Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ իշխանության վարած ապազգային քաղաքականությունը պառակտեց հայ հասարակությունը, խորացրեց ներքաղաքական ճգնաժամը, թուլացրեց երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը, ինչի հետևանքով Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ օժանդակությամբ ստացավ լայն հնարավորություններ՝ իրականացնելու իր վաղեմի երազանքը` Արցախյան հիմնախնդրի լուծման խաղաղ բանակցային գործընթացի տապալում, Հայկական հարցի մեկընդմիշտ լուծում:
Արցախի Հանրապետությունը բախվեց լայնածավալ պատերազմի՝ ցավալի հետևանքներով:
Հետպատերազմյան իրողությունները անհերքելի դավաճանական ծրագրի արդյունք են. Արցախի Հանրապետության կորսված, թշնամուն հանձնված տարածքներ, հայ երիտասարդ սերնդի մի հատվածի ոչնչացում՝ հազարավոր զոհեր, գերիներ, անհետ կորածներ, Հայաստանի Հանրապետության սահմանների խախտում, հողերի աստիճանական հանձնում:Ադրբեջանցին մտնում է հայկական գյուղերը, հոխորտում հայ գյուղացու վրա,գյուղապետն ու գյուղացին են պայքարում թշնամու դեմ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի 2021 թ. փետրվարի 16-ի այցը Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող և Սրաշեն գյուղեր վեր հանեց բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքներին սպառնացող վտանգներ և խախտումներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի փաստարկմամբ՝ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ կամ մարզի համայնքներն իրար միացնող ճանապարհներին, նրանց ցանկացած տեղաշարժ այդ ճանապարհներով ոտնահարում են Սյունիքի խաղաղ բնակչության` Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, սպառնալիք են նրա կյանքի ու խաղաղության համար :
Հայաստանի Հանրապետության սահմաններում փաստացի կատարվող իրողությունները, ՀՀ բնակչության ֆիզիկական գոյության, պետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության դեմ այլ պետությունների ոտնձգությունները, միջամտությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ՀՀ ռազմական անվտանգության արտաքին սպառնալիքներ են (ՀՀ ռազմական դոկտրին):
Անվտանգության երաշխիքներ չունեցող, արոտավայրերից, ճանապարհներից, անտառներից զրկված Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները լքում են իրենց բնակավայրերը: Դավիթ Բեկ գյուղի գյուղապետի խոսքերով. «Սյունեցիները լքում են գյուղը, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան. 20 երեխայի արդեն հանել են դպրոցից, գյուղացիները վաճառում են իրենց անասունները, քանի որ դիրքերը ադրբեջանցիներին հանձնելուց հետո ո՛չ կարող են անասնապահությամբ զբաղվել, ո՛չ էլ ցանքատարածքները մշակել»:
Ժողովրդագրական բացասական միտումները, հատկապես՝ սահմանամերձ շրջաններում, ՀՀ քաղաքացիների արտագաղթը, դրանք խթանող գործողություններն ու գործոնները թուլացնում են պետության անվտանգությունը:
Ադրբեջանի առաջխաղացումը պայմանավորված է Թուրքիայի ակտիվ քաղաքականությամբ. Հարավային Կովկասը աշխարհատնտեսական, ռազմավարական և անվտանգության տեսանկյունից մեծ կարևորություն ունի Թուրքիայի համար: «Տարածաշրջանում, որտեղ խոր էթնիկական հակասություններ ու թշնամություն կա, Թուրքիայի հետ բարեկամությունը կենսական նշանակություն ունի Արևմուտքի համար» :
Թիկունքում ունենալով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունը, Արևմուտքի հովանավորությունը` Թուրքիան ձգտում է ամրապնդվելու Հարավային Կովկասում, ընդլայնելու այդտեղ իր քաղաքական և ռազմական ներկայությունը` միաժամանակ բացահայտորեն հանդես գալով Ադրբեջանի օգտին՝ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կայքում հրապարակված «Թուրքիա-Ադրբեջան. պաշտպանական համագործակցությունից ռազմական դաշինք» վերնագրով հոդվածում նշվում է, որ թուրք-ադրբեջանական եղբայրական կապերը վերաճել են ռազմական դաշինքի, որի նպատակն է փոխել ռազմավարական հավասարակշռությունը Հարավային Կովկասում:
Թուրք-ադրբեջանական դաշինքի իրավական հիմքը 1990-ականներին ձեռք բերված պայմանավորվածություններն են, որոնք ապահովում են Ադրբեջանի զինվորականների կրթությունը Թուրքիայում, և 2010 թվականին կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության պայմանագիրը» որում նշվում է, որ երրորդ երկրի կողմից Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ հարձակման դեպքում կողմերը անվտանգության միասնական միջոցառումներ և պաշտպանություն կիրականացնեն:
2010 թ. Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված ռազմական համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրով կարևորվում է համատեղ զորավարժությունների անցկացումը, որոնք կողմերը պարբերաբար իրականացնում են, այդ թվում` Նախիջևանի տարածքում:
Թուրքիայի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի` Նախիջևանում գտնվող ստորաբաժանումներն Ադրբեջանի պաշտպանության հարցում կենսական նշանակություն ունեն, քանի որ ցանկացած բախման դեպքում կկարողանան Հայաստանի ԶՈՒ-ին երկու ճակատով պատերազմ պարտադրել և ճնշման տակ պահել հիմնական ճակատի թիկունքը :
Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված դաշինքների ստեղծումը, ամրապնդումն ու ընդլայնումը, մասնավորապես` Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ռազմավարական դաշինքը, վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետությունը շրջափակելու քայլերը, որոնք դիտարկվում են որպես ուժի կիրառում, սպառազինման և վերազինման անվերահսկելի գործընթացը, սպառազինման մրցավազքը, Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ զորքերի խմբավորումների ստեղծումը և տեղաբաշխումը, դրանց խոշորամասշտաբ կուտակումները և տեղաշարժը, այդ թվում` զորավարժությունների անվան տակ, ՀՀ ռազմական անվտանգության արտաքին սպառնալիքներ են (ՀՀ ռազմական դոկտրին):
Անվտանգության ի՞նչ երաշխիքներ ունենք` սպառնալիքներին դիմակայելու, եթե ներկայիս պայմաններումԱրցախի անվտանգությունը ապահովում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը երկրում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով: Բացի այդ` Ռուսաստանի Դաշնությունն ունի իր ռազմական հենակետը Հայաստանում(ռուսական 102-րդ ռազմաբազա),և սա հնարավորություն է Ռուսաստանի համար անհրաժեշտության դեպքում ամրապնդվելու հակամարտության գոտում (թուրքական գործոնով պայմանավորված):
Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն ամրագրված են մի շարք համաձայնագրերով և պայմանագրերով: Առանցքային նշանակություն ունի ռազմակայանի վերաբերյալ ՀՀ-ՌԴ պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թ. մարտի 16-ին կնքվել է պայմանագիր Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին : Ըստ այդ պայմանագրի 3-րդ հոդվածի ՝ ռուսական ռազմակայանը պետք է կատարի կողմերի համապատասխան պայմանավորվածություններից բխող պարտականությունները: Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում, Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանելու պարտականությունից բացի, ռուսական ռազմակայանը Հայաստանի զինված ուժերի հետ պետք է ապահովի ՀՀ անվտանգությունը :
Ռուսական ռազմակայանի զինվորական կազմավորումների գործադրումն իրականացվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների, 1992 թ. մայիսի 15-ի` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1997 թ. օգոստոսի 29-ին կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի հիման վրա և կողմերի օրենսդրություններին համապատասխան:
Անհրաժեշտ է ներկայիս պայմաններում առաջնահերթություն համարել Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումը` որպես Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման կարևոր քայլ:Այդ նպատակով «Հայ Յեղափոխական Դաշնակցության» նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում 2019թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը: Այն միտված էր նոր ազդակ հաղորդելու Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին: Կոչն ուղղված է ՀՀ և ԱՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների մարմիններին՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորինս սեղմ ժամկետներում իրավապայմանագրային հարաբերությունների բացը լրացնելու և համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ։
Առաջնահերթությունների շարքում պետք է լինի է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերի համատեղ պաշտպանության ծրագրերի իրականացումը: Հիմք ընդունելով ՀՀ ռազմական դոկտրինը , ՀՀ պաշտպանական ռազմավարության սահմանած սկզբունքները, նպատակները և խնդիրները`վարել ՀՀ ռազմական անվտանգությունն ապահովող պաշտպանական քաղաքականություն, որի առաջնահերթ նպատակը պետք է լինի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական անվտանգության սպառնալիքների կանխարգելմանն ու չեզոքացմանը նպաստող պաշտպանական ծրագրերի ու պլանների կենսագործումը:
Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակին. «Արցախում պետք է վերակազմակերպեն զինված ուժերը և ներքին ռեսուրսներով կազմակերպեն պաշտպանության գործընթացը։Կարծում եմ՝ նման որոշումը պայմանավորված է հետպատերազմյան իրավիճակով, զորամասերում, զորամիավորումներում և առհասարակ զորքերում առկա իրավիճակով՝ բարոյահոգեբանականից մինչև սպառազինություն, աշխարհագրական վիճակից մինչև առաջադրվող խնդիրներ»:
Կարևոր է նաև ՀՀ նախագահի 2018 թ. փետրվարի 17-իՆ Հ-103-Ա հրամանագրով ՀՀ զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրի իրականացումը: Արդիականացման ծրագիրը ռազմավարական բնույթի ուղեցույց-փաստաթուղթ է, հիմնված է ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի հիմնական հասկացությունների վրա: Դրա հիմքում ընկած են զինված ուժերի արդիականացումը և ազգային հավաքական ներուժի արդյունավետ գործադրումը, որոնք կոչված են բարձրացնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության և ազգային անվտանգության մակարդակը, երաշխավորելու Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը:
Նշված առաջնահերթությունները պայմանավորված են Հայաստանի ներքաղաքական կայունությամբ. ժողովուրդը սպասում է վճռական, համարժեք քայլերի՝ իր ուսերի վտանգավոր բեռը թոթափելու: Հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն ազգային բանակի, հանուն ազգային արժեքների, հանուն հայ ժողովրդի հավերժության այսօր կենսական անհրաժեշտություն է լինել միակուռ և համախմբված:
Արփի Աբրահամյան
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ազգային անվտանգության բաժնի ուսանող