կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 13:38
Քաղաքական

Պաշտպանական ոլորտի ծախսերը չեն ավելացել

Պաշտպանական ոլորտի ծախսերը չեն ավելացել

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում էր 2017թ. պետական բյուջեի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իր բազմաթիվ առաջարկները, որոնք հիմնականում կապված էին պաշտպանության ծախսերի ավելացման հետ, չեն ընդունվել:

«Պարո'ն Արամյան ջան, մեր առաջարկների վերաբերյալ գրել եք՝ կքննարկենք, կքննարկենք, կքննարկենք: Երևի գեղեցիկ չի եղել` գրեք, որ չեք ընդունում»,- դժգոհեց պատգամավորը՝ հարցնելով, ի վերջո, պաշտպանական ծախսերի մասով ավելացում կա՞, թե՞ ամեն ինչ նույնն է մնացել: Նա դժգոհեց, որ կառավարությունն իր հետ կապ չի պահել, և եթե նախկինում կապվում էին իր հետ, հարցեր ուղղում առաջարկությունների վերաբերյալ, ապա այս անգամ՝ զրո համագործակցություն:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ պաշտպանության ոլորտում ծախսերի ավելացում չկա, ամեն ինչ մնացել է նույնը: Միաժամանակ, նախարարը կարծիք հայտնեց, որ կասկածի տակ չի դնում պատգամավորի առաջարկը՝ ավելացնել այդ ոլորտի ծախսերը, քանի որ երկիրը կիսապատերազմական վիճակում է: Ասվել է, որ պաշտպանական ոլորտի համար նախատեսված է 23 միլիարդ դրամ, և ծախսերի ավելացումը պետք է լինի` ֆինանսական աղբյուրների համաձայն:

«Գերնպատակը տնտեսական աճն է, սա է համար առաջինը, որովհետև այն կստեղծի եկամուտ, որն էլ կարող ենք ուղղել պաշտպանական ծախսերի ավելացմանը: Բայց եթե առանց տնտեսական աճի ավելացնենք պաշտպանական ոլորտի ծախսերը, ապա տնտեսվարողներին կդնենք հարկային բեռի տակ»,- ասաց նախարարը:

 Էդմոն Մարուքյանն արձագանքեց, թե ինչո՞ւ կառավարությունը ռիսկ չի անում կրճատել փոխմարզպետերին, վաճառել ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնը, ԿԲ ուսումնական շենքը, այսինքն` իրական կրճատումների չի գնում: Ֆինանսների նախարարը համաձայն չէր նրա հետ` ասելով, որ հակառակը` կառավարությունը գնում է համարձակ ու ամբիցիոզ քայլերի` կրճատումների հետ կապված: Նրա խոսքով` կան համարձակ քայլեր, և տարվա վերջում նախարարությունը զեկույցով կներկայացնի թվային ցուցանիշներ, թե որքան գումար է խնայվել այդ կրճատումների արդյունքում: