Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանն ասաց՝ Վլադիմիր Կիրակոսյանն այն կենդանի հանրագիտարանն էր, որին կարելի էր ցանկացած բան հարցնել ու ստանալ բավարար պատասխան:
«Վլադիմիր Կիրակոսյանն իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ գրականագիտությանը և հատկապես Գրականության ինստիտուտին»,- անվանի գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանի մահվան տարելիցին և հիշատակի ոգեկոչմանը նվիրված հանրապետական գիտաժողովի ժամանակ իր հիշատակի խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ կազմակերպված երկօրյա գիտաժողովի թեմաներն ընդգրկում էին հայ գրականության բոլոր շրջանները, ինչպես նաև գրականագետի գիտական հետաքրքրությունները: Գիտաժողովին մասնակցում էին անվանի գիտնականի գիտական ընկերները, գործընկերները, աշակերտները, հարազատները, ընտանիքի անդամները: Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը փաստեց՝ Վլադիմիր Կիրակոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում միավորվում է արևմտահայ և արևելահայ բանաստեղծությունը:
Ակադեմիկոս Սուվարյանը ողջունեց գլոբալացման այս ժամանակաշրջանում նման միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը ու նշեց. «Մեր երջանկահիշատակ ընկերն իսկապես արժանի էր այսպիսի միջոցառման կազմակերպմանը, որովհետև նա շուրջ 65 տարի՝ 1963-ից մինչև իր կյանքի վերջին օրերն աշխատել է այստեղ և ստեղծել գրականագիտական լուրջ արժեքներ: Նրա աշխատությունները՝ նվիրված արևմտյան բանաստեղծությանը կամ հայկական ռեալիզմի հիմնախնդրներին, արժեքավոր են: Ինչպիսի եռանդով էր աշխատում Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրության վրա: Նրա ջանքերով լույս տեսան հատորներ, որոնք շատ արժեքավոր ու մնայուն գործեր են»:
Յուրի Սուվարյանն իր ընկերոջը անվանի գիտնականին բնութագրեց որպես համեստ, լռակյաց. «Չափազանց համեստ անձնավորություն էր, լռակյաց, շատ չխոսող, բայց իր գործը կատարող: Վլադիմիր Կիրակոսյանի համեստությունն իսկապես զարդարում էր նրան, քանի որ կեղծ համեստություն չէր, այլ նրա էությունն էր: Այդ կերպարում թաքնված էր մի շատ լավ մարդ, որը նվիրված էր իր մասնագիտությանը, գործին, հայ գրականագիտությանը: Նա այս ինստիտուտի դասական գրականագետների ամբողջ շարքի երևի թե վերջին էր, որ թողեց այս աշխարհը, բայց թողեց նաև մեծ ժառանգություն»:
«Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանն ասաց՝ իր և Վլադիմիր Կիրակոսյանի հարաբերությունները եղել են նախ՝ իր բնորոշմամբ՝ բարի հարևանի, հետո աշխատանքային: Նա հիշեց. «Երբ դեռ իր հետ չէինք աշխատում, դա բավականին երկար տևեց, մինչև Հովհաննես Թումանյան հանրագիտարանի գործը սկսելը: Եվ այդտեղից սկսվեց մեր աշխատանքայաին հարաբերությունը հարգարժան, լուսահոգի Վլադիմիր Կիրակոսյանի հետ: Թումանյանի տարեգրությունը շատ օգնեց, որ հանրագիտարանը պատշաճ մակարդակով պատրաստենք: Վլադիմիր Կիրակոսյանն այն կենդանի հանրագիտարանն էր, որին կարելի էր ցանկացած բան հարցնել ու ստանալ բավարար պատասխան: Նա ինստիտուտի ամենաներկա աշխատակիցն էր, երբ պետք էր լինում, խնդրում էինք, բարձրանում էր մեկ հարկ վերև, երբեք չէր ասում՝ չեմ կարող, ես ծեր եմ, հիվանդ ե և այլն: Կարծում եմ՝ նրա բնավորության մեջ էր նստած պատրաստակամությունը: Իմ տեսած ամենապարկեշտ մարդկանցից մեկն էր»:
Հովհաննես Այվազյանը փաստեց՝ Թումանյանի հանրագիտարանի գործը բազմաճյուղ աշխատանք էր և վստահեցրեց՝ այդ գործից կարողացանք Վլադիմիր Կիրակոսյանի օգնութամբ գլուխ հանել:
Խոսելով Վլադիմիր Կիրակոսյանի կերպարի մեղմության և համեստության մասին՝ Հովհաննես Այվազյանը հիշեց՝ նրա ամենատիպիկ արտահայտություններից էր՝ ոնց կուզես ու պատմեց. «Կենսագրական մի հոդված էր պատրաստել, որի համար նկար էր պետք: Ասաց՝ նկար է՞լ պիտի դնենք, ասացի՝ բա, իհարկե: Մի ոչ հաջող նկար բերեց, ասացի՝ մի կարգին նկար բեր, ասաց՝ ուրիշը չկա: Հետո, երբ համացանցից մի ավելի որակով նկար գտա, ասացի սա դնե՞նք՝ ասաց՝ոնց կուզես: Մի անգամ ասացի՝ մեր գիտախմբագրական խորհրդի անդամ պիտի լինես, ասաց՝ ոնց կուզես»:
Յուրահատուկ ջերմությամբ ու հուզականությամբ իրենց ընկերոջը հիշեցին բ.գ.դ., պրոֆեսոր Հենրիկ Էդոյան, բ.գ.դ., պրոֆեսոր Ալբերտ Մուշեղյանը: Հենրիկ Էդոյանն ասաց՝ իր հիշողության ժապավենի վրա ամենացայտուն հետքեր թողած մարդկանցից մեկն է իր սիրելի ընկերը՝ Վլադիմիր Կիրակոսյանը. «Վոլոդյայի խոսքի վիբրացիան այնքան խորն էր գալիս, որ ապրում էիր դրանով: Վոլոդյան այդպիսի մարդ էր, նրա հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո ես հոգեկան ներքին երջանկություն էի ապրում: Համեստությունը դիմակ չէր նրա համար, այլ իրոք ներքուստ համեստ մարդ էր»:
Վլադիմիր Կիրակոսյանի՝ Թումանյանի հանդեպ ունեցած իր բնորոշմամբ ֆանտաստիկ սիրո մասին հիշելով՝ պրոֆեսոր Էդոյանը ծիծաղով հիշեց՝ ինչի մասին խոսում էինք, խոսքը բերում, ծռում էր Թումանյանի վրա: Այնուհետև մի դրվագ պատմեց. «Հատկապես սիրում էր Թմբկաբերդի առումը: Ինձ հարցնում էր՝ ո՞րն է ավելի լավ՝ Փարվանա՞ն, թե՞ Թմբակերդի առումը: Ասում էի՝ երկուսն էլ լավ են, բայց մեկ է, ասում էր, չէ, բայց Թմբկաբերդի առումը»: