Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի կողմից մարտի 6-ին կազմակերպվել էր «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովը: Արմենոֆոբիայի`որպես խնդրի, դրա դրսևորումների և կազմակերպված համաժողովի արդյունքների ու սպասելիքների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի հետ:
- Վերջերս Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ հայատյացության թեմայով համաժողովը: Ո՞րն էր այս միջոցառման կազմակերպման նպատակը, ի՞նչ կառուցներ էին մասնակցում: Ի վերջո, ո՞րն էր համաժողովի հիմնական շեշտադրումը:
-Նախ նշեմ, որ այս խորհրդաժողովի թեման առաջին անգամ էր շոշափվում Եվրոպական խորհրդարանում: Սա շատ կարևոր էր, որովհետև հայատյացությունը, հատկապես` Իլհամ Ալիևի իշխանության ներքո, ահռելի թափ է ստացել և իրականում շատ վտանգավոր է: Այն խրախուսվում է պետության կողմից, և ամեն ինչ արվում է պետական մակարդակով: Սա անհատ քաղաքացիների կարծիք չէ, պետությունն այս ամենը «սնում է» և ամեն ինչ անում, որ մարդկանց մեջ պահպանվի: Մենք դրա հետևանքները տեսանք ապրիլյան պատերազմի ժամանակ:
Խորհրդաժողովի նպատակն էր բարձրաձայնել այս թեման տարբեր տեսանկյուններից, ընդ որում`մասնակիցները հիմնականում հայեր չէին: Ներկա էին Թուրքիայում մարդու իրավունքների ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուն, Կրակովի Ջագիելլոնիան համալսարանի պրոֆեսոր Յակուբ Օսիեցկին, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և նախկին ՄԻՊ, իրավաբան Ռուբեն Մելիքյանը: Այսինքն` նպատակն էր հարցը ներկայացնել համապարփակ ձևով, քանի որ այդ երևույթն իր սուր դրսևորումներն ունի Թուրքիայում և Ադրբեջանում: Խորհրդաժողովը`որպես առաջին քայլ, հաջող անցավ: Ունեինք բավականին մեծ լսարան`մոտ 100 մարդ էր ներկա, այդ թվում` Եվրոպայի խորհրդարանի աշխատակիցներ, տարբեր պատգամավորների խորհրդականներ և օգնականներ, ԵՄ-ում տարբեր երկրների ներկայացուցչությունների պատվիրակներ: Ներկա էին նաև ադրբեջանցի ուսանողներ, որոնք իրականում եկել էին խանգարելու նպատակով ու հստակ ուղերձով, որպեսզի հաջորդ օրը ադրբեջանական մամուլում հոդված հրապարակվի, թե նրանք կարողացան խանգարել «հայերի պրովոկացիան»: Բնականաբար, դա քարոզչություն է և իրականությանը չի համապատասխանում:
Մեզ համար այս հարցի բարձրացումը կարևոր է նաև Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում, քանի որ պարզ է` հայ և ադրբեջանցի ժողովուրդներին այս պահին վիճակված է ապրել կողք կողքի, և պետք է գա ինչ-որ պահ, երբ արդեն կսկսենք խոսել խաղաղության մասին: Այս համատեքստում շատ կարևոր է, որ արհեստական ձևով մարդկանց մեջ ատելություն չսերմանվի:
-Խոսենք մամուլի անդրադարձների մասին: Ի՞նչ արձագանքներ եղան եվրոպական մամուլում միջոցառման ժամանակ և դրանից հետո:
- Մեր խորհրդաժողովը մամուլում լայն արձագանք ստացավ: Նշեմ նաև, որ հյուրընկալվեր էր կիպրոսցի պատգամավոր Էլենի Թեոխարուսը, որը հիանալի ելույթ ունեցավ` ասելով, որ, հայերին ճանաչելով, ցանկացած մարդ արմենոֆոբից վերածվում է արմենոֆիլի, այսինքն`սկսում է սիրել հայերին: Նրա գրասենակը թե՛ մամուլի հաղորդագրություն տարածեց, թե՛ սոցիալական կայքերում գրեցին արդեն կոնկրետ իրենց լսարանի համար:
- Առաջիկայում նմանատիպ միջոցառում անցկացվելո՞ւ է:
- Մենք շարունակելու ենք բարձրաձայնել այս խնդիրը: Այս անգամ խորհրդաժողով կազմակերպվեց, բայց խնդիրը միշտ բարձրաձայնվում է, օրինակ` տարբեր քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ` ավելի նեղ շրջանակներում: Դեռևս պարզ չէ, թե ապագայում ինչ միջոցառումների տեսքով մենք կբարձրաձայնենք:
-Արցախի հիմնահարցի լուծման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում այս պահին:
- Այս պահին Արցախի հիմնահարցի կարգավորումը մեզ համար առաջնային է: Ես կասեի` մենք իրականացնում ենք դասական լոբբիստական աշխատանք, այսինքն` փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Եվրոպական խորհրդարանում ընդունվող որոշումները լինեն հայանպաստ: Դա, բնականաբար, ենթադրում է անմիջական աշխատանք Եվրոպական Միության խորհրդարանի պատգամավորների հետ: Մենք նաև սկսել ենք ակտիվորեն սատարել խորհրդարանական դիվանագիտությանը: Մեր գերխնդիրն այս պահին տարբեր ճանապարհներով Արցախը մեկուսացումից դուրս բերելն է` հաստատելով կապ քաղաքական շրջանակների և քաղաքացիական հասարակության միջև: Վերջին 5 տարվա ընթացքում մենք 30-40 պատգամավոր ենք տարել Արցախ, և փաստ է, որ նրանք Ադրբեջանի կողմից սև ցուցակում հայտնվելուց չեն վախեցել:
Շատ ենք կարևորում նաև «մշակութային դիվանագիտություն» կոչվածը: Մեզ համար կարևոր է, որ Արցախը ոչ թե ներկայանա որպես պարզապես երկիր կամ տարածք, որտեղ հակամարտությունն է գլխավորում ամեն ինչ, այլ մի վայր, ուր մարդիկ ապրում ու ստեղծագործում են` ներկայացնելով մարդկային դիմագիծը կամ զբոսաշրջային ներուժը: Այդ առիթով 2016 թվականի նոյեմբերին կազմակերպվել էր ցուցահանդես բրյուսելյան ամենահայտնի մշակութային օջախներից մեկում:
Մենք կարևորում ենք դիվանագիտության մեջ ներգրավվել պատրաստվող` Արցախի և Հայաստանի երիտասարդ սերնդին համապատասխան գիտելիքով և փորձով զինելը: Այդ նպատակով հիմնվել է «Վահան Հովհաննիսյան» կրթաթոշակը, որը հնարավորություն է տալիս գալու մեր գրասենյակ, անցնելու փորձառություն, ինչպես նաև ավելի մոտիկից ծանոթանալու Եվրոպական խորհրդարանի աշխատանքներին ու աշխատելու պատգամավորների գրասենյակներում: Ունենք նաև համաձայնություն Արցախի արտաքին գործերի նախարարության հետ:
-Ւնչպե՞ս են ընտրվում մասնակից երիտասարդները:
-Կրթաթոշակին դիմելու համար ամեն ինչ շատ բաց է: Մենք հայտարարություն ենք տարածում, այնուհետև ընդունվում են հայցադիմումները, հետո անցկացվում է հարցազրույց` «Սկայպ»-ի միջոցով: Մեզ համար առաջնային է ընտրել այնպիսի երիտասարդների, որոնք, գիտելիքներից բացի, ունեն նաև մեծ ցանկություն վերադառնալ Հայաստան և Արցախ ու աշխատել այստեղ:
Գոյություն ունի նաև «Erasmus for young entrepreneurs» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին գալու Բրյուսել և արդեն իրենց նախաձեռնություններով հանդես գալու`համագործակցելով Եվրոպական Միության հետ: Դրանք կարող են լինել կազմակերպությունների ստեղծում կամ նոր բիզնես գաղափարներ: Այս դեպքում ԵՄ-ն 5 ամսով կրթաթոշակ է տալիս, որպեսզի զարգացնեն իրենց գաղափարը և իրագործեն:
-Իսկ առաջիկայում Արցախ այցեր նախատեսվո՞ւմ են:
-Մենք պարբերաբար կազմակերպում ենք այցեր Արցախ: Այս գարնան ընթացքում չեն նախատեսվում, քանի որ ԵՄ-ում շուտով ընտրություններ են, ու փոքր-ինչ զբաղված շրջան է: Իսկ ինչ վերաբերում է հետագային, ապա այս պահին բավականին մեծ գերմանական խմբի այց է պլանավորված: Այն տեղի կունենա օգոստոսին: Պատվիրակությունում կլինի մոտ 25 մարդ, այդ թվում`դասախոսներ և հասարակական գործիչներ: Պատվիրակությունը կգլխավորի Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը, որը դեռ 2018 թվականին ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և իմ ուղեկցությամբ ժամանել էր Արցախ: