Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ-ում հայագիտական առարկաները պետք է լինեն գերակա՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ, ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ ԵՊՀ խորհրդի նիստում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկման ժամանակ։
Քննարկմանը կրքերը թեժ էին․ երբ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ իր կարծիքն է արտահայտում որպես հանձնաժողովի անդամ, ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանը ռեպլիկ արձակեց՝ որպես խորհրդի անդամ արտահայտեք, պետք չէ որպես հանձնաժողովի անդամ։
Մելքոնյանը պարզաբանեց, որ շեշտում է հանձնաժողովի անդամ լինելը, որովհետև գիտխորհուրդը իրենց մանդատ է տվել, որ քննարկեն այս օրենքի նախագիծը։
Նա տղեկացրեց, որ հանձնաժողովի 3 անդամները դեմ են քվեարկել իր 2 առաջարկներին, այս պատճառով էլ գիտխորհրդին է ներկայացնում։
Առաջարկներից առաջինը վերաբերում է դեկանի և ինստիտուտի ղեկավարի ընտրությանը։
«Կա նման կետ և առաջարկ, որ ձևավորվեն ինստիտուտներ՝ գիտակրթական որոշակի ստորաբաժանումներ, համալսարանի մեջ և դրանց ղեկավարներն, ըստ էության, ունենալու են նույն դեկանի ֆունկցիաները կամ միգուցե և ավելի։ Պրն Գևորգյանն, օրինակ, առաջարկում էր 19 ֆակուլտետի փոխարեն սարքել 7 ինստիտուտ։ Նախագծում նշված է, որ դեկանը ընտրովի է, իսկ ինստիտուտի տնօրենը՝ նշանակովի։ Հիմա առաջարկը հետևյալն է․ քանի որ նախագծի 37-րդ հոդվածի 6-րդ մասում դեկանի և կառուցվածքային միավորի ղեկավարի պաշտոնները դիտարկվում են նույն հարթությունում, հետևաբար առաջարկում եմ նույն հոդվածի 10-րդ մասում ընտրովի պաշտոն սահմանել նաև կրթական պաշտոն իրականացնող այլ կառուցվածքային միավորի՝ ինստիտուտի տնօրենի պաշտոնը»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Այլապես, նրա համոզմամբ, սա նույնպես հակասում է բուհական ինքնավարությանը․ եթե կառավարությունը ունի մեծամասնություն, նա կարող է ընտրել ռեկտորին, ռեկտորն էլ կնշանակի ինստիտուտների ղեկավարներին, այսինքն՝ դեկաններին։ Կդառնա ուղղահայաց կառավարում։
Ռուբեն Մելքոնյանի երկրորդ առաջարկը վերաբերում ամենաքննարկվող հարցերից մեկի՝ հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդման հարցին էր վերաբերում։
«Առաջարկում եմ օրենքում ֆիքսել հետևյալը․ օրենքի նախագծի 4-րդ հոդվածում, որը վերաբերում է Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում պետական քաղաքականությունը, կառավարությունը սահմանում է, որ այս ոլորտի պետական քաղաքականության սկզբունքներից 6-րդը սևով սպիտակի վրա գրված է՝ հայագիտական հետազոտությունների գերակայությունը։ Այսինքն, կառավարությունն ինքը օրենքի նախագծով առաջարկում է հայագիտական հետազատություններին տալ գերակայություն»,-ասաց նա։
Նույն տրամաբանությամբ շարունակելով՝ նա առաջարկեց օրենքի նախագծում ընդգրկել հետևյալ ձևակերպումը․ «Հայագիտական առարկաների դասավանդմանը տալ գերակայություն, իսկ մնացածը՝ այդ առարկաների դասավանդման մեթոդների նորացում, մոտեցումների թարմացում, ծրագրերի արդիականացում և այլն, տեխնիկական խնդիրներ են և կարելի է լուծել»։
Մելքոնյանը պարզաբանեց․ հայագիտական առարկաներ ասելով՝ նկատի ունի ոչ միայն Հայոց լեզուն և Հայոց պատմությունը, այլև Հայ գրականությունը, հայ եկեղեցու պատմությունը, մշակույթը և այլն։
«Մենք ֆիքսում ենք, որ հայագիտական հետազոտությունները և հայագիտական առարկաների դասավանդումը ունեն համարժեք գերակայություն և մնացածը թողնում ենք բուհին․ թող բուհն ինքը որոշի, թե ինչպիսի դասավանդման ոճ է ընտրելու, ինչպես է արդիականացնելու, սա բուհական ինքնավարությանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Մենք պետք է փաստենք, որ հայագիտական առարկաները մեր նոր սերունդների ինքնությունը ձևավորող կարևոր առանցքային հիմնասյուներից են և մանավանդ ներկա պայմաններում սա ամենակարևոր կետերից է, որ Մայր բուհը պետք է իրականցնի և առաջարկի»,-ասաց նա։
Առաջարկներին ի պատասխան ռեկտոր Գևորգյանը դարձյալ ռեպլիկ հնչեցրեց․ «Խնդրում եմ ուշադիր վերաբերվեք Ռուբեն Մելքոնյանի առաջրկին, որովհետև եթե պրն․ Մելքոնյանի առաջարկն անցնի, այսուհետ բոլոր ֆակուլտետներում պետք է անցնեն հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու, հայ արվեստի պատմություն, հայ փիլիսոփայական մտքի պատմություն, հայ բնագիտության պատմություն»։
Ռուբեն Մելքոնյանը հակադարձեց, որ ինքը հղում կանի իրավագիտության դասականին և կասի, որ ռեկտորը խեղաթյուրում է իր մտքերը։
«Ես նման բան չեմ ասել, պրն․ Գևորգյան։ Եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք, ապա այսուհետ բոլոր ինստիտուտներում պետք է իրականացվեն հայագիտական հետազոտություններ, որովհետև կառավարությունը սա համարում է գերակայություն․ պետք է ուսումնասիրվի հայ քիմիայի զարգացումը, հայ ֆիզիկայի զարգացումը և այլն․․․ պետք չէ առաջնորդվել հայտնի կանխավարկածով։ «Գերակայություն» ասելով նկատի ունեմ, որ սա Հայաստանն է և հայագիտական առարկաները պետք է ունենան առանձնահատուկ՝ գերակա կարգավիճակ»,-ասաց նա։
Գեղամ Գևորգյանի հորդորներին՝ բացատրել այդ բառի իմաստը, Ռուբեն Մելքոնյանը արձագանքեց․ «Գիտխորդի անդամ դոկտոր-պրոֆեսորներին բացատրեմ՝ «գերակայություն» ի՞նչ է նշանակում, ես կամաչեմ ձեզնից»։
Գիտխորհրդի անդամներից ոմանք դահլիճից հայտարարեցին․ «Ոչինչ, ամաչիր»։
«Ես թողնում եմ, որ դուք ամաչեք»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․