կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-30 15:03
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շակալները իրենց սիրածներին են ուզում ընդունել․ Շենգավիթի մանկապարտեզի տնօրենին աջակցողները բողոքի ակցիա են արել

Իրենց բարեկամներին, սիրածներին են ուզում բերել, ընդունել այս նորմալ աշխատող մանկապարտեզի տնօրեն, դրա համար են ընկեր Ժաննային հանում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի նոր ընդունված սաներից մեկի ծնողը՝ Գևորգ Գևորգյանը, որը մանկապարտեզի բակ էր եկել բողոքի ակցիայի մասնակցելու և պահանջելու, որ վարչական շրջանի ղեկավարը վերականգնի տնօրենի պաշտոնում Ժաննա Մանուկյանին, որին ազատել է նախօրեին։

«Ամիսներ շարունակ քաղաքապետարան եմ մտնում, թաղապետարան եմ մտնում՝ դռներից փախնում են, որ ինձ չտեսնեն։ Շակալներ են։ Հիմա էլ ասում են՝ ձեր երեխային փողով է ընդունել․ եթե փողով լիներ՝ թաղապետն ասում էր՝ փողով տեղ կա, տարեք, երեխային էնտեղ կտանեի, այստեղ ոչ մի կոպեկ փող չեն վերցնում»,-վստահեցրեց Գևորգ Գևորգյանը։

Բանն այն է, որ Ժաննա Մանուկյանը, երբ եղել է առողջապահության նախարարի հրամանը, որ Քովիդի սահմանափակումները թուլացվում են, և մանկապարտեզներն իրավունք ունեն արտահերթության կարգով ընդունել երեխաներ, զանգել է հենց այն երեխաների ծնողներին, որոնք, Գևորգ Գևորգյանի նման, աշխատում են և երեխաներին մանկապարտեզ տանելու առաջնահերթ անհրաժեշտություն կա։ 11 այդպիսի երեխայի արտահերթ ընդունելու համար Ժաննա Մանուկյանին ազատել են մանկապարտեզի տնօրենի ԺՊ-ի պաշտոնից։

Մանկապարտեզի բակ եկած՝ այդ երեխաների ծնողներն ու մանկապարտեզի աշխատակիցները պահանջում են չեղարկել տնօրենին ազատելու որոշումը, քանի որ նա ոչ թե գումար է վերցրել և ապօրինի ընդունելություն կատարել, այլև ընդունել է հենց այն երեխաներին, որոնց մանկապարտեզ հաճախելը համարել է անհետաձգելի, քանի որ երկու ծնողն էլ աշխատելիս են եղել, և պարբերաբար դիմել ու խնդրել երեխային ընդունել։

«Ապօրինություն մանկապարտեզում տեղի չի ունեցել․ առողջապահության նախարարի հրամանով եմ ընդունել երեխաներին, որի համաձայն արտահերթ կարող են մանկապարտեզ ընդունվել այն երեխաները, ում ծնողների հեռավար աշխատանքը գործնականում հնարավոր չէ կատարել։ Այդ հրահանգից հետո ես զանգել եմ վարչական շրջանի կրթության բաժնի աշխատակից Հրանտ Դավթյանին՝ հասկանալու՝ արտահերթությունը ո՞նց է լինելու։ Ինձ պատասխանել է՝ հրամանով ընդունիր, մինչև հասկանանք ոնց է լինելու»,-վստահեցրեց Ժաննա Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ  ինքը ոչ թե կամայական, իրեն հարազատ մարդկանց է հրավիրել, այլ զանգել է այն ծնողներին, ովքեր մեկ տարի շարունակ դժգոհում են, որ կարանտինի պայմաններում դժվարանում են երեխաներին պահել, և ֆինանսական վիճակն էլ այնպիսին չէ, որ մասնավոր մանկապարտեզ տանեն։

Մանկապարտեզի տնտեսվար Հասմիկ Դավթյանը, որը 39 տարի է աշխատում է այդ մանկապարտեզում, և այժմ մասնակցում է բողոքի ակցիային, վրդովված է՝ ոչ մի անգամ իրենց կարծիքը հաշվի չեն առնում։

«Մեր տնօրենը մինչև վերջին երեխային ժպիտով չէր ճանապարհում, տուն չէր գնում։ Իմ պահանջն է, որ մեր ընկեր Ժաննային որպես տնօրեն վերականգնեն։ Տնօրենը ոչ մի «լեվի» երեխա չի ընդունել՝ երկկողմանի աշխատող ծնողների երեխաներ են եղել։ Ամեն ինչը կատարվել է օրինականության շրջանակում։ Պատասխանատվություն պիտի կրի՞ ինչ-որ մեկը ամիսներ շարունակ այս լարվածությունը ստեղծելու համար։  40 աշխատող ենք մանկապարտեզում, ոչ մի նախաքննություն չեն անցկացրել, ոչ մեկի կարծիքը հաշվի չեն առել»,-ասաց Հասմիկ Դավթյանը։

Ժաննա Մանուկյանի ամուսինը անհետ կորել է վերջին պատերազմում, անչափահաս երեկ որդի ունի։ Նոր ընդունված երեխաների ծնողները նաև այս հանգամանքն են ընդգծում․ «Ամբողջ խնդիրն ու ցավն այն է, որ մեր ազգն այս վիճակի մեջ՝ նման հարցը նման ձևով է լուծվում։ Իրենց ընտանիքի վրա թող վերցնեն այս ցավը։ Սա՞ է խոնարհումը, սա՞ է շնորհակալությունը․ 3 երեխա, ամուսինը 5 ամիս չկա, այդ հրամանը գրողը կարո՞ղ է պատկերացնել, գիտակցո՞ւմ է ինչ հրաման է տալիս»։

Բողոքի ակցիայի ընթացքում մանկապարտեզ ներխուժեցին մեծաթիվ ոստիկաններ։ Լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել և հետարքրքվել՝ ինչո՞ւ են մանկապարտեզ եկել ոստիկանները։

Մանկապարտեզի աշխատակիցների համար անընդունելի էր, որ իրենց հետ ուժի լեզվով են խոսում։

«Մեր երկրում մի բան է դարձել սովորություն․ մանկավարժները՝ կապ չունի դպրոցի, մանկապարտեզի, քոլեջների դարձել են համար առաջին հանցագործները, մեզ հետ խոսում են բացառապես ոստիկաններով վախեցնելով։ Ես ընդամենը փաստեր եմ արձանագրում։ Ի՞նչ գործ ունեն ոստիկանները, մենք չենք կանչել, հրավիրել։ Ոստիկանները կողքի դռնով ներս են մտել, ո՞վ  է իրենց թույլ տվել, ո՞վ է թույլ տվել ոստիկանների լեզվով խոսել մեզ հետ»,-ասաց աշխատակիցներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցան Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ու կրթության բաժնի պետը։

Նրանք տնօրենին ազատելու հրամանը պատճառաբանեցին նրանով, որ, իրենց կարծիքով, նա չի համապատասխանում տնօրենի պաշտոնի պահանջներին, գուցե այլ աշխատանքի համապատասխանի, եթե Ժաննա Մանուկյանը համաձայնի կքննարկեն այլ աշխատանքի ընդունելու հարցը։

«Այստեղ խախտվել է և՛ առողջապահության նախարարի հրամանը, և՛ Երևանի քաղաքապետարանի շրջաբերականը․ տնօրենը երկու պարագայում էլ սխալվել է»,-իր դիրքորոշումը պնդեց կրթության բաժնի պետը։  

Ազատման հրամանն, ասացին, կայացած իրավական ակտ է, որը հանարավոր է միայն վիճարկել դատարանում։

«Մենք գտնում ենք, որ մեր կայացրած իրավական ակտը օրինաչափ է և քննարկման ենթակա չէ»,-ասաց վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․