կարևոր
4924 դիտում, 4 ամիս առաջ - 2024-05-28 13:37
Քաղաքական

Այսօր մեզանից յուրաքանչյուրի վրա առաքելություն է դրված․ 106 տարի առաջ դրված հիմքի վրա կառուցել բարեկեցության և հոգևոր ուժի վրա հիմնված ազգային պետություն. Մհեր Մելքոնյան

Այսօր մեզանից յուրաքանչյուրի վրա առաքելություն է դրված․ 106 տարի առաջ դրված հիմքի վրա կառուցել բարեկեցության և հոգևոր ուժի վրա հիմնված ազգային պետություն. Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի շնորհավորանքը Հանրապետության տոնի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Երկրի կյանքում գալիս են օրեր ու րոպեներ, որոնք կերտում են ապագան ու որոշում ազգի ճակատագիրը։ 106 տարի առաջ մայիսի 28-ը նման օր էր Հայաստանի համար.

106 տարի առաջ հայ ժողովրդն իր միասնականության, անկոտրում կամքի շնորհիվ կարողացավ իրականություն դարձնել անկախ պետականություն ունենալու դարավոր իղձը:

Այս օրը մեր ազգի պատմության տրամաբանական զարգացման, ազգային հարատև պայքարի և բազմաթիվ սերունդների հսկայական ջանքերի արդյունքն էր:

Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում տարած պատմական հաղթանակները հնարավորություն ստեղծեցին անկախության գաղափարն իրականություն դարձնել։

Հայ ժողովուրդն զենքով ապացուցեց, որ կարող է պաշտպանել իր հայրենիքը եւ կառուցել ազատ ու անկախ պետություն:

Այսօր մենք չենք կարող չհիշել Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն, Ալեկսանդր Խատիսյանին, Դրաստամատ Կանայանին, Թովմաս Նազարբեկյանին, Դանիել Բեկ-Փիրումյանին․․․ Եթե չլինեին այդ մարդիկ, եթե չլինեին մեր ազգային ականավոր այլ գործիչները, եթե չլիներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ դերը, որտեղ որպես անկյուն պահվում էր մեր ազգի ազգային ոգին, եթե չլիներ ազգային ինքնագիտակցությունը, չէր լինի ոչ 1918 թվականի մայիսի 28-ը, և ոչ էլ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։

1918 թվականի մայիսի 28-ը հավասարապես պատկանում է Հայաստանի անցյալին, ներկային և ապագային:

Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա դասերը՝ ազատության, անկախության, հաղթանակի, անզիջում պայքարի, հզոր պետականություն կերտելու և որ կարևորն է` պահպանելու հրամայականը, սերնդե-սերունդ փոխանցվեց և իր նոր ու փայլուն դրսևորումն ունեցավ Արցախյան ազատամարտի օրերին:

106 տարի անց այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը կանգնած լուրջ մարտահրավերների առաջ;

Այսօր, երբ մեր Հայրենիքի վերքերը դեռ չեն սպիացել, մեզ ամենից շատ պետք է միասնություն, վճռականություն և պայքարի ոգի։ Հակառակ դեպքում մենք չենք կարող հասնել այն մեծ նպատակին, որը կոչվում է Ազատ , Անկախ և Միացյալ Հայաստան։

Այսօր մեզանից յուրաքանչյուրի վրա առաքելություն է դրված․

106 տարի առաջ դրված հիմքի վրա կառուցել բարեկեցության և հոգևոր ուժի վրա հիմնված ազգային պետություն:

Ես հավատում եմ, որ 106 տարի առաջ տված երդումը մենք կկատարենք մինչև վերջ և Հայաստանը կդարձնենք հզոր և հաղթանակած պետություն:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս կարեւորագույն տոնի կապակցությամբ եւ մաղթում մեծագույն հաջողություններ, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն։

Աստված պահապան հայ ժողովրդին,

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը....»։