Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեհրանում անհանգստացած են Հայաստանի ինքնիշխանության ու անկախության պահպանման կապկացությամբ։
Հայաստանի անկախության օրը, որ նշվում է սեպտեմբերի 21-ին, այս տարի եւս մի առիթ էր խորհելու հայ ժողովրդի պատմության եւ նրա նկատմամբ մեր վերաբերմունքի շուրջ: Ճակատագրի կամոք Հայաստանը եւ հայությունը միշտ էլ գտնվել են եւ մինչեւ հիմա էլ գտնվում են ոչ միայն տարածաշրջանային քաղաքականության կիզակետում, այլեւ համաշխարհային օրակարգում: Ահա ինչու, ողջունելով եւ շնորհավորելով հայ բարեկամներին, գործընկերներին եւ դաշնակիցներին (նրանց թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը) այն տոնի առթիվ, քաղաքագետները ուշադրություն դարձրին մի ոչ այնքան կարեւոր թվացող փաստի: Տոնական տարեթվից երկու օր առաջ, բոլորից առաջ ընկնելով, Հայաստանի Հանրապետության ղեկավարությանն ուղղված շնորհավորական ուղերձով հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ պարոն Մասուդ Փեզեշքիյանը:
Արեւելքը, ինչպես հայտնի է, նուրբ բան է, եւ արեւելյան դիվանագիտության մեջ պատահականույթուններ չեն լինում: Վերլուծաբաններն անմիջապես այդ միանգամայն սովորական դիվանագիտական քաղաքավարության դրսեւորումը կապեցին Երեւանի վերջին հայտարարությունների հետ ՀԱՊԿ-ից Հայաստանի բավական հավանական դուրս գալու վերաբերյալ, քանի որ անդամությունը դրան «սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը»:
Պարադոքս է, բայց հենց ինքնիշխանության ու անվտանգության մտահոգությամբ են պայմանավորված, ամենայն հավանականությամբ, հարեւան բարեկամ պետության այդ հապճեպ շնորհավորական հեռագրերը Թեհրանից: Եթե Մոսկվայի համար ՀՀ-ի դուրս գալը ՀԱՊԿ-ից ցավոտ է, բայց ընդամենը մի կսմիթի ցավ, ապա Թեհրանի համար հյուսիսային հարեւանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցերը նույնքան կարեւոր են, որքան սեփական անվտանգության խնդիրները:
Բանն այն է, որ 40 կիլոմետրանոց նեղ շերտը հարավային Սյունիքի մարզի տարածքում կարեւորագույն ցամքային տրանսպորտային օղակ է Իրանի եւ ողջ Հարավային Կովկասի միջեւ, դրա միջոցով էլ՝ Ռուսաստանի հետ: Թեհրանում մեծ են մտավախությունները, որ ապագայում առարկայորեն հնարավոր է մի իրավիճակ, երբ այդ Սյունիքի (Մեղրիի կամ Զանգեզուրի) միջանցքը կխզվի, քանի որ Թուրքիայում միշտ էլ թուրքալեզու Ադրբեջանի հետ տարածքային ուղիղ կապ ստեղծելու հավակնություններ են եղել:
Այդ նպատակին հասնելու համար Խորհրդային Ռուսաստանի բարեկամ քեմալական Թուրքիան 1921 թ-ի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի ստորագրության բանակցություններում բավական կոշտ դիրք գրավեց: Քեմալ Աթաթուրքը պնդեց՝ Նախիջեւանը հատուկ կարգավիճակ ունենա խորհրդային Ադրբեջանի կազմում: Նախիջեւանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հետ տարածքային կապ ստեղծելու համար Անկարան նախաձեռնեց չափազանց անբարենպաստ տարածքային փոխանակում Իրանի հետ՝ ձեռք բերելով Թուրքիան Նախիջեւանի հետ կապող 12 կիլոմետրանոց տարածքային կապ։ Բայց ահա բուն Նախիջեւանի անկլավային վիճակը պահպանվեց։ Այն մեծ Ադրբեջանից բաժանվում է հայկական տարածքի մի մասով՝ Մեղրիի միջանցքով։ Քեմալի հավակնությունները տարածվեցին նաեւ Խորհրդային Հայաստանի այս միջանցքի վրա, որը մնաց Երեւանի իրավազորության ներքո։
1921 թ-ի պատմա-քաղաքական համատեքստում, երբ այդ հարցը հրատապ էր, Ստալինը ստիպված էր մանեւրել եւ զիջումների գնալ իր թուրք ընկեր Քեմալին, քանի որ մեծ հաշվով վերջինից էր կախված խորհրդային իշխանության ճակատագիրը ոչ միայն Անդրկովկասում, այլեւ Միջին Ասիայում: Ստալինի այդ մտահոգությամբ էր թելադրված, մասնավորապես, նրա նշանավոր հեռագիրը Օրջոնիկիձեին, որով որոշվում էր Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, այն է՝ ինքնավար մարզ Ադրբեջանի ԽՍՀ կազմում:
Ինչ վերաբերում է Մեղրիի միջանցքին, խորհրդային կողմը տատնվում էր, մանեւրում, ինչ-որ աղոտ ձեւակերպումներով հասկացնում էր թուրք դաշնակիցներին՝, որհարցը կարող է լուծվել, բայց մի փոքր ուշ։ Ավելի ուշ՝ 1922 թ-ին, սակայն, ստորագրվեց ԽՍՀՄ ստեղծման մասին միութենական պայմանագիր։ Խորհրդային իշխանությունն ուժեղացավ Անդրկովկասում ու Կենտրոնական Ասիայում, եւ Մոսկվան նախընտրեց մոռանալ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Անկարային տված իր խոստումներ։
Դա ամենից շատ ուրախացրեց հենց Թեհրանին: Այնտեղ հյուսիսային հարեւանի հետ բարեկամությունն ու անմիջական տարածքային կապը Մոսկվայի հետ այնքան թանկ էր համարվում, որ 1921 թ-ին գնացին Խորհրդային Ռուսստանի հետ պայմանագիր կնքելուն, որը թույլ էր տալիս խորհրդային զորքերի կամայական մուտքի հնարավորությունը Իրանի տարածք, եթե նրա ինքնիշխանությանը վտանգ սպառնար։ Պայմանագրի այդ դրույթը գործեց 1941 թ-ի աշնանը, երբ խորհրդային զորքերը գրավեցին Հյուսիսային Իրանը` բրիտանացի դաշնակիցների հետ ապահովելով հաղորդակցության կարեւոր գիծ, որով Խորհրդային Միություն լենդ-լիզով մատակարարումներ էին հասնում:
Բայց հիմա 1941 թ-ը չէ: Իրանն արդեն ինքն է ապահովում իր անվտանգությունը, եւ Թեհրանի համար բնավ էլ միեւնույն չէ, թե ինչպես կդասավորվի իր հյուսիսային սահմանակից պետության պատմական ճակատագիրը:
Դեռ 1711 թ-ին Պետրոս Մեծը Անդրկովկասի իրավիճակի եւ «իրանական սակարկությունների» մասին օպերատիվ դիվանագիտական զեկույցում զետեղեց «Հայերին պետք է շոյել» բանաձեւը: Դիվանագիտության պատմության մեջ շատ չեն այնպիսի դիրեկտիվները, որոնք այսպես անշեղորեն իրականացված լինեն ավելի քան երեք դար։ Միշտ, նույնիսկ հայրենական պատմության ամենադժվարին ժամանակներում Հայաստանի եւ հայերի անվտանգությունը անփոփոխ մնացել է առաջնահերթ Ռուսաստանի եւ ԽՍՀՄ արտաքին քաղաքականության մեջ, եւ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, անշուշտ, Հայաստանի անվտանգության կարեւոր տարր է։ Ահա թե ինչու է Թեհրանն այդքան անհանգստացած Երեւանի վերջին հայտարարություններով։
Պարադոքս է, բայց դրսի հայացքով տպավորություն է ստեղծվում, որ Իրանի ղեկավարությունն ավելի շատ է անհանգստացած Հայաստանի անվտանգության խնդիրներով, քան Երեւանի ղեկավարությունը: Ամենայն հավանականությամբ, իհարկե, այդպես չէ: Խնդիրը, ըստ երեւույթին, քաղաքական սիրախաղն է արեւմտյան տերությունների հետ, որոնք Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունների ճգնաժամի պայմաններում իսկապես պատրաստ են Հայաստանին որոշ չափով սիրաշահել, առաջին հերթին՝ տնտեսական առումով։ Միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը խոսում է նաեւ այն մասին, որ մտադրվելով դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ նախատեսում է էլ ավելի զարգացնել հարաբերություններն Արեւմուտքի հետ՝ ամենեւին չվնասելով Ռուսստանի հետ ավանդական կապերը։
Կրեմլը բավականին հանգիստ վերաբերվեց Երեւանի արտաքին քաղաքականության նոր հովերին։ Ի վերջո, Հայաստանի անվտանգությունն ավելի շատ է կախված է Ռուսաստանից, քան Ռուսաստանի անվտանգությունը՝ Հայաստանից։ Մտածելու տեղիք է տալիս սոսկ մի փաստ: Հետահայաց հայացքով անցած պատմությանը հայկական քաղաքականությունը միշտ նման է եղել կրկեսի ակրոբատի պարին՝ բարակ պարանի վրա, որը երբեմն իր ճարպկությամբ ֆանտաստիկ հրաշքներ է ցուցադրել։ Ընդ որում, նա միշտ կարող էր ապավինել ամրացված անվտանգության գոտուն (այսպես կոչված լոնժին), որը միշտ կարող էր փրկել նրան անկման դեպքում։ Որպես այդպիսի անվտանգության գոտի են ծառայում եւ Հավաքական անվտանգության պայմանագիրը, եւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան։
Արեւմտյան հանդիսատեսը կարող է զվարճանալ՝ տեսնելով լարախաղացի հուսահատ պարը անդունդի վրա՝ առանց անվտանգության ամրագոտու: Բայց այդ պարը Թեհրանում, անհանգստությունից բացի, ոչինչ չի առաջացնում։ Ի վերջո, եթե ինչ-որ բան պատահի, լարախաղացը ընկնելու է հենց իրենց վրա։
Վլադիմիր Պրյախին
Ռուսաստանյան դիվանագետերի ասոցիացիայի խորհրդի անդամ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր
Աղբյուրը՝ ng.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի