Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Արցախ այցի շրջանակներում ունեցած պաշտոնական հանդիպումների շրջանակներում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ քննարկել ենք հարցերի լայն շրջանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Քննարկված հարցերի առաջին խումբն առնչվում է Արցախի սահմանների պաշտպանությանն ու ազգաբնակչության անվտանգության ապահովմանը, երկրորդը՝ Արցախի կարգավիճակին, երրորդ խումբը՝ Արցախի բնակչության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին։
Հանդիպումների ընթացքում վերահաստատել եմ, որ ՀՅԴ-ն իր համահայկական ողջ կառույցով և հնարավորություններով պատրաստ է ամբողջական և գործուն մասնակցություն ունենալ այս երեք ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Շեշտել եմ նաև, որ Դաշնակցության կամավորներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են կրկին պաշտպանել հայրենիքի սահմանները։
Հանդիպումների ընթացքում երկուստեք բացառվել է Արցախի կարգավիճակի ամրագրումն Ադրբեջանի կազմում։
Ըստ այդմ՝ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ հետագա քննարկումները շարունակելու և աշխատանքները համադրելու մասով ևս ձեռք է բերվել լրացուցիչ պայմանավորվածություն։
Արցախի պաշտոնյաներին փոխանցել եմ, որ ՀՅԴ-ն իր համահայկական ողջ ներուժով, Հայ դատի գրասենյակներով և հանձնախմբերով պատրաստ է այս նոր իրավիճակում լծվել այդ աշխատանքներին։
Սոցիալ-տնտեսական ուղղությամբ ևս մի շարք աշխատանքներ կան իրականացնելու, և այստեղ ևս Դաշնակցությունը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ։
Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի բնակչությունն իր թիկունքում զգա 10 մլն հայության շունչը։ Մենք պետք է այսօր կանգնենք Արցախի և արցախցու կողքին, և դա չպետք է լինի խոսք, այլ հստակ գործ։ Մենք պարտվելու իրավունք չունենք. ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, և դա պետք է տեղի ունենա համայն հայության աջակցությամբ, համատեղ մշակված քայլերով։
Կորցնել Արցախը՝ նշանակում է կորցնել Հայաստանի Հանրապետությունը և առհասարակ փակել հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Ով, ով, բայց Դաշնակցությունը դա թույլ չի տալու»,- գրել է Սաղաթելյանը: