Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիարբեքիրում տարիներ շարունակ ավերակ վիճակում գտնված Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնման նպատակով առաջին քայլը նախատեսվում է անել հունիսի 13-ին։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկելու են Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատկացրած գումարներով, բայց և այնպես հավելյալ ֆինանսավորման աղբյուր գտնելու անհրաժեշտություն կա։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Ակօս» հայկական շաբաթաթերթի թուրքալեզու կայքէջը։
Աղբյուրի համաձայն՝ Սուրբ Սարգիսը, ինչպես և Սուրբ Կիրակոս եկեղեցին գտնվում է Դիարբեքիրի Սուր շրջանում։ Սուրբ Սարգիս եկեղեցին բավականին վնասներ է կրել անցյալ տարվա փետրվարի 6-ի երկրաշարժից։
Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսավորում գտնելու նպատակով երկար ժամանակ աշխատանքներ է իրականացրել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը։
Նախատեսվում է, որ եկեղեցու վերանորոգումից բացի, կկառուցվեն նաև կից կառույցներ, օրինակ՝ ժողովասրահներ, ցուցասրահներ և այլն։
Դիարբեքիրի Սուրբ Սարգսի վերանորոգման համար Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հատկացրել է 5 միլիոն թուրքական լիրա (մոտավորապես՝ 155․000 ԱՄՆ դոլար)։
Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավարությունը՝ Էրգյուն Այըքի գլխավորությամբ, ժամանել է Ստամբուլ, հանդիպել Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և վերջինիս տեղեկություններ հաղորդել այդ աշխատանքների վերաբերյալ։
Կ․Պոլսո Հայոց պատրիարքը նոր զարգացումների կապակցությամբ իր գոհունակությունն արտահայտելով՝ շնորհավորել է հիմնադրամին և խոստացել աջակցություն ցուցաբերել այդ գործին։ Նախատեսվում է, որ վերականգնողական աշխատանքները հանդիսավոր կերպով կսկսվեն հունիսի 13-ին, Կ․Պոլսո Հայոց պատրիարքի մասնակցությամբ։
«Ակօս»-ի տեղեկություններով՝ սույն նախագիծն ավարտին հասցնելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է շուրջ 60 միլիոն թուրքական լիրա (մոտավորապես՝ 1․860․307 ԱՄՆ դոլար)։ Հիմնադրամը և հայկական համայնքը շարունակում են աշխատանքները այդ գումարը հայթայթելու ուղղությամբ։
https://www.agos.com.tr/tr/yazi/30353/surp-sarkis-kilisesi-nin-yenilenmesi-icin-ilk-adim-atiliyor
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net