Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ այս եղանակային պայմաններում դուք՝ ձեր այս ներկայությամբ ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ մենք չենք համակերպվել այս իրավիճակին։ Այսօր դուք ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ հայը կարող է ընկնել, կրկին վեր կենալ և իր առջև դնել նոր նպատակներ, նոր երազանքներ և իրականցնել. այս մասին Ազատության հրապարակում՝ «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած բազմամարդ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Արցախյան շարժումից 33 տարի անց այս պատմական հրապարակում, այս պատմական օրը մենք պետք է հայ ժողովրդի պատմության մեջ բացենք նոր լուսավոր էջ։ Սիրելի հայրենակիցներ, դուք այսօր խորը ապտակ տվեցիք այս իշխանական խմբակին, բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ այս շարժումը մարել է, ովքեր ասում էին, որ այս ժողովուրդը համակերպվել է այս իրավիճակին։ Եկեք մեկ անգամ ևս, բոլորս բռունքներս բարձր, մեջքներս ուղիղ ամբողջ աշխարհին ցույց տանք, որ հայ ժողովուրդը չի պարտվել, հայ զինվորը չի պարտվել և մենք միասին՝ համատեղ ուժերով հեռացնելու ենք այս իշխանությանը և կառուցելու ենք մեր երազած հայրենիքը», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ըստ ՀՅԴ-ական գործչի՝ հայ ժողովուրդը այսպիսի ապիկար, տկար, սրիկա, անսրբություն, ստախոս իշխանություն երբեք չի ունեցել։ «Այս մասին դուք բոլորդ գիտեք, և սա ապացուցելու, հիմնավորելու կարիք չկա։ Մենք բոլորս միասին պետք է հասկանանք՝ ինչ ճանապարհով և որքան արագ պետք է հեռացնենք այս իշխանություններին։ Մենք ծանոթ ենք ձեր տրամադրություններին, տեսել ենք ձեր վճռականությունը, որը մեկ անգամ այսօր ևս փաստվեց։ Մենք գիտենք նաև ձեր քննադատությունները, դժգոհությունները առ այն, որ մինչ օրս այս դավաճան իշխանությունը մնում է իր աթոռին։ Մենք ունենք պատասխանատվություն ձեր առջև, ունենք պատասխանատվություն երկրի առջև և մենք երբեք ձեզ չենք տանելու արկածախնդրության։ Մենք միասին ծրագրավորված, համառ, հետևողական պայքարի արդյունքում հեռացնելու ենք այս չարիքի կառավարությանը և կառուցենք մեր երազանքների հայրենիքը։
Հիշո՞ւմ եք իշխանությունների հեռացման այն 4 ճանապարհների մասին, որոնց մասին խոսել ենք՝ պաշտոնանկություն, հրաժարական, դատախազության կողմից մեղադրանք-ձերբակալում կամ կառավարության անդամների մեծամասնության կողմից անվստահություն։ Այս 4 ճանապարհներից մեկով կամ մի քանիսը միասին իրականություն կդառնան միայն մեկ դեպքում, եթե այս դավաճան կառավարության հեռացման համաժողովրդական պահանջը դարձնենք համաժողովրդական պայքար։ Կոչ եմ անում մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մտքով, սրտով, հոգով մեզ հետ են, բայց տարբեր պատճառներով այս հրապարակում չեն. իրենք պետք է իրենց բողոքը արտահայտեն յուրովի, իրենց՝ հրապարակ չգալը չձորձեն արդարացնել նախկինների վերադարձով կամ ինձ, գործընկերներիս չսիրելու պատճառով։ Իրենք մեզ համար չեն գալիս այս հրապարակ, իրենք գալիս են, որպեսզի միասին փրկենք մեր հայրենիքը։
Կոչ եմ ուղղում երկուս ու կես տարի առաջ ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին։ Դուք մեղավոր չեք, դուք չպետք է ապրեք մեղքի զգացումով, Նիկոլը ձեզ խաբել է, Նիկոլը խաբել է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև կուսակցություններին, քաղաքական գործիչներին, մտավորականներին, զինվորականներին, գիտանականներին, խաբել է բոլորին։ Դուք առիթ ունեք ձեր սխալը ուղղելու։ Եկե՛ք, կանգնե՛ք մեր կողքին, եկեք, որ կառուցենք վաղվա Հայաստանը, եկեք, որ մեր կորցրած արժանապատվությունը վերականգնենք, եկեք, որ ոտքի կանգնենք, եկեք, որ հայ մնանք, եկեք, որ մեր հայրենիքում ապրենք։
Ձեզ ցանկանում եմ տեղեկացնել մի շատ կարևոր նախաձեռնության մասին. առաջիկայում մենք գումարելու ենք համահայկական մեծ ֆորում։ Այս պահից սկսած այդ ֆորումի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տրվում է, ձեր բոլորի կարծիքները, տեսակետները, գաղափարները մեզ համար շատ կարևոր են։ Այդ ֆորումով սկիզբ է դրվելու Հայաստանի վերելքի ծրագրին։ Համահայկական ֆորումում մեկտեղվելու են ռեսուրսներ, գաղափարներ, ծրագրեր, առաջարկների և ձևակերպվելու է համահայկական նոր օրակարգ՝ ազգային վերածննդի ծրագիր։
Մեր բոլորիս երազանքը սրան հեռացնելը չի, մեր բոլորիս երազանքը հզոր Հայաստան ունենալն է,առաջատար գիտությամբ, զարգացած տնտեսությամբ, ժամանակակից բանակով ազգային պետություն ունենալն է։ Դրան հասնելու համար կա մեկ, գլխավոր խոչընդոտ՝ Նիկոլ Փաշինյան։
Հետևաբար եկեք այս հրապարակում ևս մեկ անգամ պայմանավորվենք, որ չենք նահանջելու, գնալու ենք մինչև վերջ՝ միասին, համառ, հետևողական։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։