կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-31 19:20
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանկապարտեզի՝ ազատված տնօրենին կանչել են Ոստիկանություն․ բողոքի ակցիա Քաղաքապետարանի դիմաց

Մեր միակ պահանջը մեր տնօրենի վերականգնումն է, թե չէ՝ 40-ս էլ միահամուռ դիմում ենք գրելու, դուրս գանք՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի հայտարարություն արեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող՝ Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի աշխատակիցները, որոնք պահաջում են մանկապարտեզի՝ օրեր առաջ հեռացված տնօրենի ԺՊ Ժաննա Մանուկյանին վերականգնել իր պաշտոնին։

Քաղաքապետարանի դիմաց նրանց հանդիպեցին Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամները և ասացին, որ տեղյակ են խնդրից, այդ մասին խոսել են նաև ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի հետ։

«Խնդիրն այն է եղել, որ տվյալ մանկապարտեզում ինքը չլինի, քանի որ դա մի ընտրատեղամաս է, որում միշտ քվերակում է վարչապետ Փաշինյանը։ Մինչև երեկ մտածում էի, որ գուցե աշխատանքային անհամաձայնություն է եղել, բայց այս տեղեկատվությունից հետո վեկտորս փոխվեց․ գուցե այդ ընտրատեղամասում ավելի հավատարիմ մեկին են ուզում տեղակայել»,-ասաց ավագանու ԲՀԿ-ական անդամ Հռիփսիմե Առաքելյանը։

Նա հիշեցրեց, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, որի հրամանով ազատվել է Ժաննա Մանուկյանը, անցյալ տարի էլ հրավիրել էր մանկապարտեզների բոլոր տնօրեններին, ասել՝ ձեզ հետ կբերեք ելքի-մուտքի բոլոր մատյանները, այնուհետև դռները փակել էր, ոստիկաններ հրավիրել, և տնօրենների ձեռքներից առգրավել մատյանները։ Դեռ այն ժամանակ ինքը պահանջել է, որ հեռացնեն վարչական շրջանի այդ ղեկավարին, բայց ապարդյուն։ Հետո էլ նույն ղեկավարը իր ենթակաների հետ ծեծ ու ջարդի մեջ էր ընկել։ Փաշինյանի ընտրատեղամաս-մանկապարտեզի տնօրենին հեռացնելն ու փոխքաղաքապետի ազգական Մարինե Ապրեսյանին տնօրեն նշանակելը, փաստորեն, նրա երրորդ աղմկահարույց արարքն է։

Ավագանու՝ ԲՀԿ-ական մյուս անդամն ասաց, որ իր համար ամենամտահոգիչն այն է, որ Ժաննա Մանուկյանին ազատել են առանց հաշվի առնելու, որ վերջին պատերազմում անհետ կորած մարտիկի կին է և 3 անչափահաս երեխա ունի։

Ակցիայի մասնակիցներին հանդիպեց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա նշեց, որ վարչական շրջանի ղեկավարը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, կատարել է գործողություններ, իսկ աշխատանքից ազատված տնօրենը իրավունք ունի օրենքի շրջանակում իր իրավունքները պաշտպանել։

«Վարչական շրջանի ղեկավարի հիմնավորումները հստակ են՝ Ժաննա Մանուկյանը ժամանակավոր իրեն վստահված պարտականությունները պատշաճ չի կատարել։ Ինչ վերաբերում է նոր ընդունված երեխաների ներկայացուցիչներին՝ գուցե հարց տանք՝ այն մյուս երեխաները, որոնք հերթագրման կարգի խախտման հետևանքով դուրս են մնացել մանկապարտեզից, նրանց իրավունքները ո՞վ պետք է ներակայացնի»,-ասաց Հակոբ Կարապետյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցներից 5 հոգի մտան Երևանի քաղաքապետարան՝ հանդիպելու փոխքաղաքապետ  Գայանե Մելքոմ Մելքոմյանին և իրենց պահանջը ներկայացնելու։

Աշխատանքից ազատված տնօրեն Ժաննա Մանուկյանին այսօր կանչել են Ոստիկանություն։ Երբ նա հարցրել է՝ ինչո՞ւ են կանչում, պատասխանել են՝ կգա, կիմանա։ Ժաննա Մանուկյանը հրաժարվել է գնալ, քանի որ գրավոր ծանուցում չի ստացել։

Կան խոսակցություններ, որ աշխատանքից ազատված տնօրենի դեմ հիմա էլ ուզում են քրեական գործ հարուցել՝ 11 երեխա ապօրինի ընդունելու համար։ Այնինչ, տնօրենը բազմիցս հիմնավորել է, որ այդ երեխաներին արտահերթության կարգով ընդունել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիմքով, պատշաճ գրանցել է բոլոր տվյալներն իր հրամանում, որևէ փոխկապակցվածություն չունի այդ երեխաներից որևէ մեկի հետ։

Շահարկվում էր նաև, որ ևս 2 երեխա մանկապարտեզ է հաճախել առանց գրանցման․ պարզվեց, սակայն, որ այդ երեխաները մանկապարտեզի աշպատակիցների՝ հաշվետարի և պարուսույցի երեխաներն են, որոնք մանկապարտեզի սնունդից չեն օգտվել, ընդհանուր երեխաների հետ չեն շփվել և մանկապարտեզ՝ ծնողների մոտ են գնացել միայն շաբաթվա մեկ-երկու օրը։

Մանրամասն՝ տեսանյութում․