կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-16 15:54
Հասարակություն

Բոլոր դիրքապահ տղաներն էլ քաջ գիտակցում են` ինչ պատասխանատու առաքելություն է դրված իրենց վրա. Սամվել Խաչատրյան

Բոլոր դիրքապահ տղաներն էլ քաջ գիտակցում են` ինչ պատասխանատու առաքելություն է դրված իրենց վրա. Սամվել Խաչատրյան

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

Ծառայության անցնելով Պաշտպանության բանակում` շատ հաճախ երիտասարդ հայրենյաց պաշտպանները չգիտեն, թե ինչ դժվարություններ ու փորձություններ պիտի հաղթահարեն, սակայն հանուն մեծ գաղափարների` նրանք պատրաստակամորեն են ստանձնում պատվաբեր առաքելությունը: Սամվել Հարությունի Խաչատրյանը նրանցից մեկն է: Նա ծնվել է 1997թ. հունվարի 11-ին՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Զորակոչվել է զինծառայության 2015 թվականին: Զինծառայության տարբեր ոլորտներում ցուցաբերած բանիմացության, ընկերասիրության և գիտելիքները խորացնելու պատրաստակամության շնորհիվ Սամվել Խաչատրյանը զորամասում ծառայելու առաջին օրերից ձեռք է բերել վերադաս հրամանատարության և ծառայակից ընկերների վստահությունն ու հարգանքը: Մասնակցելով սերժանտական դասընթացներին` ստացել է կրտսեր սերժանտի, այնուհետև սերժանտի զինվորական կոչում՝ նշանակվելով ջոկի հրամանատար:

Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու իսկական հնարավորություն Սամվել Խաչատրյանին և նրա անձնակազմին ընձեռվեց 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը: Եվ իր պարտականությունները նա կատարեց գերազանց:

Տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման մտադրության մասին և ճիշտ գնահատելով ստեղծված իրավիճակը` դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանն անձնակազմին թաքստոցներում պատսպարվելու հրաման տվեց, իսկ ինքը մարտական դիրքի ձախ հատվածում գնդացրորդ, շարքային Վահրամ Մարտիրոսյանի հետ միասին նպաստավոր կրակային դիրքեր զբաղեցրեց և զենքի վրա տեղադրված ջերմատեսիլ սարքի օգնությամբ դեպի հակառակորդն  ուղղորդեց կրակը:

«Գիշերը ժամը 2:30-ի սահմաններում հարևան դիրքից մեզ զանգել և զգուշացրել են, որ մեր ուղղությամբ հակառակորդի շարժ են նկատել: Գործելով նման իրավիճակներում նախատեսված պլանի համաձայն` զբաղեցրել ենք համապատասխան կրակային դիրքեր: Վերադաս հրամանատարության հետ անընդհատ կապ պահելով` սպասել ենք հարմար պահի և սկսել կրակել:

Անհարկի պատահարներից խուսափելու համար անձնակազմի հիմնական մասին հրահանգել եմ խստիվ պահպանել անվտանգության կանոնները, առանց հրամանի դուրս չգալ խրամաբջիջներից, իսկ ես` գնդացրորդ, շարքային Վահրամ Մարտիրոսյանի հետ դիրքավորվել եմ այն հատվածում, որտեղից ավելի նպաստավոր էր կրակ վարելը»,- մեզ հետ զրույցում ասաց դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանը:

Խոսելով դիրքերում տարվող մարտական հերթապահության մասին, դիրքի ավագը կարևորեց զինծառայողների մարտական պատրաստվածությունն ու զգոնությունը, որոնք պատշաճ մակարդակով կատարելու դեպքում բոլոր դիրքապահներն էլ կարող են պատվով ու բարձր մակարդակով կատարել իրենց առաջադրված մարտական խնդիրները:  «Նախքան մարտական հերթապահության ստանձնումը, զորամասի մշտական տեղակայման վայրում բազմաթիվ պարապմունքներ են իրականացվում, որոնք ուղղված են զինծառայողների մասնագիտական պատրաստվածությանը, որպեսզի յուրաքանչյուրը հստակորեն իմանա իր կոնկրետ անելիքները, տիրապետի կցագրված զենքին ու զինամթերքին: Չէ՞ որ դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում այդ զենքն է լինելու իր ընկերն ու պաշտպանը: Նշված նպատակով հենց դիրքերում ենք տարաբնույթ միջոցառումներ կազմակերերպում, պարբերաբար զենքի խնամք իրականացնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք այն ըստ նպատակի օգտագործել: Միաժամանակ, մարտական հերթապահություն տանելիս պետք է չափազանց զգոն լինել, ժամանակին կատարել դիտարկումները, որպեսզի կարողանանք պատվով կատարել հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը: Իմ կարծիքով՝ դիրքապահ տղաները բոլորն էլ քաջ գիտակցում են, թե ինչ պատասխանատու առաքելություն է դրված իրենց վրա, և որքան կարևոր է, որ երբեք հուսախաբ չանեն սպասելիքները»,- նշեց դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանը` հավելելով, որ տեղի ունեցած գործողությունները եկան փաստելու, որ տղաներն իրոք գիտակցաբար և բարձր մակարդակով են կատարում իրենց պարտականությունները:

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Սամվել Հարությունի Խաչատրյանը ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության համար» մեդալով:


ՀԵՀ