կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-03 18:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վազգեն Մանուկյանը ոչ միայն գիտակցում է իր վրա դրված բեռը, այլ նաև ճանապարհային քարտեզն է տեսնում․ Արծվիկ Մինասյան

ԱԱԾ-ն վերածվել է Նիկոլ Փաշինյանին և նրա ոհմակին աջակցող ծառայության։ Այն հայոց պետականության  հետ գրեթե կապ չունի։ Ըստ Yerkir.am-ի՝ այսօր այս մասին ասաց  ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից տարածված այն հաղորդագրությանը, որ քրեահետախուզական միջոցառումներ են իրականացվում նոյեմբերի 9-10-ի գիշերը ԱԺ և կառավարության շենքեր ներխուժման դեպքերի առնչությամբ՝ կազմակերպիչներին, մասնակիցներին բացահայտելու համար, զետեղված էր նաև ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանի լուսանկարը։

 «Այդ տեսանյութն ակնհայտորեն այս իշխանության դեմքն է բացահայտում, ընդգծված քաղաքական ուղղվածության փորձ է արվում՝ մեղադրանք ներկայացնել քաղաքական դաշտին, ընդդիմադիր հատվածին, և, որպես թիրախ, ընտրված էին հատկապես Դաշնակցության ներկայացուցիչները, ինչպես նաև այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանն ու  մի քանի հարցադրումներ հնչեցրեց. «Օրինակ՝ ԱԱԾ-ն առնվազն պարտավոր է նախ քննության առարկա դարձնել, թե ինչպես եղավ, որ հատուկ պահպանվող տարածքներ հանդիսացող  կառավարության շենքը, կեցավայրը, ինչպես նաև ԱԺ-ի շենքը մնացին անպաշտպան։ Ինչպես բացվեցին դռներն ու որոշակի գործողություններ տեղի ունեցան այնտեղ»։

Մինասյանը նաև տեղեկացրեց, որ իրենց կողմից այս պահին Քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածով պահանջ կա՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը, պաշտոնական լիազորությունների անցումը, պաշտոնական կեղծիքը, նաև այնպիսի գործողություններ, որոնք պաշտոնատար անձի կողմից՝ լինի անփութություն, թե՝ կանխամտածված գործողություն, էական վնաս են պատճառել անձանց։ Ըստ ՀՅԴ ՀԳՄ անդամի՝ բոլորն էլ քրեորեն պատժելի արարքներ են:

«Այս ազգադավ իշխանությունը փորձում է վերջին ջանքերը գործադրել՝ լռեցնելու համար ընդդիմությանը։ Նրանք անօրինական ճանապարհով փողոցից եկան կառավարություն, հիմա այս անօրինական գործողություններին վերջ տալու համար ոչ թե պետք է հակադրվել անօրինական գործողություններով, այլ՝ օրինական, որպեսզի եկող իշխանությունները շարժվեն օրենքի և Սահմանադրության գերակայությամբ»,- ընդգծեց նա։

Ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ անցումային կառավարության ղեկավարի առաջադրմանն անդրադառնալով՝ Մինասյանը համոզմունք հայտնեց,  որ հանրության մեծամասնությունը պետք է դրական ընդունի այդ թեկնածությունը: «Վազգեն Մանուկյանն այն անձն է,  որ այս նշված չափանիշներին լիարժեք բավարարում է։ Այն պարտավորությունը, որ ստանձնել է՝ որպես առաքելություն, որ իրականացնի կայունություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու հեռանա, չափազանց կարեւոր է, և անհրաժեշտ է՝  վստահությունը ձևավորվի հանրության մոտ»,- ասաց նա։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ պետք է խրախուսել Վազգեն Մանուկյանին, որն այս ճգնաժամային իրավիճակում պատասխանատվություն է վերցնում իր վրա: «Անհրաժեշտ է գիտակցել, թե ինչ բեռ է պարոն Մանուկյանն իր վրա վերցնում։ Նա ոչ միայն գիտակցում է իր վրա դրված բեռը, այլ նաև ճանապարհային քարտեզն է տեսնում։ Շաբաթ օրը հրավիրվելիք հանրահավաքի ժամանակ հանրությունը կլսի, թե որոնք են այն առաջնահերթ քայլերը, որ անցումային հակաճգնաժամային կառավարությունը պետք է իրականացնի»,- հայտնեց ՀՅԴ ՀԳՄ անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում: