Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սպասվում էր, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատախազը կհրապարակի մեղադրական ճառը: Սակայն դատախազն անսպասելիորեն միջնորդեց դատաքննությունը վերսկսել և Վազգեն Խաչիկյանին ու ևս երեք ամբաստանյալների առաջադրված մեղադրանքները փոփոխել:
Նա առաջարկեց ամբաստանյալներ` սոցապահովության ծառայության ղեկավար Վազգեն Խաչիկյանին, ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին, վճարումներ ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանին, սոցապահովության Շենգավիթի տարածքային բաժնի պետ Սամվել Էլբակյանին ՀՀ ՔՕ 314-րդ –րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք կատարելը) առաջադրված մեղադրանքը փոփոխել ՀՀ ՔՕ 38 -314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը) հատկանիշներով: Ըստ դատախազի` թեև դատաքննության ընթացքում հիմնավորվել էր նրանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը, սակայն չէր հստակեցվել 4 ամբաստանյալների կոնկրետ դերն այդ հանցանքը կատարելու մեջ: Նշենք, որ Խաչիկյանը դատաքննության սկզբից հայտարարել էր, որ իր համար անհասկանալի է առաջադրված մեղադրանքը:
Այսպիսով` դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց դատախազի միջնորդությունը և ամբաստանյալներին ու նրանց պաշտպաններին ժամանակ տրամադրեց` նոր մեղադրանքին ծանոթանալու համար:
Դատարանն այսօր հրապարակեց նաև ամբաստանյալ Խաչիկյանի գույքի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու կապակցությամբ` «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Վանեսյանի կողմից դատարանին ուղղված դիմումը: Խոսքը հիշյալ բանկում 48 մլն դրամով գրավադրված` Խաչիկյանին պատկանող Աբովյան 37 հասցեում գտնվող բնակարանի մասին է: Ըստ բանկի գլխավոր տնօրենի ուղարկած գրության` Խաչիկյանը չի կատարել վարկային պարտավորությունները, իսկ բանկը բռնագանձում կատարելու համար մշտապես վնասներ է կրում: Այս կապակցությամբ պաշտպան Արա Զաքարյանը հայտնեց, որ բանկի ներկայացուցիչը դատավարության մասնակից չէ, և որ, բավարարելով դիմումը, դատարանը թույլ կտա լիազորությունների սահմանազանցում, ուստի նա միջնորդեց ներկայացված դիմումը թողնել անփոփոխ: Սակայն դատավորը որոշում կայացրեց բնակարանի վրա դրված արգելանքը վերացնել:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը և սոցիալական ծառայության ևս 12 աշխատակիցներ մեղադրվում են բազմաթիվ քաղաքացիների կենսաթոշակները և նպաստները յուրացնելու մեջ: Ըստ մեղադրանքի` նրանց կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է 289956681 ՀՀ դրամ: