կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-02 12:52
Արցախ

Տեղայնական մտածելակերպը բնորոշ չէ կազմակերպված ազգին

Տեղայնական մտածելակերպը բնորոշ չէ կազմակերպված ազգին

Մեր համազգային գոյամարտի՝ անցած ավելի քան մեկ ամսվա ընթացքում հետևելով պատերազմի առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին, քաղաքական-դիվանագիտական ոլորտներում և ներազգային կյանքում խմորվող տրամադրու­թյուն­ներին՝ համաձայն եմ եղել ոչ բոլոր տեսակետների հետ, բայց ինձ իրա­վունք չեմ վե­րապահել դասեր տալու որևէ մեկին: Մտածել եմ և այժմ էլ մտածում եմ, որ ոչ թե դասեր տալու, այլ համազգային մարտահրավերին գործնական մասնակցություն բերե­լու ժա­մա­նակն է: Իսկ եթե չես կարող, ավելի լավ է լռել: Բայց կան երևույթներ, որոնց մասին լռելը, ըստ իս, չի կարող արդարացում ունենալ: Մասնավորապես՝ yerkir.am կայ­քում ուշադրությունս գրա­վեց «Նույնիսկ 1937 թ. բանսարկուների ու մատնիչ­նե­րի մեջ նման անձի չեմ մտա­բե­րում» վերտա­ռու­թյամբ գրությունը (1-ը նոյեմբերի), որի հե­ղի­նակը՝ Ա. Իշխանյանը, ուշադրություն է հրավիրում ոմն Է. Անտինյանի ֆեյսբուքյան գրառմանը: Դրա հեղինակը, հիմք ընդունելով մի ցավոտ երևույթ՝ Արցախից ճողո­պրած որոշ դասալիքների ներկայությունը Երևա­նում, փորձ է անում համազգային ան­նա­խա­դեպ միասնության այս օրերին այդ տհաճ իրո­ղությանը հաղորդել քաղա­քա­կան երան­գա­վորում և, ըստ էության, սեպ խրել հա­յու­թյան երկու հատվածների միջև: Այդ պարոնը յուրովի թարմացնում է դեռևս 1990-ական թթ.՝ արցախյան առաջին պա­տե­րազմի շր­ջա­նում, քաղաքական որոշակի շրջա­նակ­ների կող­մից շրջանառության մեջ դրված «ղարաբաղցի-հայաստանցի» հայտ­նի հակա­դրու­թյունը, որի բացասական ներգործությու­նը աշխարահասփյուռ հայու­թյան՝ որպես մեկ ամբողջության տրամադրու­թյուն­ների վրա մինչ օրս էլ հաղթա­հար­ված չէ:

Անշուշտ, դատապարտելի է, որ այս ճակատագրական օրերին, երբ վճռվում է հայի՝ հայրենիք ունենալու, առաջին հերթին՝ Արցախի լինել-չլինելու հարցը, և ինչպես Մայր հայրենիքից, այնպես էլ աշխար­հի տարբեր կողմերից հազարավոր հայորդիներ շտա­պում են Արցախ՝ իրենց որդիական պարտքը կատարելու, ռազմահայրենասի­րու­թյան կենդանի դասեր են տալիս «հայոց փափկասուն տիկիններն ու օրիորդները», այդ նույն ընթացքում Երևանի տաքուկ անկյուններում կարող են պատսպարվել արցախցի տղամարդիկ, որոնք դրա համար չունեն հարգելի պատ­ճառ: Առավել դատապարտելի է, սակայն, երբ այդպիսի մասնակի երևույթները դրվում են խոշո­րա­ցույցի տակ և մա­տուցվում հան­րու­­թյա­նը՝ առանց հաշվի առնելու (կամ էլ, ով գիտի, գուցե լավ էլ հաշվի առնելով), որ շատերն այս օրերին կորցրել են իրենց որդի­նե­րին, ամուսիններին, մեր­ձա­վոր հարազատներին, վերջապես՝ իրենց համար թանկ մարդկանց, շատ շա­տե­րի հարազատներն էլ ենթակա են այդ վտանգին, քանի դեռ պատերազմը չի ավարտվել ... Պարզ է, թե ինչպիսին կլինի, ժողովրդական լեզվով ասած, «սիրտը ելած մարդու» ար­ձագանքը տեղայնացված դասալքության երևույթին...

Պարո՛ն, որքան էլ որ մատնանշվածն իսկապես ցավալի երևույթ է, բայց­և­այն­պես, Ձեր բարձրացրած աղմուկը մեծ հաշվով վատ բան է, նույնիսկ շատ վատ բան՝ անկախ նրանից՝ գի­տակ­ցաբար եք անում, թե պահի ազդեցությամբ՝ տուրք տալով, թերևս, ոչ հեռավոր անցյալից կուտակված մաղձին: Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Գյուղ չկա, որ շուն չլինի»: Հետևաբար, Արցախում էլ կարող են մորթապաշտներ լինել, ինչպես որ Երևանում և Հայաստանի ցանկացած մարզում կամ գյուղում: Բայց եկեք չմոռանանք նաև, որ խոսքը հերոսական Արցախի մասին է, որն արդեն երեսուն տարի հայության ազգային-ազատագրական պայքարի առաջնագիծն է և՝ անտրտունջ: Պատերազմի առաջին օրերից շատ ճիշտ ձևակերպվեց, որ սա այլևս ղարաբաղյան պատերազմ չէ: Սա Հայրենական պատերազմ է, որի առաջնագիծն է Արցախը: Հետևա­բար, այս պատերազմում մեզանից յուրաքանչյուրը պարտք ունի արցախցուց ոչ պա­կաս, որովհետև արցախյան պաշտպանական բնագիծը զիջելու դեպքում մենք ստիպ­ված կլինենք պաշտպանական բնագծեր պատրաստել Արարատյան դաշտում, ինչպես եղավ 1918 թ. մայիսին:

Հիշենք մեր մեծ բանաստեղծների պատգամները՝ «Ո՛վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական կամքի մեջ է» (Ե. Չարենց), «Բավ է, հայե՛ր, ցրված մնաք մատներիս պես, // Բռունցքվելն է հավեր­ժու­թյունն Հայաստանի» (Հ. Շիրազ):

Արցախի բազմաթիվ զավակներ վիթխարի ներդրում են ունեցել 19-րդ դարա­վեր­ջի և 20-ի սկզբի մեր ազգային-ազա­տա­գրա­կան պայքարում ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Հայաստանում: Հիշեցնեմ նրանցից միայն երեքի անունը՝ Նիկոլ Դու­ման, Խանասորի Վարդան և Վանա Իշխան (վերջինի անունը թող չշփոթեցնի՝ նա ևս ար­ցախ­ցի էր՝ շուշեցի): Չմոռանանք, թե ինչպիսի հե­րո­սական ներդրում է ունեցել ղա­րա­­բաղ­ցի մահապարտների գումարտակը Սարդա­րա­պատի հերոսա­մար­տում: Վեր­ջա­­պես, արցախյան ծագում ուներ նաև Սարդարապատի հերոսամարտի ղեկավարը՝ Դանիել Բեկ-Փիրումյանը: Այդ նույն ընթացքում շատ արև­մտա­հայեր ու արևելահայեր խուսափել են զենք վերցնելուց: Եթե կան խոսքերիս կաս­կա­ծողներ, կարող եմ հուշել ժամանակակիցների բազմաթիվ վկայություններ: Խնդրեմ՝ Թոփալ Հակոբի օրինակը, որը, Սարդարապատի ճակատա­մար­տի օրերին դառնալով դասալիք և հասկա­նալով, թե դրա համար ինչ է սպասվում իրեն, փորձում է սեփական մաշկը փրկել՝ հանրության աչքում դավաճանի պիտակ կպցնելով, ոչ ավելի, ոչ պակաս, Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին՝ Մայիսյան հե­րո­սամարտերի կազմակերպչին և ոգե­շն­չողին (տե՛ս «Արամը», Թեհրան, 1969, էջ 508-521): Սարդարապատի հերոսամարտի նախ­­օր­յակին Արարատյան դաշտավայրում եղել են նույնիսկ ամբողջ գյուղով դասա­լքու­թյան դեպքեր, որոնք, բարեբախ­տա­բար, կանխվել են զենքի սպառնալիքի տակ (տե՛ս Մարտիրոս Աբրահամյան, Իմ հիշելի հու­շե­րը, Եր., 2016, էջ 291-292):

Իսկ այդ նույն օրերին Արա­րատ­յան աշխարհում գտնվող ղարաբաղցիները չխու­սա­­փե­ցին Մայր հայրենիքի հան­դեպ իրենց բաժին պատասխանատվությունից:

Եթե կան դասալիքներ, նրանցով պիտի զբաղվեն պետական պատկան մարմին­ները: Կա դասալքության մասին օրենք, և օրենքի առջև հավասար են բոլորը՝ անկախ իրենց բնակության վայրից: Դասալքությունը, անկախ նրա մասշտաբներից (վստահ եմ, որ այն մեծ չէ), մի՛ տեղայնացրեք, որովհետև տեղայնացման հե­տևանքները կարող են համ­ազ­գային աղետի դուռ բացել: Տեղայնականությունը անհայրենիք մտածո­ղու­թյան դրսևորում է, որը չի կարող բնորոշ լինել կազմակերպված ազգին:  Արցախի Հան­րա­պե­տու­թյունը, ինչպես և Հայաս­տա­նի Հան­րապետությունը, համայն հայության հայ­րե­նիքն է: «Արցախը Հայաստա՛ն է, և վե՛րջ»: Լեոնիդ Ազգալդյանի այս սեղմ, բայց դիպուկ բանաձևումով ասված է ամեն ինչ (իհարկե, որպես համազգային հոգևոր բանաձևում, բայց ոչ՝ քաղաքական կամ դիվա­նա­գիտական): Ով այդ տրամաբանությունից դուրս է, գուցե իր համար փնտրի նոր հայրենիք: Բայց վստահ չեմ, թե այդպիսիները, առհասարակ, կարող են հայրենիք ունենալ: Նրանք կարող են ունենալ միայն ժա­մա­նա­կավոր գրանցման հասցե:

Չմոռանանք, որ այժմ Մայր հայ­րենիքում են ապաստանել Արցախի մեր տասն­յակհազարավոր հայրենակիցներ՝ կա­նայք, երեխաներ ու ծերեր, որոնց տնե­րը ավեր­վել են և դեռ շարունակում են ավերվել: Պատերազմի առաջնագծում կռվում, սխրանք­ներ են գործում և, ցավոք, զոհվում նաև նրանց զավակները, ամու­սիններն ու ծնողները: Բոլորիս պարտքն է ամեն ինչով նեցուկ լինել բնավեր դարձած մեր հայ­րե­նա­կիցներին, նրանց ապրեցնել մինչև պատերազմի հաղթական ավարտը, որին վստահ եմ՝ չի կաս­կա­ծում ոչ ոք, բացառությամբ, թերևս, ֆեյսբուքյան ֆիդայիների, որոնց գլուխներում է կենտրոնացած հայ քաղաքագիտական ու դիվանագիտական հանճարը: Ավելին՝ պար­տա­վոր ենք փախստական դարձած մեր հայրենակիցներին ապրեցնել մինչև բնա­կու­թյան համար տանելի պայմանների ապա­հո­վումն իրենց ծննդավայրում:

Վեր կանգնենք առանձին բացասական դրսևորումներից և հայացքներս հավա­տով ուղղենք հաղթական ապագային: Ժամանակավոր նահանջները դեռևս պարտու­թյուն չեն: Պարտվում են ի ծնե պարտվածները, որոնց միշտ ուղեկցում է «ոգու սովը»: Նիկոլ Դումանների, Անդրանիկների, Եփրեմ խաների (Եփրեմ Դավթյան), Դրոների, Հովհաննես Բաղրամյանների ոգու կրողներին խորթ է պարտության զգացումը:

Վարդան Պետրոսյան

2. 11. 2020 թ.