կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-29 14:53
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գույքահարկը, ոչ թե մարդու, այլ ունեցվածքի վրա դրված հարկ է․ Տիգրան Ուլիխանյան

Գույքահարկը, ոչ թե մարդու, այլ ունեցվածքի վրա դրված հարկ է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը Աժ-ում ճեպազրուցի ժամանակ։

Այսպես նա պատասխանեց լրագրողների հարցերին, թե ինչպե՞ս է իշխող խմբակցությունը վերաբերվում գույքահարկը շուկայական գնով գանձելու՝ օրենսդրական փոփոխության շուրջ հասարակության շրջանում բարձրացած բողոքի ալիքին:

Ուզում են ցույց տալ, որ քաղաքացիները հարկեր վճարելով ստանում են բազմապատիկ ավելին՝ տարբեր բաների տեսքով, ասաց Ուլիխանյանը։ Այդ ավելին, նրա խոսքով, քաղաքացիները ստանում են աշխատավարձերի բարձրացման, պետական ծառայությունների որակի բարելավման, ճանապարհաշինության բարելավման, բակերի վերանորոգման և ընդհանրապես միջավայրի բարեկարգման առումով:

Նա համաձայն է, որ կարող են լինել այնպիսի քաղաքացիներ, որոնք ունենան դժվարություններ գույքահարկը վճարելիս, բայց նկատեց, որ ստեղծված աղմուկի մեջ կորում է այն կարևոր տեղեկությունը, որ ավագանին իրավունք ունի հավաքագրված գույքահարկի 10 տոկոսի չափով իրականացնել զեղչեր կամ ընդհանրապես զրոյացնել գույքահարկի չափը:

Ուլիխանյանի խոսքով, նախորդ տարի ԱԺ-ն որոշում էր ընդունել բնակարանների կադաստրային արժեքը շուկայականին մոտեցնելու վերաբերյալ և միայն այդ կարգավորմամբ էականորեն բարձրանալու էին գույքահարկերը, եթե չընդունվեր նոր օրենքը:

Երևանի կենտրոնի՝ բողոքող բնակիչներին պատգամավորը հարցրեց. «Արդյո՞ք սահմանամերձ համայնքների և Երևանի կենտրոն համայնքի մեր քաղաքացիները նույն չափով պետք է գույքահարկ վճարեն, արդյո՞ք Կենտրոն համայնքում բնակվողները, ինչպես իրենք են նշում՝ բնիկները, որևէ առավելություն ունեն այլ համայնքների, ծայրամասերում բնակվողների վերաբերյալ: Կարծում եմ, այս երկու հարցը բավարար է այդ թեման փակելու համար, դա անթուլատրելի և ամոթալի թեմա է»։

Պատգամավորը  հայտնեց, որ հունիսի 30-ին հավանաբար ԱԺ-ն կհրավիրի արտահերթ նիստ, որի նպատակն է Սահմանադրության նոր փոփոխություններին չհամապատասխանող օրենքների վերանայումը:

Հիշեցնելով, որ որոշումն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի դեկտեմբերից՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը վստահոցրեց, որ փոփոխությունը ամենաճիշտ ժամանակին է ընդունվել:

Մանրամասն՝ տեսանյութում․