Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ ակադեմիկոս Աշոտ Օհանյանը ընթերցել է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ուղերձը, որում,մասնավորապես, ասվում է:
«Սիրելի Հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք, Շնորհակալ եմ հրավերի համար և նաև այս խոսքի հնարավորությունն ընձեռելու համար: Ես տեսնում եմ այստեղ մեր ժողովրդի այնպիսի ներկայացուցիչների, ովքեր մտահոգ են իրենց երկրի վիճակով, տեսնում են, որ վտանգված է հայրենիքը, վտանգված է պետականությունը: Գիտենք, որ բոլոր ժամանակներում հայի ինքնությունը պահել և պահպանել է մեր մշակույթը, լեզուն և կրոնը: Դրանք այն հիմքային քաղաքակրթական արժեքներն էին, որոնց հետ համադրվելով մեր մյուս հատկություններն ու արժանիքները պայմանավորել են մեր գոյությունը հազարամյակներ ի վեր: Առանց այդ արժեքների այսօր մենք չէինք ունենա մեր տեղը աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Ուրեմն առավել քան կարևորում եմ մշակույթի, գիտության, կրթության, եկեղեցու մեր գործիչների այսպիսի միասնությունը համատեղ հանդես գալու այս նախաձեռնությամբ:
Սակայն ստեղծած իրավիճակից պատվով դուրս գալու համար մենք պարտավոր ենք համախմբվել ազգովի և օգտագործել մեր հասարակության առողջ ուժերի բոլոր ոլորտների պրոֆեսիոնալ և հեղինակավոր ներկայացուցիչների ամբողջական ներուժը: Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից և Արցախից այն, ինչ մնացել է, ապահովել պետության և նրա կառավարման համակարգի կայունությունը, զարգանանք արագ տեմպերով և հիմքեր ստեղծենք, կորցրածը արագ վերականգնելու համար:
Սիրելի ներկաներ, վստահ եմ, որ գիտեք, թե որն է իմ նպատակը, որն է իմ երազանքը: Ես իմ հայրենիքին տվել և շարունակում եմ տալ, իմ պարտքը՝ որպես հայկական բանակի սպա: Ես չեմ հետապնդում որևէ անձնական նպատակ, այսօր հասունացել է մի իրավիճակ, որ պետք է բոլորս վեր կանգնենք մեր նեղ անձնական, քաղաքական և այլ շահերից եթե այդպիսիք կան, և բռունցք դարձած մեկ մարդու պես մտածենք և գործենք: Ես վստահ եմ, եթե մեր ազգի ճանաչված և հեղինակավոր ներկայացուցիչներ միասնական ոտքի կանգնեն, այսօրվա խնդիրների լուծման վերաբերյալ ձևակերպեն իրենց միասնական դիրքորոշումը, գործողությունների հաջորդականությունն ու պլանը և համատեղ կոչով հանդես գանք ժողովրդի առաջ, ապա այդ նույն ժողովրդի առողջ հատվածը մեծ ոգևորությամբ կհամախմբվի նրանց շուրջ, կտա ոգու մի հսկայական ուժ, որի առջև չի դիմանա և ոչ մի ապիկար իշխանություն:
Դրանից հետո միայն կստեղծվի հնարավորություն, որպեսզի մենք անցնենք մեր բուն գործին: Ուրեմն եկեք գիտակցենք, որ հենց մեզնից է կախված մեր պետության և ժողովրդի ճակատագիրը: Հիշենք, որ այսօրվա մեր թշնամին ինչպես միշտ նենգ է և վախկոտ, նա հենց այսպիսի միասնությունից է վախենում: Եթե հապաղենք կամ թերանանք մեր անելիքում, ապա հետևանքը կլինի լիակատար կործանում: Աստված պահապան մեզ և մեր սերունդներին»: