կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-23 20:13
Քաղաքական

Որո՞նք են Էլեկտրաէներգիայի թանկացման հնարավոր պատճառները և հետևանքները

Որո՞նք են Էլեկտրաէներգիայի թանկացման հնարավոր պատճառները և հետևանքները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օրերս տեղեկացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների հնարավոր վերանայման մասին:

Ըստ ՀՀ ՀԾԿՀ-ի՝ 2020 թվականի սեպտեմբերի 10-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2021 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները։

Մասնավորապես, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Արդյունքում, առաջարկվում է՝ 1) սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները թողնել անփոփոխ, 2) իսկ մնացած սպառողների համար բարձրացնել 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Թեև նշվում է, թանկացումը, ըստ էության, վերաբերում է միայն տնտեսվարողներին, որոնք ամսական 400 կՎտժ և ավելի հոսանք են սպառում, սակայն, իրականում, այս թանկացմանն ուղիղ կերպով առնչվելու են բնակիչ-բաժանորդները, քանի որ ապրանքների ու ծառայությունների սպառողը հենց բնակիչն է: Առկա տնտեսական իրավիճակում այս թանկացումն, ըստ տնտեսագետների, լուրջ սոցիալական հետևանքներ է առաջ բերելու:

Նկատենք՝ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը դեռ պետք է քննարկվի ՀԾԿՀ-ում, ու նոր միայն որոշում կայացվի, իսկ թե ինչ կոնկրետ հետևանքների կառնչվի սպառողը հայտի ընդունման դեպքում, 168.am-ի հետ զրույցում նշել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը. «Փաստենք, որ միայն էլեկտրաէներգիան չէ, որ թանկացել է. մենք ունենք նաև վառելիքաէներգետիկ ռեսուրսների թանկացում, որը շարունակվելու է՝ պայմանավորված ազգային արժույթի արժեզրկմամբ, նաև՝ այլ գործոններով: Այսպիսի իրավիճակում կթանկանան ոչ միայն ներկրվող ապրանքների գները, այլ նաև՝ հենց երկրում արտադրվող, որովհետև ծախսերն են մեծանալու, և այդ գնաճը հարվածելու է նախևառաջ աղքատներին և ծայրահեղ աղքատներին՝ սրելով առանց այն էլ առկա և խորացող սոցիալական խնդիրները»:

Տնտեսագետը, որպես ստեղծված վիճակի սոցիալական հետևանք, առանձնացրեց աղքատության մակարդակի բարձացումը, իսկ տնտեսական հետևանքներից՝ արտահանման նվազումը. «Այդ ծախսերի բարձրացումը, հատկապես այն ճյուղերը, որտեղ էլեկտրաէներգիան կարևոր ծախսային ուղղություն է, կկորցնեն իրենց միջազգային մրցունակությունը միջազգային շուկաներում: Այսինքն՝ սա կբերի նաև արտահանման նվազման և նաև ներմուծման ավելացման. մենք կունենանք վճարային, առևտրային հաշվեկշռի վատացում, ինչն արդեն նկատելի է, որովհետև մեր արտահանումը կրճատվում է:

Եվ սրանք, ընդհանուր առմամբ, տնտեսական աճի վրա բացասաբար ազդող էական գործոններ են: Իրականում, դրանք բոլորն էլ արդեն իսկ այսօր առկա են, և եթե էլեկտրաէներգիայի թանկացումն էլ վրա հասնի, սա ճգնաժամը խորացնելու է գործնականում»:

Էներգետիկ, աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը թեմայով մի քանի դիտարկումներ արեց.

«Էլեկտրաէներգիայի թանկացումը միշտ էլ շղթայական ռեակցիա է առաջացնում: Քանի որ 400 կՎտժ-ի մասին է խոսքը, նշանակում է, որ հիմնական հարվածը հասցվելու է հենց արտադրական հզորություններին, գրասենյակներին, այսինքն՝ իրավաբանական անձանց, բիզնես համակարգերին: Սա նշանակում է, որ ականատես կլինենք ծառայությունների թանկացման, արտադրվող ապրանքի թանկացման և այլն: Էլեկտրաէներգիայի թանկացումն այնպիսի մեծ ծավալներ է ընդգրկում, որ հասկանալի է՝ խուսափել ապրանքների և ծառայություների թանկացումից՝ ուղղակի հնարավոր չէ»:

Հարցին, թե որքանով է թանկացումը հիմնավորված, քանի որ եղան նաև քննադատություններ՝ հիմնավորման հետ կապված, Արմեն Մանվելյանը պատասխանեց. «Դժվարանում եմ պատասխանել, թե որքանով է հիմնավորված, բայց մյուս կողմից էլ, եկեք ընդունենք, որ Հայաստանում տնտեսական լուրջ կոլապս կա, էներգետիկ ոլորտում կան բավականին բացասական միտումներ՝ սկսած նրանից, որ ատոմակայանի աշխատանքը պետք է կանգնեցվի բավականին երկար ժամանակով, իսկ ատոմակայանը, չմոռանանք, որ ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրող հզորությունն է, որն ապահովում է ՀՀ էլեկտրաէներգիայի պահանջի 30-35 տոկոսը:

Եվ երբ դու այդ էժան տոկոսը, էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը հանում ես գործառույթից, ապա սկսում են աշխատել ջերմակայանները, որոնք ամենաթնակ էլեկտրաէներգիա արտադրող հզորություններն են: Սա էլ նշանակում է, որ մենք ավելի շատ գազի կարիք կունենանք, ավելի շատ ստիպված կլինենք գազ ներմուծել: Թանկ էլեկտրաէներգիան էլ ինչ-որ մեկը պե՞տք է վճարի՝ կամ դա պետությունը պետք է անի իր գրպանից, կամ՝ ինչ-որ մեկի վրա գցեն: Հիմա որոշել են՝ բիզնեսի, արտադրական հզորությունների վրա այդ ծանրությունը դնել»:

Ի դեպ, Էներգետիկ, աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետից հետաքրքրվեցինք նաև ատոմակայանի աշխատանքների այդչափ երկար կանգնեցման պատճառների մասին, քանի որ պաշտոնական բացատրությունները կարծեք թե սպառիչ չէին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, անդրադառնալով 140 օրով ատոմակայանի աշխատանքը կանգնեցնելուն, ասել էր, որ 2021-ին նախատեսվում է բավականին լայնածավալ աշխատանքների իրականացում, ինչով պայմանավորված էլ՝ ատոմակայանն իր սովորական ռեժիմից շատ ավելի երկար կկանգնի:

«Նույնկերպ, ինձ համար էլ է անհասկանալի, բայց եկեք չմոռանանք, որ ատոմակայանի վերանորոգման աշխատանքը պետք է կատարեր ռուսական կողմը, վարկը նույնպես տրամադրում էր ռուսական կողմը, բավականին էժան վարկ, բայց հայկական կողմը՝ Հայաստանի կառավարությունը, հրաժարվեց դրանից, հայտարարեց, որ ինքն Ատոմակայանի վերանորոգումը կանի իր միջոցներով:

Երբ հարց ուղղեցին, թե ինչ միջոցների մասին է խոսքը, և որտեղից իրեն այդ միջոցները, ասացին, որ իրենք պատրաստվում են պարտատոմսեր տպել և պարտատոմսերի գումարներով էլ կվերանորոգեն, բայց պարզ է, որ ոչ մի պարտատոմս էլ չտպվեց: Նկատենք, որ այդ պարտատոմսերը ավելի թանկ են. մենք հրաժարվում էինք էժան ռուսական վարկից, բայց մտնում էինք ավելի թանկ տեղական պարտատոմսեր տպող վարկային համակարգ: Բայց դա էլ չարվեց. այսինքն՝ այսօր ատոմակային վերանորոգման համար գումար մենք չունենք ուղղակի»:

Այսինքն՝ գուցե և դրանո՞վ է պայմանավորված 140-օրյա դադարը. մեր այս դիտարկմանը Արմեն Մանվելյանն արձագանքեց. «Գուցեև, որովհետև, ասում եմ, պաշտոնական բացատրություն ես չեմ լսել: Ես ենթադրում եմ, որ գուցե դրանով է պայմանավորված. ատոմակայանի աշխատանքը սովորաբար 45 օրով են կանգնեցնում»: