կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 18:05
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես դարձա նախարար, վերցրեցինք Քելբաջարը, Մարտակերտը, եղավ Կապանի օպերացիան, Աղդամն արդեն շրջափակված էր. Վազգեն Մանուկյան

Պետություն ենք կառուցում, որտեղ պետք է լինեն նաև տարբեր գաղափարներով կուսակցություններ։ Որևէ մեկն իրեն չպետք է իրավունք վերապահի գաղափարախոսությունների ճիշտ ու սխալ անելու։ Հետևաբար, ես խնդիր չեմ տեսնում քաղաքականացված երիտասարդներին պետության մեջ ներգրավելու հարցում: Այս մասին հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ և վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ` արձագանքելով երիտասարդներից մեկի հարցին, թե Հայրենիքի փրկության շարժման մեջ ի՞նչ դերակատարություն են ունենալու քաղաքականացված երիտասարդները, և նրանք, ովքեր կուսակցական են և ունեն գաղափարախոսություն, ինչո՞վ կարող են օգնել շարժմանը։

Մեկ այլ երիտասարդի հարցին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ՀՀ վարչապետն էիք, ինչո՞ւ հենց այդ ժամանակ վերջակետ չդրվեց, որովհետև ժողովուրդն ասում է, որ մենք կարող էինք վերջացնել այդ ժամանակ, Վազգեն Մանուկյանն արձագանքեց՝ ներկայացնելով Արցախյան շարժման ակունքները. «Երբ ես «Ղարաբաղ» կոմիտեի համակարգողն էի, մենք արդեն ջոկատներ էինք ստեղծում, սահմաններին պատերազմ էր։ Այն ժամանակ դեռ ԽՍՀՄ կազմում էինք։ Մենք ստեղծեցինք ոստիկանության մեջ ներքին զորքերը և կոչ արեցինք ֆիդայիներին՝ մտնել այդտեղ։ Ով չէր մտնում, զենքը վայր պիտի դներ, որովհետև մեզ պետք չէին անկանոն ջոկատներ»։

Շարունակելով խոսել Արցախյան շարժման գործում ունեցած իր դերակատարման մասին՝ նա նշեց. «Երբ սկսվեցին Արցախյան պատերազմի բուն իրադարձությունները, ես արդեն դուրս էի եկել իշխանությունից և ընդդիմության մեջ էի։ Այդ օրերին ջոկատով եղել եմ Մարտակերտում՝ Վաղուհասի կողմերում, որովհետև սկսվեցին պարտություններ։ Շուշիի և Լաչինի փայլուն հաղթանակներից հետո սկսվեցին պարտություններ։ Այդ ժամանակ ինձ առաջարկեցին լինել պաշտպանության նախարար, ես դարձա նախարար։ Սկսվեց բանակի վերակառուցման փուլը։ Վերցրեցինք Քելբաջարը, Մարտակերտը, տեղի ունեցավ Կապանի օպերացիան, Աղդամն արդեն շրջափակված էր»։

Վազգեն Մանուկյանն ինչո՞ւ և ինչպե՞ս համաձայնեց հեռանալ պաշտպանության նախարարի պաշտոնից, երբ դեռ չէր ավարտվել պատերազմը: Նա պատմեց. «Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ առաջարկեց դուրս գալ (երևի իմ՝ պաշտպանության նախարար մնալն արդեն վտանգավոր էր), ես ասացի, որ ինքնակամ դուրս չեմ գա, ինչպես դուրս եկա վարչապետությունից, որովհետև բարոյական պարտք ունեմ։ Երիտասարդներին, ժողովրդին ասում եմ՝ եկեք բանակ գնանք, հաղթենք, և ես հրաժարական տալ չեմ կարող։ Դու կարող ես ինձ հանել, ոչ մի հետևանք դա չի ունենա։ Ես դուրս եկա և 1994 թվականի համաձայնագրի ժամանակ եղել եմ ընդդիմության մեջ։ Շատ մանրամասներ չեմ իմանում, ինձ էլ մեկ-մեկ թվում է, որ կարելի էր այն ժամանակ պայմանագիր կնքել, բայց այն մարդիկ, որոնք մասնակցել են՝ Դավիթ Շահնազարյանը, Սամվել Բաբայանը, համոզված են, որ դա հնարավոր չէր։ Այնպես որ՝ դա օդի մեջ կախված հարց է»։