կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-05 18:08
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն խնդիրները, որ դրված էին 88-ին, դրված են հիմա և բոլոր խնդիրները պետք է լուծվեն. Վազգեն Մանուկյան

Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, դրված են հիմա և բոլոր խնդիրները պետք է լուծվեն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման առաջադրած՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ։

«Եթե խնդիր ես լուծում և անհաջողության ես հասնում, ոչ թե խնդիրը փոխիր, այլ փոխիր քո մեթոդները»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ հիմա ձեւավորվելու է ժամանակավոր կառավարություն և ասաց, թե որոնք պետք է լինեն այդ կառավարության խնդիրները։

«Հիմա փորձեմ մի քանիսը թվարկել, որոնք ոչ թե հերթով են լուծվելու, այլ զուգահեռ, բոլորը միասին: Առաջինը եռակողմ համաձայնագիրն է․ մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այդ փաստաթուղթը աշխատում է դե ֆակտո, եւ չենք կարող հրաժարվել դրանից: Դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի  եւ Թուրքիայի հետ, դա կնշանակի նաեւ խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ: Եվ հիմա «շնորհիվ» Նիկոլի ոչ մի լծակ չունենք, նույնիսկ Սոթքը չենք կարողանում պահել: Բայց այդ պայմանագիրը կազմված է բավականին փնթի, շատ բացթողումներով: Այնտեղ տասնյակ էջեր պետք է լինեին, թե դա ոնց է մեկնաբանվելու, եւ նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշությունը դարձնի հօգուտ Հայաստանի»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Երկրորդը կարեւոր հարցը, ըստ նրա, անվտանգությունն է։

«Մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը, մեր մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ: Անվտանգության հարցի մեջ մտնում են նաեւ մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս տարածաշրջանում եթե դու Ռուսաստանի հետ չես կապված, ուրեմն մնում է Թուրքիան: Ռուսաստանի հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի ընդհանուր շահ: Բոլոր այն մարդիկ, որոնք հիմա ասում են՝ գնանք թուրքերի հետ խոսենք, Ռուսաստանի հետ չխոսենք, նրանք ուզած, թե չուզած, կամա թե ակամա, ծառայում են թշնամու շահերին»,-համոզված է վարչապետի միասնական թեկնածուն:

Նա, սակայն, նշեց, որ բացի Ռուսաստանից մենք ունենք էլի դաշնակիցներ, պետք է վերականգնենք մեր դաշնակցային հարաբերություններն ու վստահությունը: Ասաց, որ Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվել, աշխարհը չի ներելու Թուրքիային  իր լկտիությունները: Իսկ եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք:

Վազգեն Մանուկյանը վստահ է, որ նորից պետք է վերականգնենք Մինսկի խմբի ձեւաչափը, նորից պետք է մտնենք բանակցային պրոցեսի մեջ:

Երրորդ կարեւոր հարցը, ըստ նրա, մեր անհայտ կորածներն են, գերիները, վիրավորները, զոհված զինվորների ընտանիքներին օգնելու հարցը, այն փախստականների հարցը, որոնք մեր մեղքով հայտնվեցին Հայաստանում որպես փախստական:

«Պետք է ստեղծել պայմաններ Արցախում, որպեսզի այդ բնակիչները կարողանան վերադառնալ: Դա պետք է լինի կառավարության ամենօրյա աշխատանքը»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա հատկանշական համարեց, որ 1988-ին մեր ժողովուրդը հենց Ազատության հրապարկում հավաքվեց եւ երդվեց, որ կկառուցի ուժեղ, արդար հասարակություն, ձեռք կմեկնի Արցախի եղբայրներին՝ խոստանալով անվտանգություն եւ վերամիավորում Հայաստանի հետ եւ այդ խնդիրների զգալի մասը կատարվեց:

«Մենք կառուցեցինք անկախ պետություն, մենք հաղթեցինք պատերազմում, Հայաստանի եւ Արցախի բանակները համարվում էին ամենահզորը այս տարածաշրջանում: Մենք Սփյուռքի հետ միասին անընդհատ ավելացնում էինք մեր ազդեցությունը միջազգային ասպարեզում: Հիմա 30 տարի անց հավաքվել ենք այս հրապարակում վիրավորված արժանապատվությամբ, հսկայական մարդկային, տարածքային կորուստներով եւ այն ամենը, ինչ արել էինք Արցախի համար, գրեթե կորած։ Բայց  հիմա նույնիսկ Հայաստանի գոյությունն է վտանգի առջեւ, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանները՝ մտնելով Հայաստան, եւ ոչ մի դիմադրություն չստանալով: Սա է վիճակը, հարմարվե՞նք այդ վիճակին»,-հարց ուղղեց նա։

Ո՞նց մենք ընկանք այս վիճակի մեջ, ո՞նց հավատացինք քաղցր խոսքերին, ի՞նչ կատարվեց Հայաստանի հետ՝ հարցերի պատասխանները ևս ունի Վազգեն Մանուկյանը։

«Նիկոլի առաջին քայլերից մեկը եղավ Արցախի բանակը գլխատելը: Փորձառու գեներալները հեռացվեցին բանակից: Պատերազմի ժամանակ ես այնտեղ էի, նրանք սպասում էին դռան մոտ, Նիկոլը ցուցակ էր դրել, թե ով իրավունք ունի մտնելու շտաբ: Այդ գեներալները իրավունք չունեին մտնելու շտաբ»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ վարկաբեկվում էր Հայաստանի բանակը, մենք կորցրինք մեր բոլոր դաշնակիցներին:

«ՌԴ-ի պես դաշնակիցը կորցրեց վստահությունը մեր նկատմամբ: Չինաստանը երեսը շուռ տվեց, Իրանը մեզ չէր վստահում: Այդպես միայնակ գնացինք առաջ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ, գրգռիչ հայտարարությունները ամեն օրով մոտեցնում էին մեզ պատերազմին: Պատերազմը սկսվեց, եւ հենց առաջին օրվանից եղել են անգրագետ ու դավաճանական որոշումներ, ու մենք հասանք այս վիճակին»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Մենք կարող էինք կանխել պատերազմը՝ համոզված է Վազգեն Մանուկյանը, մենք կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել փոքր կորուստներով, բայց այդ ամենը չեղավ:

Եվ հիմա դրան ավելանում է երկրորդ խայտառակությունը․ աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որ հետեւողականորեն տարավ պարտության, մինչեւ հիմա իշխանության ղեկին է:

«Այդպիսի բան աշխարհում չի լինում: Բայց դա միայն արժանապատվության հարց չէ, իր ամեն օրը մեզ ամիսներով հետ է գցում: Նրանք ոչ մի ազգային ձգտում էլ չունեն: Ինչքան շուտ մենք նրանց հեռացնենք, այնքան արագ նորից կգնանք այն ճանապարհով, որով 1988-ին գնացինք ու հասանք հաղթանակների»,-ասաց Մանուկյանը:

Նիկոլ Փաշինյանը, նրա խոսքով, պետք է հասկանա, որ ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան իրեն լավ:

«Շարժումը չհաղթեց՝ գազազած ժողովուրդը իրեն կհոշոտի: Այս շարժումը այն ճանապարհն է, որը քաղաքակիրթ ձեւով հնարավորություն է տալիս փոխել իրավիճակը Հայաստանում: Ձախողվեց՝ ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է»,-հայտարարեց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Ավելի վաղ հաղորդել էինք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը Ազատության հրապարակում։