Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայում գործող «Լեգատում» (Legatum) հիմնարկը հրապարակել է իր 2023 թվականի բարեկեցության համապարփակ ցուցակը 167 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Ցուցակն ընդգրկում է 12 առանձին ոլորտներ կամ «սյունակներ», որոնք կազմված են 67 ենթաբաժիններից։
Հիմնարկը բարեկեցությունը սահմանել է որպես մարդկանց ունեցած «զարգանալու հնարավորություն՝ իրացնելու իրենց եզակի ներուժը և դերակատարություն ունենալու իրենց համայնքների ու ազգերի ամրապնդման գործում»: Ի վերջո, բարեկեցությունը միայն մեր ունեցածի մասին չէ, այն նաև այն մասին է, թե ինչ ենք մենք դառնում: Բարեկեցության հիմքում ընկած է ներառական հասարակությունը՝ ամուր սոցիալական պայմանագրով, որը պաշտպանում է յուրաքանչյուր անհատի հիմնական ազատություններն ու անվտանգությունը»:
Ընդհանուր առմամբ, Հայաստանը բարեկեցության ցուցակում շատ ավելի բարձր է, քան Ադրբեջանը և Թուրքիան։ 2023 թվականին Հայաստանը 61-րդ տեղում է՝ փոքր-ինչ զիջելով 2022-ի 59-րդ հորիզոնականից, սակայն զգալիորեն բարձրացել է 2013-ի 76-րդ հորիզոնականից: Մինչդեռ Ադրբեջանը 2023-ին զբաղեցնում է 92-րդ տեղը, նույնը, ինչ 2012-ին, բայց փոքր ինչ բարձր 2013-ի 104-րդ տեղից: Թուրքիան 2023 թվականին նույնիսկ ավելի ցածր՝ 95-րդ տեղում է, նույնը ինչ 2012 թվականին՝ զգալիորեն զիջելով 2013 թվականի 68-րդ հորիզոնականից:
«Լեգատում» հիմնարկը Ադրբեջանին բնութագրել է որպես «տարածաշրջանի ամենաքիչ բարեկեցիկ երկիրը»՝ չնայած միլիարդավոր նավթադոլարներից նրա հսկայական եկամուտներին: Սա նշանակում է, որ երկրի հարստությունը չի հասնում բնակչությանը։
Ահա, թե ինչպես է «Լեգատում» հիմնարկը նկարագրել Թուրքիայի բարեկեցության տխուր ցուցանիշը։ ««Վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիայի կառավարումը զգալիորեն վատթարացել է՝ 60 տեղով իջնելով 128-րդ տեղը, իսկ քաղաքական հաշվետվողականությունը վատթարացել է աշխարհում ամենաարագ տեմպերով: 2017 թվականի սահմանադրական բարեփոխումներն ավելի շատ իշխանություն կենտրոնացրեցին գործադիրի ձեռքում՝ վերացնելով առանցքային ստուգումներն ու հակակշիռները: Անձնական ազատությունը նույնպես վատթարացել է աշխարհում երկրորդ ամենամեծ տեմպերով՝ կառավարության կողմից այլախոհության հետևողականորեն ճնշմամբ… Ներկայիս կառավարությունը Թուրքիայում իշխում է 2002 թվականից: Ինչպես նշում է Freedom House-ը, ի սկզբանե որոշ ազատականացնող բարեփոխումներ ընդունելուց հետո կառավարությունը 2016 թվականից սկսած լայնածավալ ճնշումներ է գործադրել քննադատների և հակառակորդների նկատմամբ: Օրինակ, Amnesty International-ը նշում է, որ հարյուրավոր մարդիկ, ներառյալ լրագրողներ, սոցիալական ցանցերի օգտատերեր և ցուցարարներ, ձերբակալվել են Թուրքիայում 2019 թվականին՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական հարձակման վերաբերյալ իրենց քննադատության պատճառով»:
Ահա Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի վարկանիշները «Լեգատում» հիմնարկի բարեկեցության ցուցակի 12 սյունակներից յուրաքանչյուրում.
1) «Անվտանգության և ապահովության սյունակը (պատերազմ և քաղաքացիական հակամարտություն, ահաբեկչություն, քաղաքական ահաբեկչություն և բռնություն, բռնության հանցագործություն և սեփականության նկատմամբ հանցագործություն) չափում է այն աստիճանը, որով պատերազմը, հակամարտությունը և հանցագործությունը ապակայունացրել են անհատների ապահովությունը, ինչպես անմիջապես, այնպես էլ ավելի երկարատև հետևանքների միջոցով». Հայաստան (75-րդ), Ադրբեջան (111-րդ) և Թուրքիա (147-րդ):
2) «Անձնական ազատության սյունակը (գործունեություն, հավաքների և միավորման ազատություն, խոսքի ազատություն և տեղեկատվության հասանելիություն, և իրավական խտրականության բացակայություն) չափում է առաջընթացը հիմնական իրավունքների և անհատական ազատությունների ուղղությամբ». Հայաստան (70-րդ), Ադրբեջան (144-րդ) և Թուրքիա (152-րդ):
3) «Կառավարման սյունակը (գործադիր իշխանության սահմանափակումներ, քաղաքական հաշվետվողականություն, օրենքի գերակայություն, կառավարության ազնվություն, կառավարության արդյունավետություն, կանոնակարգիչ դաշտի որակ և վստահություն հաստատությունների նկատմամբ) չափում է իշխանության նկատմամբ վերահսկողության և սահմանափակումների չափը, և արդյոք կառավարությունները գործում են արդյունավետ ու առանց կոռուպցիայի»․ Հայաստան (64-րդ), Ադրբեջան (113-րդ) և Թուրքիա (128-րդ):
4) «Սոցիալական կապիտալի սյունակը (անձնական և ընտանեկան հարաբերություններ, սոցիալական ցանցեր, միջանձնային վստահություն, սոցիալական հանդուրժողականություն և քաղաքացիական ու սոցիալական մասնակցություն) չափում է անձնական և սոցիալական հարաբերությունների ուժը, սոցիալական նորմերը, քաղաքացիական մասնակցությունը երկրում և սոցիալական հանդուրժողականությունը»․ Հայաստան (125-րդ), Ադրբեջան (132-րդ) և Թուրքիա (137-րդ):
5) «Ներդրումային միջավայրի սյունակը (սեփականության իրավունքներ, ներդրողների պաշտպանություն, պայմանագրերի կիրարկում, էկոհամակարգի ֆինանսավորում և միջազգային ներդրումների սահմանափակումներ) չափում է ներդրումների համարժեք պաշտպանվածության և մատչելիության աստիճանը». Հայաստան (75-րդ), Ադրբեջան (54-րդ) և Թուրքիան (68-րդ):
6) «Ձեռնարկությունների պայմանների սյունակը (ներքին շուկայի մրցունակություն, բիզնեսի ստեղծման միջավայր, կարգավորման բեռ, աշխատաշուկայի ճկունություն և գնային շեղումներ) չափում է այն աստիճանը, որով կանոնակարգերը հնարավորություն են տալիս բիզնես սկսել, մրցակցել և ընդլայնվել». Հայաստան (44-րդ) Ադրբեջանը (47-րդ), Թուրքիա (65-րդ):
7) «Ենթակառուցվածքների և շուկայի հասանելիության սյունակը (հաղորդակցություն, էներգետիկա, ջուր, տրանսպորտ, սահմանային կառավարում, բաց շուկայի մասշտաբներ, ներմուծման սակագնային խոչընդոտներ և շուկայական շեղումներ) չափում է ենթակառուցվածքի որակը, որը հնարավորություն է տալիս առևտուր իրականացնել և շեղումներ ապրանքների ու ծառայությունների շուկայում». Հայաստան (71-րդ), Ադրբեջան (72-րդ) և Թուրքիա (50-րդ):
8) «Տնտեսական որակի սյունակը (հարկաբյուջետային կայուն զարգացում, մակրոտնտեսական կայունություն, արտադրողականություն և մրցունակություն, դինամիզմ և աշխատուժի ներգրավվածություն) չափում է, թե որքանով է տնտեսությունը հագեցված՝ կայուն հարստության ստեղծման համար՝ աշխատուժի լիարժեք ներգրավմամբ». Հայաստան (83-րդ) Ադրբեջան (65-րդ), Թուրքիա (71-րդ):
9) «Կենսապայմանների սյունակը (նյութական միջոցներ, սնունդ, հիմնական ծառայություններ, ապաստան, կապ և պաշտպանություն վնասից) չափում է այն աստիճանը, որով պատշաճ կյանքի որակն ապահովված է բոլորի կողմից, ներառյալ նյութական միջոցները, կացարանը, հիմնական ծառայությունները և միացվածություն». Հայաստան (76-րդ), Ադրբեջան (65-րդ) և Թուրքիա (59-րդ):
10) «Առողջապահության սյունակը (վարքագծային ռիսկի գործոններ, կանխարգելիչ միջամտություններ, խնամքի համակարգեր, հոգեկան առողջություն, ֆիզիկական առողջություն և երկարակեցություն) չափում է այն աստիճանը, որով մարդիկ առողջ են և ունեն լավ առողջություն պահպանելու համար անհրաժեշտ ծառայություններ, ներառյալ առողջական արդյունքները, առողջապահական համակարգեր, հիվանդությունների և ռիսկի գործոններ և մահացության ցուցանիշներ». Հայաստան (68-րդ), Ադրբեջան (85-րդ) և Թուրքիա (63-րդ):
11) «Կրթության սյունակը (մեծահասակների հմտություններ, բարձրագույն կրթություն, միջնակարգ կրթություն, տարրական կրթություն և նախադպրոցական կրթություն) չափում է ընդգրկվածությունը, արդյունքները և որակը կրթության չորս փուլերում, ինչպես նաև չափահաս բնակչության հմտությունները». Հայաստան (59-րդ), Ադրբեջանը (79-րդ), Թուրքիա (74-րդ):
12) «Բնական միջավայրի սյունակը (պահպանության ջանքեր, օվկիանոսներ, քաղցրահամ ջուր, անտառ, երկիր և հող, օդի աղտոտվածության ազդեցություն և արտանետումներ) չափում է ֆիզիկական միջավայրի այն կողմերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց առօրյա կյանքում և փոփոխությունները, որոնք կարող են ազդել ապագա սերունդների բարեկեցության վրա». Հայաստան (99-րդ), Ադրբեջան (149-րդ) և Թուրքիա (86-րդ):
Բացի նրանից, որ Հայաստանն ավելի բարձր վարկանիշ ունի բարեկեցության ընդհանուր ցուցակում, քան Ադրբեջանն ու Թուրքիան, Հայաստանը գերազանցում է իր երկու հարևան երկրներին վեց անվանակարգերում։ Նա երկու երկրներից վատ է միայն երեք անվանակարգերում, բայց ավելի լավ է, քան Ադրբեջանը, և ավելի վատ, քան Թուրքիան՝ երեք այլ անվանակարգերում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի