կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 17:15
Հասարակություն

Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցին շարունակում է ենթարկվել գանձագողերի ավերածություններին

Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցին շարունակում է ենթարկվել գանձագողերի ավերածություններին

Դիարբեքիրում ենթադրաբար 500-ամյա պատմություն ունեցող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին տարիներ շարունակ ենթարկվել է գանձ որոնողների ավերածություններին, որի հետևանքով կառույցի 70 տոկոսը վերացել է։ Դիարբեքիրի հայկական հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ Գաֆուր Թյուրքայը (հայկական անունը՝ Օհաննես Օհանյան) կոչ է արել վերանորոգել եկեղեցին՝ այն զբոսաշրջության զարգացման նպատակին ծառայեցնելու համար։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է ռուսական Sputnik լրատվական ծառայության թուրքերեն կայքէջը։

Աղբյուրի համաձայն՝ Դիարբեքիրի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից հետո օգտագործվել է որպես հացահատիկի շտեմարան, ախոռ և բրնձի գործարան, իսկ վերջին 20 տարիներին լիովին ավերակ վիճակում է։ Նաև «Հըզըր Իլյասի եկեղեցի» անվամբ հայտնի սույն հայկական սրբավայրն անընդմեջ ենթարկվում է գանձագողերի ավերումներին։

Դիարբեքիրի հայկական հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ Գաֆուր Թյուրքայը Sputnik լրատվական ծառայության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ սրբատեղին մինչև 1915 թ․ կատարել է եկեղեցու գործառույթներ, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո որոշ ժամանակ լքված վիճակում է եղել, քանի որ հայկական համայնք չէր մնացել։ Հետագայում տեղի բնակիչներն սկսել են այն օգտագործել որպես բրնձի գործարան, որից հետո շինությունը դարձյալ լքվել է և սկսել կամաց-կամաց ավերակի վերածվել»։

Գաֆուր Թյուրքայը նաև տեղեկացրել է, որ հիմնադրամը եկեղեցին վերականգնելու համար նյութական աջակցություն գտնելու նպատակով դիմել է զանազան հաստատությունների, սակայն՝ ապարդյուն։ Նա նաև նշել է․ «Իրականում Թուրքիայում այսպիսի դրություն է․ այն եկեղեցիները կամ պատմական շինությունները, որոնց սեփականության վկայականը պատկանում է պետությանը, վերանորոգվում են հենց պետության կողմից։ Սակայն քանի որ այս եկեղեցին պատկանում է հայկական հիմնադրամին, այն չի վերականգնվում, և որպես հիմնավորում էլ հենց այդ հանգամանքն է մատնանշվում։ Մեր հիմնադրամը չի կարող այն վերանորոգել, քանի որ մեծ գումարների մասին է խոսքը։ Հիմա զբաղվում ենք այդ հարցով, հանդիպումներ ենք ունեցել համապատասխան հաստատությունների, Առևտրի պալատի և Դիարբեքիրի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որոնց ասել ենք՝ «Աջակցեք, միասին վերականգնենք եկեղեցին»։ Քանի որ այս պատմական կառույցը կարող է զարկ տալ Դիարբեքիր քաղաքում զբոսաշրջության զարգացմանը, վերստին հանդիպեցինք պարոն նահանգապետի հետ։ Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել, բայց առայժմ չենք կարողացել որևէ արդյունքի հասնել։ Տա Աստված՝ առաջիկայում որևէ ճանապարհ, որևէ մեթոդ կամ որևէ նախագիծ լինի, և եկեղեցին վենարոգովի»։

Akunq.net