Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սահմանային վերջին լարվածություններին, նշեց, որ այս ամենն իր տրամաբանական ավարտին կհասնի կամ էլ գոնե համեմատաբար կհանդարտվի ապրիլի 24-ից հետո միայն:
«Այս լարվածությունը ինչ-որ առումով սպասելի էր, քանի որ բոլորիս է հայտնի, թե մեր հարևաններն ինչ գործողությունների են դիմում ապրիլի 24-ին ընդառաջ: Առջևում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, և մեր հակառակորդները պատրաստ են ամեն տեսակի սադրանքի գնալ: Սահմանային լարվածություններն էլ ասածիս վառ օրինակն են»,- ասաց Տեր-Թադևոսյանը:
Նրա կարծիքով՝ մենք պետք է աչալուրջ լինենք և կարողանանք հակառակորդին արժանի հարվածներ հասցնել: «Ամբողջ աշխարհին նրանք ուզում են ցույց տալ, որն մենք ագրեսոր ենք, իսկ իրենք՝ խաղաղասեր, մինչդեռ իրենց բոլոր գործողությունները հակասում են այդ ամենին»,- նշեց Կոմանդոսը:
Դիտարկմանը, թե մեր պետական այրերի ձևակերպումներում հստակ ընդգծվածություններ ենք նկատում. խոսվում է այն մասին, թե ադրբեջանցիներին ռուսական զենք է վաճառվում, և այդ ամենը կարող է Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծել, Կոմանդոսը պատասխանեց. «Ադրբեջանը եթե Ռուսաստանից չգնի զենք, կգնի, ասենք, Իսրայելից, ո՞րն է դրա տարբերությունը: Այստեղ պետք է նկատի ունենանք մի հանգամանք, որ ադրբեջանական սպաների մեծ մասը ծառայել է սովետական բանակում և նրանց համար ավելի հեշտ է օգտվել ռուսական արտադրության զենքերից: Ռուսական զենքերը գնի առումով էլ են ավելի հարմար»,- ասաց Տեր-Թադևոսյանը:
Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք Անդրանիկ Գրիգորյանը, ով մարտի 22-ին հատել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, անցնելով հակառակորդի կողմը, իսկապե՞ս հոգեկան խնդիրներ ունի, և դատելով ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութից` կարե՞լի է պնդել, որ մեր հակառակորդները դարձյալ սադրիչ գործողությունների են դիմում և տարածում ապատեղեկատվություն, Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ նա ով հատում է սահմանը նման ձևով, չի կարող հոգեպես կայուն վիճակում լինել, իսկ ադրբեջանական հակահայկական քարոզչության ականատեսն առաջին անգամ չէ, որ լինում ենք»: