։ Սեյֆի Դուրսունօղլուն էլ նրա մտերիմ ընկերների ցանկում է։ Նրա հետ ծանոթացել է դեռ «Հույսուզ Վիրժին» լինելուց էլ առաջ, երբ նա Սոցիալական ապահովագրության կազմակերպությունում էր աշխատում․ «Պարոն Սեյֆին իմ 63 տարվա ընկերն է։ Ես կոնսերվատորիայի ուսանող էի, երբ նա Թեփեբաշըի դրամատիկական թատրոնի դիմաց Սոցիալական ապահովագրության կազմակերպությունում էր աշխատում։ Բեմական կյանքը հետագայում է սկսել։ Նա էլ կարուձևի մեծ ձիրք ուներ։ Բազմաթիվ հագուստներ նա է մոդելավորել։ Հագուստների վրա փայլեր, մանր-մունր բաներ էր սիրում ասեղնագործել։ Թուրքիայում այդ ժամանակ հազվադեպ էին նման բաները։ Ինձ խնդրում էր, որ Կոնսերվատորիայից բերեմ։ Ամեն ինչ անում էի, որ նրա համար գտնեմ այդ մանր զարդերը։ Մի օր Իզեթ Գյունայը նրան մի հագուստ է նվիրում։ Բավականին թանկարժեք հագուստ էր, իր մայիկից էր ժառանգություն մնացել։ Միասին այդ հագուստի վրա փոփոխություններ են անում։ Երկար տարիներ նա այդ զգեստը օգտագործում էր բեմի վրա»։ Սեյֆի Դուրսունօղլուի ամենամեծ հոբբին ասեղնագործությունն էր։ Այդ արհեստը նա սովորեցնում էր նաև շրջապատի մարդկանց․ «Ես տարիներ շարունակ ամեն կիրակի պարոն Սեյֆիի Չենգելքյոյի լանջերին գտնվող տուն էի գնում։ Շատ էր ուրախանում ինձ տեսնելիս։ Իմ ցուցադրություններից մեկի ժամանակ մանեկեն է եղել։ Նրա մոտ եմ գնալու նախորդ երեկոյից սկսած ասում էր․ «Առավոտյան կանուխ արի՛։ Միասին կնախաճաշենք»։ Ամեն մեկը մի հիշողություն է։ Նախաճաշից հետո նա ասեղնագործում էր, ես ձանձրանում էի։ Մի օր ինձ էլ սովորեցրեց։ Մեծ հաճույք ստացա։ Մինչ օրս անհամար ասեղնագործություններ եմ արել։ Իմ տան պատերն էր զարդարում։
Այնքան լավ սովորեցի, որ անգամ պարոն Սեյֆիից առաջ անցա։ Դա մեր միջև խաղցր մրցակցություն էր ստեղծել։ Պարոն Սեյֆին իսկապես «փնթփնթան» էր, բայց կես դարից ավել իմ ընկերն է եղել։ Ողորմի տալով եմ հիշում»։
Պարոն Կարպիսն այլևս չի պարում, չի կարում, սակայն շարունակում է ասեղնագործել։ Հոյակապ վարդեր է սկսել ասեղնագործել։ Ոգևորությամբ է պատմում այդ մասին։ Մի կարմիր բողբոջ է բացել, որը վերածելու է մեծ վարդի։ Ո՞վ գիտե․․․ Գուցե այդ վարդի բույրը աշխարհով մեկ կտարածվի։
https://www.gazeteduvar.com.tr/ilk-dans-son-nakis-garbis-baltaoglu-haber-1519276
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net