Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ անհնարին է գտնել ու ամբողջացնել Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն անմեղ զոհերի անունները, ինչպես ՀՀ իշխանությունն է ասում։
«Առհասարակ հնարավոր չէ, քանի որ ցեղասպանությունից հետո 4-5-րդ սերունդն է հիմա ապրում, գտնել, թվաքանակ պարզել, ուղղակի անհնարին է։ Ժամանակին դա հնարավոր էր՝ Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո, ինչը, օրինակ, արել են Յոհաննես Լեփսիուսը կամ այլք։ Այդ ժամանակ որոշվել է, որ 1915 թվականին խոսքը վերաբերում էր 1 միլիոն 350 հազար նահատակների, իսկ 1916 թվականին ընդհանուր թիվը՝ Դեր Զորում, Ռաքայում և այլ վայրերում, անցել է 1,5 միլիոնից։
Օրինակ, մարդիկ ինչպես են պատկերացնում՝ պարզել Վանի վիլայեթի կամ Էրզրումի վիլայեթի հարյուրավոր գյուղերի բնակիչների անունները, երբ գյուղեր կան, որոնք իսպառ վերացել են, և որևէ մեկը ողջ չի մնացել, որպեսզի կարողանալ վիճակագրություն կազմել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը՝ խոսելով իշխանությունների հայտարարությունների մասին, թե պետք է անուն առ անուն ամբողջացնեն Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները։
Աշոտ Մելքոնյանի փոխանցմամբ՝ նույնիսկ դժվարացել են պարզել 1915 թվականի ապրիլի 24-25-ի ձերբակալված մտավորականների թվաքանակը։
«Հիշողություններով, մեկի, մյուսի պատմելով՝ շրջանառության մեջ էինք դրել 600 մտավորականի տվյալներ, որը դարձել էր դասակարգային ճշմարտություն։ Բայց թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն թիվ հրապարակեց՝ հղում տալով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը, որ այդ գիշեր ձերբակալվել է ոչ թե՝ 600, այլ՝ 2345 հայ մտավորական և ազգային գործիչ։ Ինչո՞ւ, ցույց տալու համար, որ այդքան մարդ նախապատրաստում էին հայերի ապստամբություն Օսմանյան կայսրության դեմ, դրա համար նրանք ճարահատյալ իբր դիմեցին ձերբակալության։ Ուրեմն՝ եթե հնարավոր չի եղել ճշտել մտավորականների թիվը հիշողություններով, թիվը կարող են ճշտել թուրքական արխիվների հիման վրա, ինչը, բնականաբար, մեզ մատչելի չէ։ Մարդիկ ինչպես են մտածում 1,5 միլիոն մարդու անուն գտնել ու տեղավորել ցուցակում՝ հականե-հանվանե։ Կարծում եմ՝ սա անհնարին բան է, գուցե թելադրված է նաև դրսից»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը։
Պատմաբանը չբացառեց, որ այս ճանապարհով փորձում են միս ու արյուն տալ այն պատմաբանների հանձնաժողովին, որը բազմիցս առաջարկվել է Թուրքիայի կողմից, ըստ որի՝ պետք է Հայոց ցեղասպանության հարցով զբաղվի պատմաբանների խումբը, ինչը Հայաստանը մշտապես մերժել է։
Ինչ վերաբերում է իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը՝ եթե հրեաները կարողացել են Հոլոքոստի զոհերի անուններն ամբողջացնել, ապա ինչո՞ւ Հայաստանը չի կարող, Աշոտ Մելքոնյանն ասաց՝ թող մարդիկ լավ իմանան, որ հրեաներն այդ գործընթացը սկսել են, սակայն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, քանի որ մարդիկ կան, որոնք անհետ կորել են, նրանց մասին տեղեկություններ չեն եղել։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ ՀՀ իշխանությունն այս քայլով ցանկանում է Հայոց պատմության էջերից իսպառ ջնջել Հայոց ցեղասպանության վերաբերյալ էջը, Աշոտ Մելքոնյանը պատասխանեց.
«Եթե մենք ազգ ենք ու մեր ազգային ողբերգությունը պետք է մոռացության տանք, ուրեմն՝ սա մի նոր ողբերգություն է նշանակում, որը, կարծում եմ՝ հայ ժողովուրդը թույլ չի տա։ Սա ամենազգայուն խնդիրն է, թող մարդիկ չհամարձակվեն մեր ազգային ողբերգության վրա ևս ձեռք բարձրացնել, սա անհնարին բան է։ Կա սփյուռք, կա հայ բնակչություն, որը հստակ գիտի, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, առհասարակ Առաջին աշխարհամարտի տարիներին և սկսած դեռևս 1890-ական թվականներից, երբ 30 տարի ցեղասպան քաղաքականության արդյունքում հայ ժողովուրդը զրկվել է իր պատմական հայրենիքից։ Այսինքն՝ նա ոչ միայն ֆիզիկապես բնաջնջվել է, այլև զրկվել է սեփական հայրենիքից, այս իմաստով մեր ողբերգությունը շատ ավելի խորն ու զգայուն է»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։
Աղբյուրը՝ 168.am