Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն Ամանորի կապակցությամբ ուղերձ է հղել համակարգի աշխատակիցներին, որը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։
Անցնող տարվա մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմով, խաթարեցին յուրաքանչյուրիս բնականոն կենսակերպը` լրջագույն փորձությունների առջև կանգնեցնելով նաև մեր երկրի տնտեսությունը:
Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում կարող ենք արձանագրել, որ հարկային և մաքսային ոլորտներում շարունակվել է բարեփոխումների գործընթացը, ակտիվ քայլեր են կատարվել տնտեսության մեջ ստվերի նվազեցման և հարկ վճարողների կարգապահության բարձրացման ուղղությամբ։ Ընդլայնվել են էլեկտրոնային հարթակում ՊԵԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները։ Համավարակի պայմաններում առավել ինտենսիվ է դարձել հանրության հետ հաղորդակցությունը: Օգտվելով հաղորդակցման ժամանակակից գործիքակազմից և նորարական լուծումներից՝ ՊԵԿ-ն ակտիվորեն շարունակել է նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության և փորձի փոխանակման աշխատանքը։
Հարգելի՛ գործընկերներ, մենք պետք է հետայսու ևս գործենք սրտացավորեն և մեր լավագույն ջանքը ներդնենք` ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Պետության առջև ծառացած մարտահրավերները, այդ թվում` տնտեսական ոլորտում, կարող ենք հաղթահարել միայն համախմբված և համառ աշխատանքով, համահայկական շահի գիտակցմամբ։ Տնտեսությունն է այն քաշող ուժը, որը երկիրը դուրս կբերի ճգնաժամային ամեն տեսակի փորձություններից։ Այդ ուղղությամբ քայլերը պետք է սկսենք ինքներս մեզանից։
Նոր տարում հարկային և մաքսային ծառայողը պետք է տասնապատկված եռանդով և առավել մեծ հետևողականությամբ շարունակի մասնագիտական կարողությունների և վերլուծական ունակությունների կատարելագործման ուղղությամբ ջանքերը: Կարևոր առաջնահերթություն պետք է դառնա հանրության շրջանում օրինապահ հարկ վճարողի կերպարի հանդեպ հարգանքի ամրապնդման, նմանօրինակ վարքագծի խրախուսման ուղղությամբ աշխատանքը, ինչպես նաև՝ արատավոր երևույթների դեմ անզիջում պայքարը։ Օրենսդրության տառի ու ոգու պահպանումը մեր սուրբ պարտականությունն է, պետության առաջընթացն ապահովող կարևորագույն նախապայմանը:
Գալիք` 2021 թվականին, մեր կարևոր անելիքներից է Հայաստանի սահմանների տնտեսական անվտանգության ապահովման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը։
Սիրելի՛ գործընկերներ, մաղթում եմ, որ գալիք տարին մեր Հայրենիքի համար լինի հզորացման, զարգացման, ստեղծագործ և խաղաղ աշխատանքի տարի»: