կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-26 15:11
Քաղաքական

Հայաստանի ռազմական ծախսերը 2020 թ. նվազել են, իսկ Ադրբեջանինը՝ ավելացել. SIPRI-ն նոր զեկույց է հրապարակել

Հայաստանի ռազմական ծախսերը 2020 թ. նվազել են, իսկ Ադրբեջանինը՝ ավելացել. SIPRI-ն նոր զեկույց է հրապարակել

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2020 թվականին համաշխարհային ռազմական ծախսերի վերաբերյալ նոր զեկույցը: Զեկույցի համաձայն՝ աշխարհում ռազմական ծախսերը կազմել են շուրջ 2 տրիլիոն դոլար՝ 2,6% -ով ավելի, քան նախորդ տարի:

«2020 թ.-ին համաշխարհային ռազմական ծախսերն աճել են 2.6%-ով, իսկ համաշխարհային համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 4.4% -ով՝ հիմնականում COVID-19 համաճարակի տնտեսական ազդեցության պատճառով»,- ասվում է SIPRI-ի զեկույցում:

Զեկույցում համեմատվում են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը: Այսպես՝ 2020 թվականին Ադրբեջանը 17%-ով ավելացրել է իր ռազմական ծախսերը, դա ամենամեծ ցուցանիշն է Արևելյան Եվրոպայում: Նշվում է, որ ռազմական ծախսերի աճը մեծապես կախված էր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանի ռազմական ծախսերը 2020 թվականին նվազել են 2.6%-ով: Ադրբեջանն իր ՀՆԱ-ի 5.4%-ը ծախսել է ռազմական ոլորտի վրա, իսկ Հայաստանը`4.9%:

Զեկույցի համաձայն՝ ամենամեծ ռազմական ծախսեր կատարող երկիրը ԱՄՆ-ն է: Անցյալ տարի այս ցուցանիշն աճել է 4,4%-ով՝ կազմելով 778 մլրդ դոլար:

Ըստ ինստիտուտի՝ Չինաստանը և Հնդկաստանը հայտնվել են երկրորդ և երրորդ տեղերում:

Ռուսաստանը 4-րդ տեղում է: Ռուսաստանի ռազմական ծախսերը 2020-ին կազմել են 61,7 մլրդ դոլար, ինչը 2,5%-ով ավելի է, քան 2019-ին: