Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն օրեր առաջ հայտարարել էր, որ հնարավոր ամեն ինչ անում են Արցախյան պատերազմին մասնակից ազատամարտիկների խնդիրները լուծելու համար: Նա նշել էր նաև, որ նախագիծ են մշակում, որի քննարկմանը շատ մարդիկ են մասնակցում, այդ թվում` ազատամարտիկներ:
Yerkir.am-ն այսօր Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանից (Կոմանդոս) հետաքրքրվեց` նա նույնպե՞ս մասնակցում է նախագծի քննարկումներին, թե՞ ոչ: «Ո'չ, ինձ հետ չեն խորհրդակցել: Ես էլ կցանկանայի, որ ինձ լսեին»,-պատասխանեց նա և հավելեց, որ ինքը պատրաստ է այդ հարցի վերաբերյալ համապատասխան առաջարկություններ անել:
Իսկ, թե ինչպե՞ս պետք է կանոնակարգվի ազատամարտիկների խնդիրները հարցը, ազատամարտիկը նշեց. «Ցանկացած երկրում պատերազմին մասնակցած մարդիկ արտոնություններ ունեն: Ճիշտ է, մենք չենք կարող ԱՄՆ-ի կամ այլ խոշոր պետությունների հետ ոտք մեկնել և ասել` ազատամարտիկներին տրվող թոշակը 5 անգամ բարձրացրեք, քանի որ հասկանում ենք մեր երկրի ներկայիս վիճակը: Մարտի դաշտում կռվածը, կապ չունի ֆիզիկապես վիրավորվել է, թե` ոչ, միևնույն է, մնում է վիրավոր` հոգեբանորեն, և ճիշտ չէ ընդամենը մի քանի հազար դրամ տալ և ասել` բավարարվեք»:
Կոմանդոսը, բերելով Հայրենական մեծ պատերազմին մասնակցած վետերանների օրինակը, նշեց, որ Հայաստանը միշտ էլ պատերազմում կռված մարդկանց վատ է նայել: «Մարդը ժամանակին կռվել է մարտի դաշտում, իսկ այժմ շատ բան չի ուզում` ընդամենը ցանկանում է իր տունը պահել»,- ասաց նա և հավելեց, որ իհարկե, կան որոշ ազատամարտիկներ, ովքեր պետությունից ոչինչ չեն ուզում, քանի որ դրա կարիքը չունեն:
Լեգենդար հրամանատարի խոսքով` այսօր մեծ աշխատանք պետք է տարվի` պարզելու, թե ով է կռվել, ով ինչի կարիք ունի: «Պետությունը չունի ազատամարտիկներին շատ լավ պահելու հնարավորություններ, չեն կարող հենց այնպես այդ գումարները տպել ու տալ, սակայն մենք տեսնում են, թե մեր երկրում ինչ խարդախություներ են տիրում, ինչքան փող են ուտում, ու տեսնում ենք, թե մարդիկ ոնց են պետությանը խաբում»,- ընդգծեց նա:
Տեր-Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ համաձայն չէ այն կարծիքին, թե Հայաստանը շատ բան է արել ազատամարտիկների համար. «Շատ քիչ է արված, մեր պետությունն իր հնարավորություններից քիչ է արել»:
Նշենք, որ Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին Կոմանդոսն իր աջակցությունն էր հայտնել: