Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղջկա մոտ առաջին դաշտանի /մենարխե 10-14 տ./ ի հայտ գալը դեռ չի խոսում նրա օրգանիզմի` մայր դառնալու պատրաստվածության մասին: Նա դեռ պատրաստ չէ հղիության կամ ծննդաբերության բազմաթիվ պատճառներով: Մենարխեից պետք է անցնի մի քանի տարի, որպեսզի աղջիկն ունենա հստակ ֆիզիկական և հոգեբանական հասունություն՝ սեռական կյանքով ապրելու և առողջ նորածին ունենալու համար:
Սեռական հորմոնների ակտիվությունը 16-20 տարեկանում նպաստում է սեռական ցանկությունների անկառավարելիությանը: Այդ իսկ պատճառով այս տարիքային խմբի երիտասարդները կարիք ունեն ավելի նրբանկատ վերաբերմունքի և' ծնողների, և' ուսուցիչների, և' հասակակիցների կողմից:
Ցավոք, վերջին տարիներին դեռահասների շրջանում տարածված է սեռական կյանքի վաղ սկիզբը, քանի որ ամբողջ համացանցը, տարբեր լրատվամիջոցներ, պարբերականներ ողողված են անորակ գրականությամբ և տեղեկատվությամբ: Ավելին` վաղ սեռական կյանքը խրախուսողները պատճառաբանում են իրենց կարծիքը այն փաստով, թե «սեռական զսպվածությունը» վնասակար է աճող օրգանիզմի համար: Բայց աշխարհի հայտնի գինեկոլոգները, էնդոկրինոլոգները, հոգեբանները և ֆիզիոլոգները պնդում են, որ այդ «գաղափարը» որևէ ապացուցված հիմք չունի, իսկ գիտությունը չի գտել որևէ հիվանդություն՝ առաջացած սեռական զսպվածությունից, հակառակը՝ հայտնի են բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջանում են անկանոն, անգրագետ, չպաշտպանված սեռական կյանքից:
Երիտասարդների ֆիզիկական աճը ավարտվում է 22-24 տարեկանում, իսկ օրիորդներինը 18-20: Այսպիսով` առաջին դաշտանի և լիարժեք ֆիզիկական, հոգեկան աճի միջև ժամանակահատվածը մոտ տասը տարի է, որն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել: Սեռական զսպվածությունը կարող է միայն օգտակար լինել դեռահասի համար, քանի որ «կուտակվում է» էներգիա, որն էլ նպաստում է ավելի պտղաբեր ուսմանը, աշխատանքին, անձի հոգևոր զարգացմանը, ինքնակատարելագործմանը:
Սրա հետ մեկտեղ ֆիզիկական ակտիվությունը, սպորտը կարող են հանգեցնել երջանկության զգացողություն: Բժիշկները պնդում են, որ մինչեւ 18 տարեկանը սեռական կյանքի սկիզբը դանդաղեցնում է մտավոր և ֆիզիկական աճը, քանի որ սեռական կյանքը մեծ սթրես է դեռահասի հոգեկան աշխարհի, նյարդային համակարգի համար, ինչը հետագայում հանգեցնում է նևրոզների, հոգեկան խնդիրների առաջացման:
Վաղ սեռական կյանքը հանգեցնում է հետևյալ բարդություններին`
- քանի որ ոսկրային կոնքը ձևավորվում է մինչև 18 տարեկան, ապա վաղ սեռական կյանքը, հղիությունը կարող է հանգեցնել կոնքի դեֆորմացիաների, դանդաղում է նաև հասակի աճը,
- անցանկալի հղիություն, որը սովորաբար ավարտվում է ընդհատումով / աբորտ/` իր բոլոր բարդություններով՝ բորբոքումներ, չբերություն,
- դեռահասների հղիությունները և ծննդաբերությունները մի քանի անգամ ավելի մեծ բարդություններով են ընթանում՝ սակավարյունություն, տոքսիկոզներ, բարձր ճնշում, շաքարային դիաբետ, այտուցներ, պլացենտայի հիվանդություններ, վաղաժամ ծննդաբերություն, հետծննդյան արյունահոսություն և այլն,
- սովորաբար դեռահաս տարիքի զույգերը տառապում են անպտղությամբ, իսկ եթե ծնվում են նորածիններ, ապա՝ անհաս, թույլ,
- սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ, սեռավարակներ,
- դժվար լուծվող սոցիալ-տնտեսական խնդիրներ, բարդ միջանձնային հարաբերություններ,
- վաղ սեռական կյանքը դանդաղեցնում է վերարտադրողական համակարգի հորմոնալ կարգավորումը, որն այս տարիքում դեռ պետք է շարունակի կարգավորվել,
- վաղ սեռական կյանքը 2 անգամ բարձրացնում է արգանդի պարանոցի քաղցկեղի և 3 անգամ` սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը:
Այսպիսով` աղջկա սեռական կյանքի սկզբի և առաջին ծննդաբերության համար օպտիմալ տարիքն է 22-25 տ.: Հարաբերությունների հիմք պետք է հանդիսանա ոչ միայն սեռական ձգողականությունը, այլ նաև սերը:
Մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ,
գինեկոլոգ-կոլպոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու