Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արամ Սերոբի Գրիգորյանի պատմությունը
Խասգյուղ, Մշո գավառ, 1904 թ.
Դավիթ Գրիգորյանը ներկայացնում է իր հոր` Արամ Սերոբի Գրիգորյանի «Իմ վրեժը» վերնագրով պատմությունը: Այստեղ նկարագրվում է, որ Մուսաբեգի հրոսակները եկել, շրջապատել են իրենց հարազատ Խասգյուղը, իսկ հաջորդ օրը գյուղի տղամարդկանց կանչել ոստիկանություն` իբր ժողովի: Հաջորդ օրը ճամփեզրի մոտի ձորակը լցված է եղել գյուղի տղամարդկանց մերկ դիակներով: Պատմության հերոսը կորցրել է ընտանիքի 12 անդամի ու Մշո դաշտի իրենց գյուղից հասել Արևելյան Հայաստան` յուրովի լուծելով իր անձնական վրեժը Ցեղասպանության կազմակերպիչներից:
«Այդ օրը ոչ մի չարագուշակ կանխազգացում չէր անհանգստացնում ինձ: Երբ Մուսաբեգի հրոսակները եկան ու շրջապատեցին իմ հարազատ Խասգյուղը, մենք չէինք էլ պատկերացնում, թե մեզ ինչ է սպասվում: Հաջի Ֆելոն իր հրոսակներով փակեց դեպի Սասուն տանող ճանապարհը: Շրջապատման հաջորդ օրը գյուղի տղամարդկանց կանչեցին կորդո (ոստիկանություն) իբր ժողովի: Գիշերը նրանք չվերադարձան (մեզ էլ թվում էր, թե ժողովը դեռ շարունակվում է): Նոր էինք դուրս եկել գյուղից, երբ մեզ շրջապատեցին ասկերներն ու զինված խուժանը, որոնք մահակներով ու խարազաններով սկսեցին ծեծել մեզ, ստիպելով արագ քայլել: Շատ չէինք հեռացել գյուղից, երբ առաջին շարքերում քայլող գյուղացիները դուրս եկան ճանապարհից ու լաց ու կոծով լցվեցին ճամփեզրի մոտի ձորակը: Մենք էլ վազեցինք…
Ձորակը լցված էր մեր գյուղի տղամարդկանց մերկանդամ դիակներով: Մենք էլ փնտրեցինք ու գտանք հորս հաղթանդամ դիակը: Այդ օրը ես, տասներկու տարեկան հասակում, որբացա հորիցս: Ասկարները չթողեցին երկար սգալ, մեզ ծեծելով հանեցին ճանապարհի վրա և քշեցին դեպի Էրշտեր գյուղը: Գյուղ հասնելուն պես մեզ բաժանեցին առանձին խմբերի և մտցրեցին նախօրոք պատրաստված գոմերն ու մարագները: Մի քուրդ, հրապուրվելով իմ հորեղբոր տղայի՝ Մելքոնի կնոջ Հրանուշի գեղեցկությամբ, նրան առաջարկեց իր կինը դառնալ: Հրանուշը հայհոյեց քրդին, վերջինս հրացանով կրակեց Հրանուշի կրծքին: Այդ խիզախ կինը հոգին ավանդեց գոմում, իմ Սանամ տատու ծնկին: Մեզ շինություններ լցնելուց հետո դռները փակեցին, որից հետո դռների արանքներից և երդիկներից նավթ լցնելով մարդկանց կրակի տվեցին…
Ես գոմի մսուրում կանգնած բերանս սեղմել էի մի քարի, ավելի շատ ծծում էի քարը, քան շնչում: Ես պարզ պատկերացնում էի, որ մնալով գոմում ես կենդանի-կենդանի կայրվեմ: Որոշեցի մի հնար գտնել ու դուրս փախչել գոմից, թեկուզ դրա համար ինձ կարող էին գնդակահարել: Գետինը շոշափելով գտա մի փայտի կտոր, որի սուր ծայրով գոմի պատի մի քարի կողքերը փորփրելով կարողացա քարը հանել ու դուրս պրծնել, հետս էլ չորս տղա հասցրեցի դուրս հանել: Տղաներով գաղտագողի բարձրացանք գոմի կտուրը, որպեսզի ասկերները մեզ չնկատեն: Կտուրից մեր առջև բացվեց մի սարսափելի տեսարան,-կողք կողքի այրվում էին թվով 14 շինություն՝ մարդկանցով լցված: Իսկ ոտքերիս տակ գոմում այրվեցին մայրս, տատս, իմ բոլոր բարեկամները: Այդ պահից ես դարձա ընդհանրապես որբ…
Գոմի կտուրի վրա երկար մնալն անհնար էր, ամեն րոպե կտուրը կարող էր փլվել: Երբ մենք հինգ տղաներով իջանք կտուրից, մեզ իսկույն նկատեցին ու սկսեցին կրակել մեր ուղղությամբ: Տղաներից երկուսին սպանեցին, երրորդը՝ Բղդի Յակոն իրեն նետեց Մեղրագետը, մենք երկուսով սկսեցինք վազել մեր գյուղի ուղղությամբ: Մեզ հետապնդող քուրդը անընդհատ կրակում էր, ընկերոջս սպանեց, մի գնդակ էլ իմ ոտքին կպավ: Երբ ես ընկա, քուրդը կարծելով որ ես սպանված եմ, հետ վերադարձավ: Ճակատագիրն երկրորդ անգամ ինձ խնայեց: Վիրավոր ոտքս քարշ տալով, սողալով հասա գյուղ և մի կերպ բարձրացա ծայրամասի դատարկ մարագներից մեկի կտուրը: Կտուրի վրա իմ բախտից «Ճնճղի պաշար» տեսակի առատ խոտ էր աճել: Բայց ինձ քաղցից ու ծարավից առավել անհանգստացնում էր ոտքիս վերքը, որը կարող էր թարախակալել: Իմ փրկությունը հասավ պատահական: Մեր գյուղացի ջրաղացպան քուրդ Սելիմի աղջիկ Ասյան իրենց կորցրած հորթը փնտրելիս բարձրացավ մարագի կտուրը հորթին հեռվից տեսնելու մտադրությամբ: Ինձ տեսնելով վախեցավ ու ներքև իջավ: Քիչ անց վերադարձավ մոր՝ Այշոյի հետ: Այշոն ինձ իսկույն ճանաչեց, շատ ափսոսաց մեր ընտանիքի ճակատագրի համար, ինձ տարավ իրենց տուն ու մշակեց վերքս: Քանի որ հային պատսպարելու համար նրանք մեծ ռիսկի էին դիմում, որոշեցին, որ ինձ պետք է հավատափոխ անեն, անունս դրեցին Շըքըր, եվ քանի որ Ասյան էր ինձ հայտնաբերել, որոշեցին, որ ես մեծանալուց հետո պետք է ամուսնանայի Ասյայի հետ: Իմ հանգիստ կյանքը երկար չտևեց:
Երբ ես դաշտում Սելիմի ոչխարներն էի արածացնում, հայտնվեց ասկերների խումբը, որը շրջակայքում շուրջկալ անցկացնելով, հավաքել էր մի քանի հայ որբ երեխա: Ինձ էլ նրանց հետ տարան կորդո, որտեղ մեզ բոլորիս պարանով միացրին, տարան մի փոսի մոտ և քուրդ լակոտներին իրավունք տվեցին մեզ վրա կրակելու հմտություն ձեռք բերել: Իմ երկու կողմի կանգնածներին սպանեցին, և քանի որ մենք իրար հետ կապված էինք, ես ել նրանց հետ ընկա փոսը: Մութն ընկնելուց հետո Սելիմի տղան, կարծելով որ ես սպանված եմ, եկավ որ ինձ հանի փոսից և «մարդավարի» թաղի: Երրորդ անգամ ես մահից խուսափեցի:
Սարսափներով լի իմ թափառական կյանքն ավարտվեց այն ժամանակ, երբ ռուսական զորքն ազատագրեց Մուշն ու շրջակա գյուղերը: 1916 թ. ապրիլին Մուշ քաղաքում հավաքված խասգյուղացիները որոշեցին զորքի հետևից վերադառնալ Խասգյուղ: Անսահման մեծ էր իմ ուրախությունը, երբ ես համագյուղացիներիս խմբի մեջ նկատեցի իմ հորեղբոր աղջիկներին՝ Եղսոյին և Անոյին իր տղաների՝ Թորգոմի և Խաչիկի հետ: Մենք ձեռնամուխ եղանք մեր ավերված օջախը վերականգնելուն: Ապագայի նկատմամբ հույսերով ապրում էինք, փորձելով ամեն կերպ մոռացության տալ կոտորածի հիշողությունները: Բայց ավաղ… 1916 թ. հուլիսին ստիպված եղանք նորից թողնել հայրենական օջախը, հարազատների գերեզմանները և ճամփա ընկնել դեպի Ղարս, Ղարաքիլիսա, դեպի անհայտություն:
Ես և իմ հրաշքով կենդանի մնացած հարազատները տանջալի մահից փրկվեցինք ռուսական զորքի շնորհիվ: Իմ հիշողության մեջ տպավորվել էր այն, որ ռուս զինվորները սկզբնական շրջանում չէին սպանում գերի ընկած թուրքերին, բայց հետո տեսնելով հայ կանանց ու երեխաների, ինչպես նաև գերի ընկած ռուս զինվորների այլանդակված դիակները, իրենք էլ սկսեցին անխնա ոչնչացնել գերի ընկած թուրք և քուրդ զինյալներին: Այո, ես փրկվեցի մահից, բայց առջևում ինձ սպասում էր գաղթականի զրկանքներով լի կյանքը, գոյատևումը որբանոցներում, սևագործ բանվորի ծանր աշխատանքը: Այդ ամենը ես հաղթահարեցի, քանզի անսահման մեծ էր իմ մեջ ապրելու, կայանալու և իմ հայրական կործանված օջախի ծուխը վերականգնելու ձգտումը: Եվ երբ ես սկսեցի այնքան վաստակել, որ կարող էի գոնե երկու հոգու ապրուստ ապահովել, ես 1926 թ. ամուսնացա ինձ պես գաղթական մի աղջկա՝ Վերգինեյի հետ: Մեր համատեղ կյանքում մենք ունեցանք 9 երեխա,- 6 տղա և 3 աղջիկ, ես տեսա 13 թոռի ծնունդ, որով իմ գերդաստանի անդամների թիվն անցավ 24-ից: Իմ հայրական օջախի 12 անդամների թիվը հաջողվեց կրկնապատկել, որով ես լուծեցի իմ անձնական «ՎՐԵԺ»-ը հայոց եղեռնի կազմակերպիչներից»:
Արամ Սերոբի Գրիգորյանը մահացել է 1968 թ.` 64 տարեկանում, հուղարկավորվել ապրիլի 24-ին: «Կոմունիստ» թերթում տպագրված (23.04.1968) նրա մահախոսականում, մասնավորապես, նշվում է. «Կուսակցությունը և կառավարությունը բարձր են գնահատել Ա.Ս.Գրիգորյանի ավանդը երկրի պետականության կայացման գործում` պարգևատրելով նրան ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով: Նա բազմիցս ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր»: – Քոչինյան Ա.Ե., Մուրադյան Բ.Ա., Տեր-Ղազարյան Գ.Ա. և այլն: Այսօր նրա գերդաստանի անդամների թիվը գերազանցում է 64-ը, իսկ նրա թոռներից մեկը՝ Արսենը, ծնվել է 1975 թ. հենց ապրիլի 24-ին:
Աղբյուրը՝ armeniangenocide100