Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր համազգային գոյամարտի անցած ավելի քան մեկ ամսվա ընթացքում հետևելով պատերազմի առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին, քաղաքական-դիվանագիտական ոլորտներում և ներազգային կյանքում խմորվող տրամադրություններին՝ համաձայն եմ եղել ոչ բոլոր տեսակետների հետ, բայց ինձ իրավունք չեմ վերապահել դասեր տալու որևէ մեկին: Մտածել եմ և այժմ էլ մտածում եմ, որ ոչ թե դասեր տալու, այլ համազգային մարտահրավերին գործնական մասնակցություն բերելու ժամանակն է: Իսկ եթե չես կարող, ավելի լավ է լռել: Բայց կան երևույթներ, որոնց հանդեպ լռելը, ըստ իս, չի կարող արդարացում ունենալ: Մասնավորապես. «Երկիր.ամ» կայքում ուշադրությունս գրավեց «Նույնիսկ 1937 թ․բանսարկուներիումատնիչներիմեջնմանանձիչեմմտաբերում» վերտառությամբ գրությունը (1-ը նոյեմբերի), որի հեղինակը՝ Ա. Իշխանյանը, ուշադրություն է հրավիրում ոմն Է. Անտինյանի ֆեյսբուքյան գրառման վրա: Վերջինիս հեղինակը, հիմք ընդունելով մի ցավոտ երևույթ՝ արցախից ճողոպրած որոշ դասալիքների ներկայությունը Երևանում, փորձ է անում համազգային աննախադեպ միասնության այս օրերին այդ տհաճ իրողությանը հաղորդել քաղաքական երանգավորում և ըստ էության՝ սեպ խրել հայության երկու հատվածների միջև: Այդ պարոնը յուրովի թարմացնում է դեռևս 1990-ական թթ.՝ արցախյան առաջին պատերազմի շրջանում, քաղաքական որոշակի շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված «ղարաբաղցի-հայաստանցի» հայտնի հակադրությունը, որի բացասական ներգործությունը աշխարահասփյուռ հայության՝ որպես մեկ ամբողջության տրամադրությունների վրա մինչև օրս էլ հաղթահարված չէ:
Անշուշտ, դատապարտելի է, որ այս ճակատագրական օրերին, երբ վճռվում է հայի՝ հայրենիք ունենալու, առաջին հերթին՝ Արցախի լինել-չլինելու հարցը, և ինչպես մայր հայրենիքից, այնպես էլ աշխարհի տարբեր կողմերից հազարավոր հայորդիներ շտապում են Արցախ՝ իրենց որդիական պարտքը կատարելու, ռազմահայրենասիրության կենդանի դասեր են տալիս «հայոց փափկասուն տիկիններն ու օրիորդները», այդ նույն ընթացքում Երևանի տաքուկ անկյուններում կարող են պատսպարվել արցախցի տղամարդիկ, որոնք դրա համար չունեն հարգելի պատճառ: Առավել դատապարտելի է, սակայն, երբ այդպիսի մասնակի երևույթները դրվում են խոշորացույցի տակ և մատուցվում հանրությանը, առանց հաշվի առնելու (կամ էլ, ով գիտի, գուցե լավ էլ հաշվի առնելով), որ շատերն այս օրերին կորցրել են իրենց որդիներին, ամուսիններին, մերձավոր հարազատներին, վերջապես՝ իրենց համար թանկ մարդկանց, շատ շատերի հարազատներն էլ ենթակա են այդ վտանգին, քանի դեռ պատերազմը չի ավարտվել ... Պարզ է, թե ինչպիսին կլինի, ժողովրդական լեզվով ասած, «սիրտը ելած մարդու» արձագանքը տեղայնացված դասալքության երևույթի հանդեպ ...
Պարո՛ն, որքան էլ որ մատնանշվածն իսկապես ցավալի երևույթ է, բայցևայնպես, Ձեր բարձրացրած աղմուկը մեծ հաշվով վատ բան է, նույնիսկ շատ վատ բան, անկախ նրանից՝ գիտակցաբար եք անում, թե պահի ազդեցությամբ՝ տուրք տալով, թերևս, ոչ հեռավոր անցյալից կուտակված մաղձին: Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Գյուղ չկա, որ շուն չլինի»: Հետևաբար Արցախում էլ կարող են մորթապաշտներ լինել, ինչպես որ Երևանում և Հայաստանի ցանկացած մարզում կամ գյուղում: Բայց եկեք չմոռանանք նաև, որ խոսքը հերոսական Արցախի մասին է, որն արդեն երեսուն տարի հայության ազգային-ազատագրական պայքարի առաջնագիծն է և՝ անտրտունջ: Պատերազմի առաջին օրերից շատ ճիշտ ձևակերպվեց, որ սա այլևս ղարաբաղյան պատերազմ չէ: Սա Հայրենական պատերազմ է, որի առաջնագիծն է Արցախը: Հետևաբար այս պատերազմում մեզանից յուրաքանչյուրը պարտք ունի արցախցուց ոչ պակաս, որովհետև արցախյան պաշտպանական բնագիծը զիջելու դեպքում մենք ստիպված կլինենք պաշտպանական բնագծեր պատրաստել Արարատյան դաշտում, ինչպես որ եղավ 1918 թ. մայիսին:
Հիշենք մեր մեծ բանաստեղծների պատգամները. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական կամքի մեջ է» (Ե. Չարենց), «Բավ է, հայե՛ր, ցրված մնաք մատներիս պես, // Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի» (Հ. Շիրազ):
Արցախի բազմաթիվ զավակներ վիթխարի ներդրում են ունեցել 19-րդ դարավերջի և 20-ի սկզբի մեր ազգային-ազատագրական պայքարում ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Հայաստանում: Հիշեցնեմ նրանցից միայն երեքի անունը՝ Նիկոլ Դուման, Խանասորի Վարդան և Վանա Իշխան (վեջինի անունը թող չշփոթեցնի՝ նա ևս արցախցի էր՝ շուշեցի): Չմոռանանք, թե ինչպիսի հերոսական ներդրում է ունեցել ղարաբաղցի մահապարտների գումարտակը Սարդարապատի հերոսամարտում: Վերջապես, արցախյան ծագում ուներ նաև Սարդարապատի հերոսամարտի ղեկավարը՝ Դանիելբեկ Փիրումյանը: Այդ նույն ընթացքում շատ արևմտահայեր ու արևելահայեր խուսափել են զենք վերցնելուց: Եթե կան խոսքերիս կասկածողներ, կարող եմ հուշել ժամանակակիցների բազմաթիվ վկայություններ: Խնդրեմ՝ Թոփալ Հակոբի օրինակը, ով Սարդարապատի ճակատամարտի օրերին դառնալով դասալիք և հասկանալով, թե դրա համար ինչ է սպասվում իրեն, փորձում է սեփական մաշկը փրկել հանրության աչքում դավաճանի պիտակ կպցնելով ոչ ավել, ոչ պակաս՝ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին՝ Մայիսյան հերոսամարտերի կազմակերպչին և ոգեշնչողին (տե՛ս «Արամը», Թեհրան, 1969, էջ 508-521): Սարդարապատի հերոսամարտի նախօրյակին Արարատյան դաշտավայրում եղել են նույնիսկ ամբողջ գյուղով դասալքության դեպքեր, որոնք, բարեբախտաբար, կանխվել են զենքի սպառնալիքի տակ (տե՛ս Մարտիրոս Աբրահամյան, Իմ հիշելի հուշերը, Եր., 2016, էջ 291-292):
Իսկ այդ նույն օրերին Արարատյան աշխարհում գտնվող ղարաբաղցիները չխուսափեցին մայր հայրենիքի հանդեպ իրենց բաժին պատասխանատվությունից:
Եթե կան դասալիքներ, նրանցով պիտի զբաղվեն պետական պատկան մարմինները: Կա դասալքության մասին օրենք և օրենքի առջև հավասար են բոլորը, անկախ իրենց բնակության վայրից: Դասալքությունը, անկախ նրա մասշտաբներից (վստահ եմ, որ այն մեծ չէ), մի տեղայնացրեք, որովհետև տեղայնացման հետևանքները կարող են համազգային աղետի դուռ բացել: Տեղայնականությունը անհայրենիք մտածողության դրսևորում է, որը չի կարող բնորոշ լինել կազմակերպված ազգին: Արցախի հանրապետությունը, ինչպես և Հայաստանի հանրապետությունը, համայն հայության հայրենիքն է: «Արցախը Հայաստա՛ն է և վե՛րջ»: Լեոնիդ Ազգալդյանի այս սեղմ, բայց դիպուկ բանաձևումով ասված է ամեն ինչ (իհարկե, որպես համազգային հոգևոր բանաձևում, բայց ոչ՝ քաղաքական կամ դիվանագիտական): Ով այդ տրամաբանությունից դուրս է, գուցե իր համար փնտրի նոր հայրենիք: Բայց վստահ չեմ, թե այդպիսիները առհասարակ կարող են հայրենիք ունենալ: Նրանք կարող են ունենալ միայն ժամանակավոր գրանցման հասցե:
Չմոռանանք, որ այժմ մայր հայրենիքում են ապաստանել Արցախի մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ՝ կանայք, երեխաներ ու ծերեր, որոնց տները ավերվել են և դեռ շարունակում են ավերվել: Պատերազմի առաջնագծում կռվում, սխրանքներ են գործում և, ցավոք, զոհվում նաև նրանց զավակները, ամուսիններն ու ծնողները: Բոլորիս պարտքն է ամեն ինչով նեցուկ լինել բնավեր դարձած մեր հայրենակիցներին, նրանց ապրեցնել մինչև պատերազմի հաղթական ավարտը, որին վստահ եմ՝ չի կասկածում ոչ ոք, բացառությամբ, թերևս, ֆեյսբուքյան ֆիդայիների, որոնց գլուխներում է կենտրոնացած հայ քաղաքագիտական ու դիվանագիտական հանճարը: Ավելին, պարտավոր ենք փախստական դարձած մեր հայրենակիցներին ապրեցնել մինչև բնակության համար տանելի պայմանների ապահովումն իրենց ծննդավայրում:
Վեր կանգնենք առանձին բացասական դրսևորումներից և հայացքներս հավատով ուղղենք հաղթական ապագային: Ժամանակավոր նահանջները դեռևս պարտություն չեն: Պարտվում են ի ծնե պարտվածները, որոնց միշտ ուղեկցում է «Ոգու սովը»: Նիկոլ Դումանների, Անդրանիկների, Եփրեմ խաների (Եփրեմ Դավթյան), Դրոների, Հովհաննես Բաղրամյանների ոգու կրողներին խորթ է պարտության զգացումը:
Վարդան Պետրոսյան
2. XI. 2020 թ.