Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂ հարցով բանակցություններն առավել արդյունավետ դարձնելու համար մենք պետք է մոռանանք հին ու կրկնվող տեքստերը, որոնք ցույց են տվել իրենց անարդյունավետությունը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ հարկավոր է նորովի մոտենալ բանակցություններին։
«Վիեննայի բանակցություններին գնացել էինք Ստեփանակերտի օրակարգով, որը նախանշել էի Արցախի ու Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, ու այդ նիստում ես ասել էի, որ մեզ համար շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին: Սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ ու քմահաճույք չէ, այլ գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր։ Ղարաբաղի մասնակցությունը շեշտելով՝ մենք ընդհանրապես ֆորմատի փոփոխության հարց չենք դրել, համանախագահության ներքո բանակցության ֆորմատը կասկածի տակ չէ»,- նշեց նա:
Ըստ վարչապետի` Վիեննայում քննարկվել է ԼՂ մասնակության հարցը։ «Մենք լրջորեն փաստարկել ենք այս տեսակետը: Կողմերը եկե՞լ են համաձայնության, իհարկե, չեն եկել, բայց այդ հարցը քննարկումից դուրս չի եկել, քննարկումները մենք պետք է շարունակենք: Ես` որպես նոր մարդ բանակցություններում, Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պետք է որոշակի բացատրություններ ստանայի։ Այս հարցը բարձրացվել է թե' Ադրբեջանի նախագահի հետ քննարկման ժամանակ, թե' համանախագահների հետ քննարկման ժամանակ: Մենք մեր հարցերի պատասխանները չենք ստացել, որովհետև դրանք շատ ծավալուն հարցեր են, ու մի քննարկման ընթացքում, դժբախատաբար, հնարավոր չէ այդ հարցերի պատասխանը ստանալ։ Հետագայում սա պետք է նաև քննարկվի, ու այս քննարկումը մենք պատվիրակել ենք մեր ԱԳ նախարարներին»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց նաև, որ քննարկել են հանրություններին խաղաղության նախապատրաստելու հարցը։ «Մենք որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել հումանիտար ոլորտում` փորձել իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն խաղաղության համար, գործընթացի դրական ֆոնի համար», - ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց` երբ Ղարաբաղը ընդգրկվի բանակցային գործընթացում, դա չի կարող լինել ադրբեջանական կողմի պարտություն։ «Որովհետև չի կարող որևէ բանակցություն լինել արդյունավետ, եթե այդ գործընթացում էական ազդեցություն ունեցող որևէ կողմ դուրս է մնում գործընթացից»,- եզրափակեց նա: