Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դեռ կան տնօրեններ, ովքեր փորձում են օրենքը շրջանցելով աշխատել․․․ խնդիրը լուծված է, վաղաժամկետ լուծվել է ժամկետային աշխատանքային պայմանագիրը»․ ընդամենը այս նախադասությունը գրելու և փաշինյանական «արդարամտության» շոուն ապահովելու համար Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը աշխատանքից ազատել է անհետ կորած զինծառայողի կնոջը, որը 3 անչափահաս երեխա է պահում։
Շենգավիթի համայնքապետը վստահեցնում է, որ թիվ 133 մանկապարտեզի տնօրենի ԺՊ Ժաննա Մանուկյանին աշխատանքից ազատել է, քանի որ «մանկապարտեզի տնօրենն ըստ իր ցանկության կամ չիմացության հետևանքով ընտրել և ընդունել է որևէ արտահերթություն չունեցող 12 երեխաների, ովքեր 50-րդ, 47-րդ, 16-րդ և այլ հերթագրման համարն են ունեցել՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը և հերթագրման հաջորդականությունը»։
Մանկապարտեզի տնօրենը Yerkir.am-ի հետ հարցազրույցում վստահեցրեց, որ ինքը կատարել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ավելին՝ Շենգավիթ վարչական շրջանի կրթության բաժնի իմացությամբ և նրանց հետ խորհրդակցելով, երեխաների ընդունելության հրամանում ամեն ինչ թափանցիկ գրված է, որևէ խախտում չի կատարել․ փոխարենն իրեն ազատել են ապօրինի՝ առանց որևէ նախազգուշացման կամ ծառայողական քննության։
«Երբ առողջապահության նախարարությունը հրաման հանեց, որ երեխաների ընդունելության հետ կապված մեղմացումներ կան, որ մանկապարտեզի խմբերը 12-ի փոխարեն կարող են լինել 18 կամ 20, և կարող ենք ընդունելություն կատարել արտահերթությամբ, ու, գրված է հրամանի մեջ պարզ և կոնկրետ՝ հերթագրումից արտահերթությամբ կարող են ընդունվել երկու աշխատող ծնողների երեխա, ես զանգեցի վարչական շրջանի կրթության բաժին, որպեսզի ճշտեմ՝ արտահերթությունը ո՞նց է լինելու, քանի որ քաղաքապետարանն ունի ծրագիր, որտեղ երեխաները հերթագրվում են և, ըստ հերթականության, ընդունվում։ Ինձ կրթության բաժնից պատասխանեցին՝ հրամանով ընդունումը կատարիր, մինչև տեսնենք՝ ինչ ենք անում»,- մանրամասնեց Ժաննա Մանուկյանը։
Նա հենց այդ նույն պահին զանգել է աշխատող ծնողների, որոնք դեռևս սեպտեմբերից անընդհատ խնդիրներ էին ստեղծում՝ բողոքում էին և՛ քաղաքապետարան, և՛ վարչական շրջան, որ իրենց երեխաներին չեն ընդունում։ Զանգել է, կանչել հենց այդ ծնողների երեխաներին ու հրամանով ընդունել։
«Մատյաններում էդ մարդիկ կան։ Բայց դրա հաջորդ օրը քաղաքապետարանից ստացա շրջաբերական, որ արտահերթություն ունեն զոհվածների երեխաները, վիրավորվածների երեխաները, 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների երեխաները։ Ճիշտն ասած՝ շրջաբերականին համապատասխանող դիմող չեմ ունեցել, այնպես չի՝ ես չեմ ընդունել այդ երեխաներին, ուղղակի դիմող չեմ ունեցել։ Ու արդեն առաջնորդվել եմ առողջապահության նախարարի հրամանով՝ կատարել եմ ընդունելությունը երկու աշխատող ծնողների երեխաների համար»,- ասաց Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տնօրենը։
Նա նշեց, որ ծրագիրն արտահերթությունը չի հաստատել, այնինչ՝ այդ երեխաներն արդեն ընդունված են, ծնողների հետ ինքն արդեն խոսել է, կանչել։
«Դրանից մեծ խնդիր են սարքել, որ ես հանցագործ եմ, օրենքի խախտում եմ կատարել ու ինձ պետք է միանգամից աշխատանքից հեռացնել։ Դրա հաջորդ օրը հանդիպել եմ քաղաքապետարանի կրթության վարչության պետին և ավագանու երկու անդամների, նրանք ինձ հավատացրին, որ ես օրենքի խախտում առաձնապես չեմ արել, և սկսեցին քննարկել, թե ոնց արվի, որ այդ երեխաներին իրավական ճանապարհով ընդունեն։ Բայց այսօր արդեն ինձ բերեցին ազատման կարգադրությունը, պարզվեց, որ քաղաքապետը տեղյակ է, ավագանին էլ՝ հետը»,- ասաց Ժաննա Մանուկյանը։
Նա դեկտեմբեր ամսից է նշանակված թիվ 133 մանկապարտեզի տնօրենի ԺՊ։ Կասկած ունի, որ իրեն նշանակողներն ի սկզբանե չէին ուզում, որ ինքը լինի տնօրեն, հավանաբար, մեկ ուրիշին աչքի առաջ ունեին։
«Իրենք ինձ նշանակեցին, բայց շատ լավ զգացվում էր, որ վարչական շրջանի կրթության բաժնի ղեկավարը չի ուզում, որ ես լինեմ տնօրեն։ Ու հինգշաբթի էլ կանչեց, զրուցեց և ասաց, որ մեր մարդկային և գործնական շփումը չստացվեց, միևնույն է, ազատման կարգարությունը լինելու է»,- ասաց մանկապարտեզի տնօրենը։
Այս ապօրինությանը հակազդելը Ժաննա Մանուկյանը արժանապարտվության հարց է համարում։ Փորձելու է բողոքի ճանապարհով հասնել արդարության՝ ընդհուպ մինչև վարչական դատարան։
Մանկապարտեզի աշխատակիցները ևս իրենց տնօրենի ազատման կարգադրությունը ապօրինի են համարում և բողոքի ակցիա են կազմակերպել՝ Ժաննա Մանուկյանին աշխատանքի վերականգնելու պահանջով։
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը աղմկահարույց պահվածքով աչքի է ընկել դեռ 2020-ի հունիսին, երբ իր տեղակալ Համլետ Գրիգորյանի և օգնական Անդրանիկ Մինասյանի հետ բռնության կիրառմամբ պահանջել էին, որ վարչական շրջանի աշխատակազմի օպերատոր Գևորգ Պողոսյանը աշխատանքից ազատման դիմում գրի։ Գործը հասավ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունք։ ՀՅԴ Շենգավիթ վարչական շրջանի «Արամ Երկանյան» կոմիտեն դատապարտեց համայնքային աշխատող Գևորգ Պողոսյանի հանդեպ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բոլոր տեսակի բռնությունները։ Ապա այս գործը «ակուրատնի» կոծկեցին ամենաբարձր մակարդակով։