Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին սահմանին իրավիճակը լարված է. հակառակորդը սկսել է կրակել խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից:
Yerkir.am-ի հետ զրույցում Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոս/ նշեց, որ Ադրբեջանի նման գործողություններից չպետք է զարմանալ, նրանք շարունակում են իրենց քաղաքականությունը` իրավիճակը լարված պահել սահմանին: Ընդ որում, ըստ Թադևոսյանի, նրանք դա անում են ավելի շատ ոչ թե մեզ, այլ հենց իրենց համար, իրենց զինվորներին լարված պահելու համար:
«Սահմանին միշտ էլ լարված է եղել իրավիճակը, մերոնք էլ համարժեք պատասխան են տալիս ու լռեցնում նրանց: Ադրբեջանը նպատակ ունի մեզ լարված վիճակում պահել և այդ հարցում մեծ հաջողության է հասնում: Ավելին` նրանք ամեն տարի ինչ-որ նոր քայլեր են մշակում` հրադադարի ռեժիմի ավելի շատ խախտման համար. այս տարի ականանետերն ու նռնականետերն են»,- ասաց Թադևոսյանը` հավելելով, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ավելանում են այն ժամանակ, երբ պետք է երկու երկրների ղեկավարները հանդիպեն: «Նախորդ տարի էլ այդպես եղավ` հատուկ ջոկատները բերում են հենց այն ժամանակ, երբ մեր ղեկավարները պետք է հանդիպեն: Այս տարի չգիտեմ` հանդիպում նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ»,- ասաց նա:
Թադևոսյանի կարծիքով` հակառակորդին անհրաժեշտ է համարժեք պատասխան տալ, որի հնարավորությունը մենք ունենք: Ըստ նրա` ադրբեջանական կողմը հարձակվում ու հետո չի իմանում` ի՞նչ անել: «Հակառակորդն ուզում է մեր թույլ տեղերը գտնել, բայց չի կարողանում: Նրանք շատ ստոր քայլերի են դիմում. նրանց հատուկ ջոկատայինները պարապում են Թուրքիայում, և հետո մեր հասարակ զինվորի դեմ են նրանց հանում, բայց, մեկ է, երբեք էլ արդյունքի չեն հասնում: Մեր զինվորները շատ խիզախ են, ամեն մեկը հերոս է: Իսկ նրանց բանակը բանակ չի: Այո, ես էլի եմ ասել, որ մեր բանակում կան ինչ-ինչ խնդիրներ, բայց դրանք չնչին բաներ են: Նրանց մոտ գիտե՞ք, թե ինչ է կատարվում. մի երկրում 12 ազգ է ապրում` տարբեր կրոնական պատկանելության, և բանակում սկսվում է գզվռտոցը: Այսինքն` նրանք իրար դեմ են պայքարում, ներսում թշնամական վերաբերմունք կա միմյանց նկատմամբ, այդ բանակն ի՞նչ պետք է լինի: Եվ հետո` պատմությունից էլ գիտենք, թե ինչ տխուր վախճան են ունենում այն պետությունները, որոնք բաղկացած են տարբեր ազգերից»,- ասաց Կոմանդոսը:
Թադևոսյանի հավաստմամբ` ադրբեջանական կողմը առաջնագծում երբեք իր զինվորներին չի կանգնեցնում, այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
Հարցի լուծման համար, նրա կարծիքով, պետք է Մինսկի խումբը լուրջ քայլեր անի, այնինչ` մինչև այսօր ուղղակի խոսակցություններ են պտտվում, բայց քայլեր չենք տեսնում: «Նրանց լռության հետևանքով էլ անմեղ զոհեր ենք ունենում, իսկ դրսի քաղաքական գործիչների շատ պե՞տքն են մեր զոհերը: Իսկ մենք` հայերս, երբ զոհ ենք ունենում, մի մարդ չկա, որ ցավ չապրի: Ադրբեջանում այդպես չէ, նրանք իրենց զոհ ունենալու հանգամանքն օգտագործում են և շոու անում: Զոհին, օրինակ, տանում են թալիշների մոտ և ասում` տեսեք հայերն ինչ են անում, իսկ դուք պաշտպանում եք հայերին: Ադրբեջանն ամեն օր հայտարարություններ է անում, թե` շուտով մենք Ղարաբաղը կվերցնենք, էսինչ կանենք, էնինչ կանենք, իսկ մենք շատ չենք խոսում, բայց վստահ ենք, որ մեր սահմանները կպաշտպանենք»,- ասաց Թադևոսյանը:
Ի դեպ, նա առաջիկայում պատրաստվում է մեկնել Ղարաբաղ մի խումբ ուսանողների հետ: «Ղարաբաղում այս ամիսներին ավելի լարված է լինում, դրա համար էլ գնում ենք` տղաների կողքին լինելու, լարվածությունը ցրելու համար»,- ասաց Կոմանդոսը: