կարևոր
715 դիտում, 58 րոպե առաջ - 2025-12-09 19:00
Հասարակություն

Յոթ Վերքում հնչած աղոթքն այսօր առավել խոր բովանդակություն ուներ․ այն դարձավ ուժի, համառության և մեր ազգային ոգու անսասանության նոր խորհրդանիշ. պատգամավոր

Յոթ Վերքում հնչած աղոթքն այսօր առավել խոր բովանդակություն ուներ․ այն դարձավ ուժի, համառության և մեր ազգային ոգու անսասանության նոր խորհրդանիշ. պատգամավոր

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.

«Այսօր Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) մասնակցեցի Սուրբ և Անմահ Պատարագին, որը մատուցեց Տեր Գառնիկ քահանա Ավոյանը: Յոթ Վերքում հնչած աղոթքն այսօր առավել խոր բովանդակություն ուներ․ այն դարձավ ուժի, համառության և մեր ազգային ոգու անսասանության նոր խորհրդանիշ։

Հիշեցնեմ, որ նախօրեին Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում կատարվեց Հայրապետական մաղթանք՝ որպես հոգևոր մաքրագործման և խաղաղության պատգամ, դեկտեմբերի 7-ին կատարած ապօրինի ներթափանցման և ոչ կանոնական գործողություններից հետո։

Այս ապօրինի արարքները թիրախավորում են ոչ միայն եկեղեցու կարգը, այլև հասարակական վստահությունը, համայնքային միասնականությունը և մեր սրբավայրերի նկատմամբ գոյություն ունեցող պետական վերաբերմունքը։ Դրանք իրավական, բարոյական և ազգային տեսանկյուններից ամբողջովին անթույլատրելի են։

Այս պայմաններում պարտավոր եմ հայտարարել հստակ. անկախ բոլոր կազմակերպված կամ թաքնված դավադրական գործողություններից, ապակայունացնող քայլերից կամ ներքին քայքայման փորձերից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մնում է և մնալու է մեր պետականության ամենակարևոր, անխախտ և անփոխարինելի հենասյունը։ Եկեղեցին անցել է պատերազմի, ճնշումների ու պետականության կորուստների միջով՝ պահպանելով հայ ժողովրդի ինքնությունը, և որևէ ժամանակավոր խմբակ չի կարող կասկածի տակ դնել դրա պատմական և պետական դերակատարումը։

Այսօրվա Սուրբ և Անմահ Պատարագը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր եկեղեցիներն ազգային դիմադրողականության, հոգևոր անկախության և պետականության ամրության կենսական ամրոցներ են:

Գնահատանքի է արժանի Շիրակի թեմի հոգևոր դասի ցուցաբերած հետևողականությունը, խոհեմությունը և հասարակական հանգստության պահպանման ուղղությամբ տարվող պատասխանատու աշխատանքը։

Մեր սրբավայրերի նկատմամբ հարգանքը, դրանց անվտանգությունը և դրանց շուրջ ազգային համախմբումը պետք է դառնան մեր հանրային ու պետական մտածողության անբաժանելի մասը»։