կարևոր
3028 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-30 16:54
Քաղաքական

«Այսօր տարակարծությունը դարձել է քրեորեն հետապնդելի, ինչպես բնորոշ է բռնապետական երկրներին». «Փաստ»

«Այսօր տարակարծությունը դարձել է քրեորեն հետապնդելի, ինչպես բնորոշ է բռնապետական երկրներին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախ դատական համակարգի ստեղծումը, արդարության հաստատումը 2018 թ.-ին երկրի ղեկը ստանձնած քաղաքական թիմի առաջնահերթություններից էր: Նրանց կառավարման հինգից ավելի տարվա ընթացքում քաղաքացիներից յուրաքանչյուրն ինքը կարող է որոշել՝ արդյո՞ք առանց կոռուպցիայի և արդար Հայաստանում է ապրում: Կարևոր են նաև փորձագետների դիտարկումները, երբ նրանք համեմատում են «նախկին» և «հեղափոխական» իրականությունները: «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ «Փաստը» զրուցել է այս թեմայի շուրջ:

- Պարո՛ն Իշխանյան, Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ խոսեց հարուցված քրեական գործերի, հատկապես կոռուպցիոն հիմքեր ունեցող դատական գործերի մասին: Իր հիմնական ասելիքն այն էր, որ գործերն առաջ չեն գնում, և փաստացի այս գործերով որոշումներ ու վճիռներ պահանջեց: Այս մեսիջն ուղղված էր դատավորների՞ն, քրգործերով անցնող անհատների՞ն, թե՞ հասարակության այն հատվածին, որը շարունակում է վստահել իրեն:

- Այդ խոսքն, իհարկե, ուղղված էր առաջին հերթին, այսպես ասած, «լյումպենին», որը նախանձում է բարվոք ապրողներին և հրճվում, երբ նրանց սնանկացնում են։ Ստի և կեղծիքի հեղափոխության ժամանակ, երբ այսօրվա վարչապետ կոչեցյալը խոստանում էր «թալանվածը կոպեկ առ կոպեկ վերադարձնել», այդ մարդիկ հույս ունեին, որ այդ ամենը բաժանվելու է իրենց միջև։ Բացարձակապես միտք չունեմ ասելու, որ նախորդ իշխանությունների ժամանակ կոռուպցիա չի եղել։ Իհարկե, եղել է։ Բայց ողջ աշխարհում շատ բարդ է նախկին կոռուպցիոն գործերը բացահայտել։ Կոռուպցիայի դեմ լավագույն պայքարը սեփական օրինակն է։ Իսկ ինչպիսի պատկեր ունենք ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո։ Վստահաբար եմ ասում՝ շատ ավելի բացահայտ և ծաղկող կոռուպցիա, քան «նախկինների» օրոք։

Առաջին կոռուպցիոն ծիծեռնակը վարչապետուհու բացած հիմնադրամներն էին, ապա նախարարներին ծրարով գումարներ տալը։ Հետագայում արդեն կոռուպցիան մի կողմից օրինականացվեց՝ պաշտոնյաների աշխատավարձերը տիեզերական մակարդակի հասցնելով, մյուս կողմից էլ՝ ավելի ցինիկ դրսևորումներ ընդունեց, օրինակ՝ ԱԺ խոսնակի, վարչապետ կոչեցյալի եղբայրների ծաղկող բիզնեսներով։ Կամ՝ շատ պաշտոնյաներ հանկարծ սկսեցին ահռելի գումարներով կամ անշարժ գույքով նվիրատվություններ ստանալ, ինչպես, օրինակ՝ պաշտպանության նախարարը, ավելի քան 100 000 դոլար։ Ինչ վերաբերում է «նախկիններին», ապա իրականում տեղի է ունենում նախկին կոռուպցիոն սեփականության վերաբաշխում։ Բացի ունեցվածքի վերաբաշխումը, այսինքն՝ յուրացումը, վարչապետ կոչեցյալը լուծում է նաև այլ խնդիր։ Ունենալով բռնապետական հակումներ՝ նա չի հանդուրժում իր վերահսկողությունից դուրս գտնվող ֆինանսներ։

Բոլոր գործարարները պետք է լինեն Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի պես հպատակներ և պարբերաբար «մուծվեն» վարչապետուհու հիմնադրամներին։ Ինչ վերաբերում է դատարաններին, ապա հիշենք՝ դեռևս 2018 թ.-ին Կապանում վարչապետ կոչեցյալի մամուլի ասուլիսում հնչած խոսքը. «Խոսում ես քննիչների հետ, ասում են «կուկլա» գործերը գնում են դատարան և այնտեղ մեռնում»։ Սա ինքնախոստովանություն էր, որ նա հանձնարարում էր և է իրեն ենթակա քննչական մարմիններին՝ գործեր սարքել իր ոչ միայն ընդդիմադիր, այլև չհամակրող անձանց դեմ։Եվ այդ քննչական մարմինները հլու-հնազանդ կատարում են հրահանգները։ Սակայն նույնիսկ պատվեր կատարող դատավորները այդ գործերով դժվարանում են վերջնական որոշումներ ընդունել։ Հարուցված գործերով դատավորները կալանքի որոշումներ են ընդունում, ապա տարիներ հետաձգում են դատական նիստերը, նույնիսկ այնպիսի հպատակ դատավորներ, ինչպիսին է Մնացական Մարտիրոսյանը, օրինակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով։ Եվ միայն 5 տարի անց, հավանաբար լսելով վարչապետ կոչեցյալի հրահանգը, Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց դատավճիռը։

- Ձեր դիտարկմամբ, վերջին շրջանում անհատների հանդեպ հետապնդումներն իրենց բնույթը փոխե՞լ են, թե ոչ: Այնպիսի մի փուլ ենք թևակոխել, որ տարակարծությունը քրեորեն հետապնդելի արա՞րք է դարձել:

- Ոչ միայն չեն փոխվել, այլև ավելի սաստկացել են։ Վարչապետ կոչեցյալի կոճակ-պատգամավորները Քրեական օրենսգիրքը լրացնում են արհեստական, միջազգային չափանիշներին հակասող հոդվածներով՝ ընդդիմադիրներին մեղադրանքներ առաջադրելու համար։Այդ հոդվածներից են հանրահավաքի մասնակիցներին ֆինանսապես շահագրգռելը, բռնության կոչը։ Այսօր, ի ամոթ մեզ, Հայաստանում ունենք շուրջ 50 քաղբանտարկյալ, այդ թվում՝ կին և անչափահաս։ Քաղբանտարկյալների զգալի մասը խաղաղ հավաքների մասնակիցներ են, որոնց դեմ ցուցմունքներ են տվել նրանց դեմ բռնություն կիրառած ոստիկանները։ Այո՛, այսօր տարակարծությունը դարձել է քրեորեն հետապնդելի, ինչպես բնորոշ է բռնապետական երկրներին։

- Ձեր հանդեպ ևս հետապնդում սկսվեց ֆեյսբուքյան գրառման պատճառով: Հիմա ի՞նչ փուլում է հարուցված գործը:

- Ներեցեք, այս հարցին չեմ պատասխանի։ Միայն մեկ նկատառում. ինձ բացարձակապես չի անհանգստացնում ո՛չ քննիչ-դատախազի սարքովի մեղադրանքը, ո՛չ դատարանի որոշումը։

- Մոտ մեկ ամիս առաջ բաց նամակով դիմել էիք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, նշելով՝ «... որոշեցի այս բաց նամակով հայտնել իմ տարակուսանքները՝ Ձեր բոլորի պահվածքի վերաբերյալ։ Նկատի ունեմ Ձեր կողմից անտեսվող՝ Հայաստանում մարդու իրավունքների հետևողականորեն խախտումները»: Չնայած որ նամակի վերջում նշել էիք՝ «առանց պատասխանի ակնկալիքի...», բայց որևէ արձագանք Ձեր նամակին եղե՞լ է:

-Նամակ գրելու պատճառներից մեկն իմ անհանգստությունն էր, որ իսկապես այն արժեքները՝ իրավական պետություն, մարդու իրավունքներ, որոնք ինձ համար շատ կարևոր են եղել, այս իշխանությունները ոտնատակ են անում, իսկ այդ արժեքների հեղինակ-ջատագովները ոչ միայն լռում, այլև խրախուսում են այդ ամենը։ Քաջ գիտակցելով, որ որևէ պատասխան կամ արձագանք չի լինելու, իմ բաց նամակի երկրորդ ավելի կարևոր պատճառը նամակի հասցեագրումն էր մեր հասարակությանը, որ հասկանան վերջապես, որ բոլոր երկրները շարժվում են իրենց աշխարհաքաղաքական շահերով՝ օգտագործելով տարատեսակ գործիքներ, ինչպես ժողովրդավարությունը և այլն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում