Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակադեմիայում շունչը պահած սպասում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քայլին․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը կազմաքանդում է ակադեմիան, Ազգային ժողովն արդեն ընդունել է, ուղարկել ՀՀ նախագահին, որ ստորագրի, ակադեմիայում հույս ունեն, որ չի ստորագրի և կուղարկի Սահմանադրական դատարան։
«Մենք, իհարկե, դիմեցինք ՀՀ նախագահին՝ ցույց տալով, որ կան օրենսդրական որոշակի խնդիրներ և սպասում ենք արձագանքի։ Եթե ճանապարհը տանի նրան, որ վերանայվեն որոշ կետեր, մենք մաքսիմալ կմասնակցենք նոր կետերի մշակմանը»,- Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը։
Անթույլատրելի է խոսել գիտության մասին անգրագետ մարդկանց՝ նրանք ֆիկտիվ անձնավորություններ են ուղղակի, նրանց չեն հիշի, մեկ է, բայց գիտությունը ինքնին Հայաստանում, այսպես թե այնպես, կզարգանա, ասաց նա, խոսելով ակադեմիական շենքերը վաճառելու մտադրության և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունման մասին։
Յուրի Հայկովիչի համոզմամբ՝ անհնար է մտնել Գիտությունների ազգային ակադեմիայի գլխավոր մասնաշենք, տեսնել աջից՝ Մովսես Խորենացու խոսքը հայ ժողովրդի մասին, ձախից՝ այբուբենը, հետո նայել՝ ովքեր են հիմնադրել ակադեմիան, ու խոսել այդ շենքը վաճառելու կամ դրա փոխարեն հյուրանոց սարքելու մասին։
«Հասարակությունը, պետությունը և գիտությունը պետք է իրար ճիշտ հասկանան․ հնարավոր չէ այդպիսի առաջարկ անել՝ մտնելով այս շենք։ Ես ունեմ համոզմունք, որ շատ մարդիկ, որոնք գալիս են այս շենք, այդ ձևի չեն մտածում։ Հույս ունեմ, որ ուշադիր կլինեն, որովհետև Սահմանադրության մեջ է գրված, որ գիտությունը պետության մշտական ուշադրության տակ պետք է լինի»,-ասաց ԳԱԱ փոխնախագահը։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով՝ ակադեմիայի գործառույթը փորձագիտական գործունեություն իրականացնելն է՝ պետք է քաղաքականություն մշակող կազմակերպություններին կամ նախարարություններին ակադեմիկոսները տան ինչ-որ խորհուրդներ։ Այնինչ, ակադեմիկոսի համոզմամբ, ճիշտ կլիներ, որ ակադեմիայի հիմնական գործառույթը լիներ հիմնարար և կիրառական գիտության ուղղությունների զարգացումը, հետո նոր խորհրդատվությունը։
Այս և այլ բազմաթիվ դիտողություններ ակադեմիկոսներն արել են 2019 թ-ից սկսած՝ օրենքի դեռևս նախագծին ծանոթանալով․ քիչ բան է փոխվել։
Ամենաակնառու խնդիրն այն է, որ ԱԺ հաստատած օրենքում ԳԱԱ կազմում գիտահետազոտական ինստիտուտներ չեն ներգրավված։ Սա առաջացրել է դժգոհություններ ԳԱԱ ներսում և մեր հասարակության մեջ ընդհանրապես։
Հասկանալի է, որ անգամ փորձագիտական գործառույթը, ինչը նշված է օրենքում, ակադեմիան չի կարող իրականացնել առանց գիտական ինստիտուտների։
«Դա դժվար գործ է, դա հասարակ գործ չէ, և որպեսզի դու կարողանաս դա անել, դու ինքդ էլ պետք է դրանով զբաղվես»,-ասաց Յուրի Հայկովիչը։
Գիտահետազոտական ինստիտուտները առանձին-առանձին ժողովներ են արել, քվեարկություն կազմակերպել, և հայտնել դիրքորոշում, որ կցանկանային իրենց աշխատանքը շարունակել ԳԱԱ կազմում։ ԱԺ արդեն ընդունած, բայց դեռ ուժի մեջ չմտած օրենքը գիտահետազոտական ինստիտուտներին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ ում հետ են ուզում կազմակերպել իրենց աշխատանքը․ եթե այս պահին բոլորը ցանկություն ունեն ԳԱԱ հետ կազմակերպել, ապա վաղը, չի բացառվում, որ որոշ ինստիտուտներ, ասենք, ցանկանան, ԵՊՀ հետ աշխատել, կամ լրիվ առանձին և այլն։ Այդ դեպքում, ակադեմիկոսի համոզմամբ, գիտության միասնական զարգացումը կտուժի։
«Եթե մասնատված լինեն՝ գիտության միասնական զարգացումը դժվար կլինի՝ հաշվի առնելով, որ ակադեմիան բազմադիսցիպլինար ուղղությունների գիտնականների միավորում է, դա մեկ, որովհետև հիմա գիտության ուղղությունները, նոր ճեղքումները, նոր ճանապարհները բացվում են գիտությունների սահմանների վրա, այդ իմաստով ունեինք ծրագիր՝ միջդիսցիպլինար հետազոտությունների։ Մյուս դժվարությունը․ չէ՞ որ այս տարիներին ԳԱԱ կերպար է ձևավորվել, արտաքինից որ նայում ես՝ գիտութունը երևում է, մեր ԳԱԱ 75-ամյակը դա ցույց տվեց։ Սա հնարավորություն է տալիս միջազգային համագործակցությունը իրականացնելու համար․ մի բան է, որ առանձին ինստիտուտ է փորձում դա անել, մեկ այլ բան, որ՝ համակարգ է։ Դա պիտի ստեղծես, իսկ սա ստեղծել են հայտնի գիտնականներ պատերազմական դժվար տարիներին»,-ասաց Յուրի Շուքուրյանը։
Իբրև օրինակ բերեց այն, որ այսօր էլ արտասահմանից, ասենք, կլիմայի մասին տվյալներ ենք ստանում, ինֆորմատիկները դա տեղադրում են, ապա կապվում են էկոլոգների հետ։
Մինչդեռ ԱԺ ընդունած օրենքով ակադեմիային մեկ պարագրաֆ է նվիրված ընդամենը՝ 6-7 կետով, նշված ոչ մի բան հաշվի չի առնված։
«Վերջապես, այս գիտնականները պետք է մի տեղ միավորվե՞ն, որ շարժ տան գիտությանը»,-ասաց Յուրի Հայկովիչը։
Փաշինյանի հրաժարականը պահանջելու՝ իր դիրքորոշումը, ակադեմիան հայտնել է։
Ակադեմիայի հենց պատուհանների տակ այսօր էլ ընդդիմությունը հավաքներ է անցկացնում, վեր հանում Արցախի հարցը։
Յուրի Շուքուրյանը մի քանի տասնամյակ է՝ ակադեմիայում է․ ընդդիմության միտինգները թեթև հիշեցնում են 1988-ի շարժումը։
Այն տարիներին բոլոր գիտնականները՝ անկախ նրանից՝ ֆիզիկոս են, թե լեզվաբան, ակտիվ մասնակցում էին շարժմանը, գիտահետազոտական ինստիտուտներում նկարներ էին տպում, թղթեր, ժողովներ անում․ Մերգելյանը, Ալեքսանդրյանը, Համաբարձումյանը անգամ Մոսկվայից ելույթներ էին ունեում Ղարաբաղի հարցով։
Հիմա այդպես չէ, ասում է ակադեմիկոս Շուքուրյանը․ հարցին՝ ի՞նչն է փոխվել, պատասխանում է՝ կյանքն է փոխվել, տարբեր բաների գներն են փոխվել։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․