Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի ավարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, այս հարցով նախաձեռնեց արհեստական քննարկումներ մարդ-կուսակցությունների հետ, զուգահեռաբար ծավալեց համապատասխան քարոզչություն: Մոտավորապես ամիսուկես անց նա իբրև թե իր գլխավորած ուժի հետ հարցը քննարկելուց հետո հայտարարեց, որ արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենա: Միաժամանակ օդում կախված մնաց այն վարկածը, թե անհրաժեշտության պարագայում (այսպես ասած` հասարակական պահանջի դեպքում) վերադարձ կլինի նույն օրակարգին:
Նախ պետք է արձանագրել, որ պետական-քաղաքական գործընթացները վարչապետի համար մնում են ձեռնածության առարկա՝ պահի ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Ընդ որում, նույն ժամանակ բացարձակ անտարբերություն է դրսևորվում թե՛ Արցախի ներկայի ու ապագայի, թե՛ քայլ-քայլ Հայաստանի հաշվին սահմանները առաջ տվող թշնամու գործողությունների, թե՛ նահատակված ու գերի զինվորների ճակատագրի և թե՛ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած կենսական այլ խնդիրների հարցում:
Ինչևէ, վերադառնանք արտահերթ ընտրությունների հարցին:
Նախորդ տարվա դեկտեմբերին Փաշինյանի հրաժարականի պահանջի ալիքը հասավ զարգացման գագաթնակետին, և ակնհայտորեն այս հանգամանքը ստիպեց իշխանությունը կորցնելուց սարսափող բախտախնդիր ղեկավարին հրապարակ նետելու մի գաղափար, որը պետք է շեղեր իրադարձությունների ընթացքը, ձգձգեր հանգուցալուծումների ժամանակը, ինչպես և համընդհանուր մերժման դատապարտված ղեկավարին օժտեր ներքաղաքական դաշտ վերադառնալու քաղաքական, բարոյական լեգիտիմությամբ: Արտահերթ ընտրությունների գաղափարը Փաշինյանի վերջին խաղաթուղթն է հանձնվելուց առաջ, որովհետև պարունակում է մեծ ռիսկեր իր, ինչպես և իր անպատասխանատու թիմի հետագա ճակատագրի համար, և նա մեծ հրճվանքով պիտի հրաժարվեր դրանից, եթե հնարավոր լիներ դեռևս գրպանում պահել այդ վերջին փամփուշտը: Ի՞նչ իրողություններ ի հայտ եկան հայտարարված նախաձեռնությունից ետքայլ անելու համար: Որոշ մեկնաբանների կարծիքով` այս հարցում մեծ դեր է խաղացել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը գալիք ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Անկախ այն բանից, թե սոցիալական ցանցերով ու անձնական օգտագործման լրատվամիջոցներով շրջանառվող վարկանիշային ինչպիսի ցուցանիշներ կնկարվեն հեղինակազրկված ղեկավարի համար, ակնհայտ է, որ ընտրությունների պարագայում նա չի կարող գրավել առաջնային տեղ գրավել, և իր գլխավորած ուժը հնարավորություն չի ունենալու գոնե դաշինքներ կազմելով ապահովելու խորհրդարանական մեծամասնություն:
Իհարկե, կաշին փրկելու համար Փաշինյանը չի խորշի կոպիտ ընտրախախտումների դիմելուց, սակայն որքան էլ վերեւներում գտնվեն իր կամքին հլու քվեաթերթիկներ հաշվողներ, վերջիններիս հնարավորությունները նույնպես սահմանափակ են, քանի որ ամբողջ Հայաստանով մեկ դժվար է լինելու հաշվարկ անել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ընտրական հանձնաժողովների վրա, որոնք պատրաստակամ կլինեն Նիկոլ Փաշինյանի օգտին կեղծարարություններ թույլ տալ: Ակնառու փաստ է, որ Փաշինյանն ու իր թիմը կորցրել են ռեալ իշխանությունը երկրում, և ապօրինություններ գործելու նրանց պարտադրանքին քչերը կենթարկվեն: Վարչաքաղաքական առումով խակ, արտաքին կասկածելի ազդեցությունների ենթակա և բարոյապես անընդունելի թիմակիցները, որոնք սահուն կերպով իշխանության աթոռներին հայտնվեցին հենց միայն «հեղափոխության» առաջնորդի հետ քայլելու շնորհիվ, այլևս միայն դեպի զրոյացում են ձգելու իրենց թիմի և առաջնորդի` անկում ապրող վարկանիշը: Այս հարցին մանրամասնորեն անդրադարձանք, որովհետև չենք կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների վերջին փրկօղակին կվերադառնա, երբ հրաժարականի պահանջով ճնշումը դառնա այլևս անհաղթահարելի:
Ինչպես, սակայն, ասվում ու գրվում է անդադար, մեկ օր ավելի իշխանության ղեկի մոտ Նիկոլ Փաշինյանի մնալը հայրենիքին բերում է նորանոր կորուստներ ու ցավագին անակնկալներ, որոնց հանրագումարը կարող է անշրջելի դարձնել մեր պետականության կործանումը: Իշխանավորների կողմից պարբերաբար ձեռնարկվող գործողություններն ու հայտարարությունները ամրապնդում են կասկածը, որ Արցախի հանձնումը պարզապես պատերազմական գործողությունների հետևանք չէր, այլ շատ ավելի մեծ ու մասշտաբային դավադրության մեկ արարը:
2020 թվականի փետրվարի 10-ին` Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մասնավորապես հայտարարեց. «Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և նախ և առաջ խոսքը այն մասին է, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառելու շրջափակում։ Ինչպես գիտեք, շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյով, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ Կրկնում եմ, որ անվտանգության մթնոլորտն իր մեջ պարունակում է շատ տարրեր»։ Ասվածից ակնհայտորեն հետևում է, որ Հայաստանի իշխանությունների համար վերջին պատերազմի հետևանքով Արցախի հարցում ստեղծված իրավիճակն ընդունելի իրողություն է, որը նաև «նպաստավոր» հող է ստեղծել, որպեսզի Թուրքիան վերացնի Հայաստանի շրջափակումը, և մեր շրջապատում հաստատվի «նպաստավոր մթնոլորտ»:
Այդ «նպաստավոր մթնոլորտ»-ի համար, սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից Թուրքիան հայկական կողմին ներկայացրել է բազմաթիվ այլ նախապայմաններ ևս, որոնց համաձայնել չհամարձակվեցին անգամ կոմունիստները իրենց կառավարման տասնամյակներին: Ինչպես տեսնում ենք, սակայն, Նիկոլ Փաշինյանն ազգային ու բարոյական կաշկանդվածություն չունի, և հավանականությունը մեծ է, որ կարող է ստորագրել Արցախի ու Հայաստանի համար ճակատագրական ցանկացած փաստաթուղթ: Նա, ըստ էության, այդ հայրենադավ գործընթացի մեջ է դեռևս պատերազմական շրջանից, և նույն սցենարի առանձին դրվագները կարելի է համարել և՛ Շուշիի ու Արցախի չգրավված տարածքների հանձնումը, և՛ Մեղրիով Թուրքիային ճանապարհ տալու համաձայնությունը, և՛ Զանգեզուրի հայկական պատկանելությունը վտանգող զարգացումները, և՛ ամեն օր ի հայտ եկող նոր իրողությունները, որոնք միտված են վերացնելու Արցախի ինքնուրույնությունն ու փոխկապվածությունը Հայաստանի հետ՝ քայլ առ քայլ փոխարինելով այն ադրբեջանական ենթակայությամբ:
Իրեն հատուկ խարդավալից գործելակերպի համաձայն` Հայաստանի իշխանությունը հասանելի աղբյուրներով հայ հանրության շրջանում փորձում է տարածել այն մտայնությունը, թե այսօր Արցախի շուրջ տեղի ունեցող շատ գործընթացների թելադրողը Ռուսաստանն է, մասնավորապես տարածաշրջանում ունեցած իր ռազմուժի լծակի շնորհիվ:
Սույն թվականի փետրվարի 9-ին ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Արցախի ԱԳՆ-ն կարող է լուծարվել Ադրբեջանի պահանջով և Փաշինյանի համաձայնությամբ, իսկ Արցախի արտաքին քաղաքականությամբ զբաղվելու է անձամբ Արայիկ Հարությունյանը, և այս հարցում Ռուսաստանի տեսակետը ոչ ոք չի հարցնում: Զարգացնելով այս թեման` այնուհետև «168 ժամ»-ին տված հարցազրույցում նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Երևանը լուռ է:
Հարցին՝ կա՞ն ուղիղ բանակցություններ հայկական կողմերի և Ադրբեջանի միջև՝ առանց ՌԴ մասնակցության, նա պատասխանել է. «Իհարկե, իրենք իրենց քայլերի մեծ մասն անում են առանց Ռուսաստանի: Դա ակնհայտ է: Ոչ միայն սխալվում է, այլև անբարեխղճորեն սխալվում է նա, ով ասում է, որ Ռուսաստանը ներկայումս լիարժեքորեն ղեկավարում է իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ Փաշինյանը Հայաստանը դաշնակցից վերածել է Ռուսաստանի պրոտեկտորատի, իհարկե, մաքուր պոլեմիկա է: Ավելին կասեմ, որ Փաշինյանի Հայաստանը ոչ միայն պրոտեկտորատ չէ, այլև Ռուսաստանի դաշնակիցը չէ: Այսպես ավելի ճիշտ կլինի ասել:
Ենթադրում եմ, որ Փաշինյանի և ադրբեջանցիների միջև շփումները շարունակվում են: Իմ կարծիքով` դրանք սկսվել են մինչ պատերազմը: Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ իմ գրառման առանցքն ու հաղորդագրության իմաստն այն է, որ Ռուսաստանին նրանք չեն տեղեկացրել, և որ այդ հարցի ինքնին քննարկումը տեղի է ունենում առանց ՌԴ-ի մասնակցության. սա գլխավորն է, ինչ ես ցանկանում եմ ասել: Մի շարք նիկոլականներ փորձեցին համոզել ուղիղ հակառակը, որ Ռուսաստանն է դա փորձում անել, ինչը, իհարկե, այդպես չէ»:
Ակնարկին, թե պատերազմից հետո տպավորություն է, որ ինչ-որ բան տեղի է ունենում առանց ՌԴ մասնակցության, նա պատասխանել է. «Դրանք պարզապես բառեր են: Օրինակ՝ հայտնի դեպքը, որ վերադարձրել են ֆրանսիացի լրագրողներին. իսկ ո՞վ նրանց չի տվել մանդատ, ո՞վ չի տվել թույլտվություն` Ղարաբաղ մեկնելու համար: Երևանցիները չեն տվել, ի՞նչ կապ ունեն այստեղ ռուսները. ռուսները նայում են փաստաթղթերին. կա՞ փաստաթուղթ, չկա՞ փաստաթուղթ, ո՞վ չի տվել նրանց փաստաթղթեր, Երևանում չեն տվել: Ե՞վ… Ակնհայտ է, չէ՞»:
Պրն Կոլերովի ասածներից մեզ համար, իհարկե, ամենակարևորն այն պնդումն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների միջև ընթանում են բանակցություններ, և, իհարկե, այդ մասին տեղյակ չէ նաև հայ ժողովուրդը: Այսինքն` նրա թիկունքում գաղտնաբար խաղ են անում նրա ճակատագրի հետ, և թե ինչպիսի հետևանքներով հղի խաղ, ամեն հաջորդ օր առավել ակնհայտ է դառնում: Կարելի է ենթադրել, որ ինչ-ինչ շփումներ կան նաև Թուրքիայի ղեկավարության հետ, ինչի մասին մտածելու հիմք են տալիս նաև Հայաստանի արտգործնախարարի վերը բերված մտքերը: Ինչ վերաբերում է բանակցությունների գաղտնիությանը նաև ռուսական կողմի համար, ապա սա տեղավորվում է թուրք-ադրբեջանական տանդեմի, ինչպես և արևմտյան այն ուժերի ցանկությունների շրջանակում, որոնք շահագրգռված են տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղմամբ: Այս նպատակի վրա մեծ գրավ է դրված, և պատահական չէ, որ նույն արևմտյան ուժերն այսօր էլ իրենց պատրաստակամությունն են հայտնում` աջակցելու ներկա իշխանություններին «Հայաստանի հետագա բարեփոխումների հարցում», այն պարագայում, երբ ավտորիտար Հայաստանում տեղի է ունենում պետականության կազմալուծում` կենսագործունեության բոլոր ոլորտների քայքայմանը զուգընթաց:
Ինչ վերաբերում է ռուսական վերոբերյալ աղբյուրին, ապա Մոդեստ Կոլերովը այն գործիչներից է, ովքեր դատողություններ են անում բնավ ոչ իրենց ենթադրությունների հիման վրա: Այնուամենայնիվ, մեր ունեցած մտահոգությունների արդարացիության մեջ համոզվելու համար բավարար են նաև սեփական աղբյուրները, որոնք պարբերաբար նորանոր փաստեր են հանում ջրի երես: Ավելին` իր սև գործը ամբողջացնելու համար Նիկոլ Փաշինյանը կարող է ոչ միայն Արցախի ճակատագիրը ամբողջապես Ադրբեջանի տնօրինությանը հանձնելու, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանները ճանաչելու փաստաթուղթ ստորագրել, այլև վերանայել ռուսական ռազմական ուժերի` Հայաստանում գտնվելու պայմանագիրը և Հայաստանի սահմանը լրիվ բացել Թուրքիայի առջև, այն Թուրքիայի, որի նկատմամբ հատուկ սեր են տածում շատ իմքայլականներ, և որը ընդամենը ամիսներ առաջ ադրբեջանցիների հետ իրականացրեց արցախցիների ցեղասպանությունը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի անձին, ապա նա հայտնվել է այն մոլագարի վիճակում, ով, ծանր ոճրագործությունից հետո սթափվելով, հասկանում է, թե ինչ պատասխանատվություն է իրեն սպասվում, և դրանից խուսափելու համար դիմում է նորանոր, հանցագործությունների: Այս ճանապարհին նրա համար գրոշի արժեք չունեն ո՛չ թիմակիցները, ո՛չ ուժային կառույցների` խամաճիկների վերածված ղեկավարները, ո՛չ Հայաստանն ու Արցախը:
Փաշինյանն այսօր մեր երկրի ու հայ ժողովրդի թիվ մեկ թշնամին է, ով ամեն ինչ տանում է կործանման: Նման դեպքում հայ ժողովրդի օրինական իրավունքն է այս կործանարար ընթացքը կասեցնել ցանկացած գնով: