կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-07 12:49
Հասարակություն

Պետական խորհրդանիշ եւ ազգային արժանապատվություն

Պետական խորհրդանիշ եւ ազգային արժանապատվություն

Օրեր առաջ` անկախության 20-ամյակի տոնակատարությունից անմիջապես հետո, ականատես եղանք այս պատկերին։ Շատերը կառարկեն, որ այն բնորոշ չէ մեր իրականությանը, եւ նրանք, անկասկած, իրավացի են։ Սակայն հոգեբանական առումով մեր ժողովրդի մի զգալի հատվածի համար «պետություն», «պետականություն», «պետության խորհրդանիշ» տերմինները մնում են անըմբռնելի ու օտար հասկացություններ։

 

Շատ հաճախ պետական որեւէ պաշտոնյայի անվայել պահվածքը առիթ է դառնում, որ հասարակ քաղաքացին ոչ թե ընդվզի դրա դեմ, այլ քթի տակ փնթփնթա «էս էլ պետություն ա», իշխանության անարդարությունները տեսնելով ոչ թե բողոքի ու քաղաքացու կեցվածք որդեգրելով փորձի իրենից կախված ամեն ինչ անել այդ քաղաքականությունը փոխել ստիպելու համար, այլ «զզվել եմ էս պետությունից էլ, անկախությունից էլ» ասելով, հորթային հիացմունքով նայի դեպի Արեւմուտք, ասելով` «բա Ամերիկայում, Ֆրանսիայում սենց ա՞»։

 

Ու մոռանում ենք հաճախ, որ այդ երկրների ժողովուրդները նաեւ իրենց պետության ու պետության խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքի շնորհիվ են կերտել այդ պետությունները, որոնց այսօր մենք նախանձում ենք։ Ամեն սեղանի շուրջ «ազգի կենացը» խմող մեր հայրենակիցներից շատերը հանկարծակիի են գալիս եւ անհարմար շուռումուռ են գալիս, երբ մեկն առաջարկում է «մեր պետության կենացը»։

 

Մինչդեռ պետությունը նաեւ ավանդույթի ստեղծում է եւ դրա պահպանման նախանձախնդրություն։ Մեր մեջ պետականության զգացմունքի թուլության արտահայտությունը չէ՞, արդյոք, ժամանակ առ ժամանակ մեր քաղաքական եւ մտավորական շրջանակներում բորբոքվող քննարկումները մեր օրհներգի մասին։ Զարմանալ կարելի է միայն, որ մարդիկ «Մեր Հայրենիքը» սկսում են քննարկել որպես երաժշտական ստեղծագործություն կամ բանաստեղծություն։ Առաջարկեք որեւէ ֆրանսիացու փոխել «Մարսելիեզը»` որպես հնացած, կամ ոչ կատարյալ ստեղծագործություն, եւ տեսեք` ինչ պատասխանի կարժանանաք։

 

Այնպես որ` միայն իր պետությունը, պետական խորհրդանիշներ հարգող ու դրանց պահպանմանը նախանձախնդիր ժողովուրդը կարող է ունենալ ազգային արժանապատվության բարձր զգացում, զգալ իրեն այդ պետության տերն ու քաղաքացին։ Իսկ իրեն մտավորական համարող յուրաքանչյուր մարդ իր օրինակով պետք է դաստիարակի իր շրջապատին, ոչ թե իր քիմքին ու ճաշակին փորձի համապատասխանեցնել այդ արժեքները` այդպիսով վարկաբեկելով դրանք։