կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-16 16:53
Քաղաքական

Մեր խաղաղության երաշխիքը յուրաքանչյուր ոլորտում մոբիլիզացումն է․ Արթուր Եղիազարյան

Մեր խաղաղության երաշխիքը յուրաքանչյուր ոլորտում մոբիլիզացումն է․ Արթուր Եղիազարյան

Ազգը, որ ինքնապաշտպանական հաց է ստեղծել, զորեղ է եւ անպարտելի

Մեր տարածաշրջանում հատվում են տարբեր գերտերությունների շահեր, տարբեր էթնոսների ձգտումներ եւ, հետեւաբար, ապագայում էլ պատերազմներն անխուսափելի են: Բայց սա չի նշանակում, թե պատերազմներից խուսափելն անհնար է: Հնարավոր է, բայց եթե լինենք համապատասխան պատրաստվածության, եւ այդ դեպքում հակառակորդը չի համարձակվի ռազմական ճանապարհով խնդիրներ լուծել:
Որ հայ զինվորը հզոր ռազմիկ է, գիտենք, բայց այս օրերին դա նաեւ աշխարհն իմացավ: Եվ գուցե շատերս խորքային չենք պատկերացնում, թե ինչ դժվարին խնդիրներ է հայ ռազմիկն ամեն օր լուծում:

Ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը հստակեցնում է. «Հայտնի է, որ հայկական ու ադրբեջանական բանակները տարիներով զինվում են: Բայց մի նրբություն կա. ներկա դրությամբ սա արդեն հայ-ադրբեջանական հակամարտությունից դուրս գործընթաց է: Որովհետեւ եւ՛ «իսլամական պետության» վարձկաններն են ներգրավված, եւ՛ Թուրքիայի կողմից ամբողջական ներգրավվածություն կա, թեկուզ դեռ քողարկվում է ադրբեջանական մորթու տակ, բայց ամեն տեղից թուրքական ոտքերն են երեւում՝ թե՛ զինտեխնիկայի, թե՛ մարդկային ռեսուրսների ձեւով: Այսինքն՝ սա արդեն հայ-թուրքական պատերազմի է վերածվել: Ժամանակակից Թուրքիայի նկրտումներն այս տարածաշրջանում ակնհայտ են՝ ստեղծել միացյալ թուրքական միություն: Հիմա դա մեկ պետության տեսքով են նախատեսում, թե միության կամ մեկ այլ ֆորմատով, ակնհայտ տեսանելի են նկրտումները»:

Վերլուծաբանը խոսում է տարիներ շարունակ թուրքական քաղաքականությունից: Ստեղծել է թյուրքալեզու ժողովուրդների խորհուրդ, որում ներգրավված է 6 պետություն: Չմոռանանք՝ դեռ տարիներ առաջ Նախիջեւանում տեղի ունեցած խորհրդի ժողովի ժամանակ բացահայտ ակնարկել են, որ Նախիջեւանը այն տարածքն է, որը պետք է միավորի թուրքական աշխարհները: Եվ ներկա դրությամբ նրանց մաքսիմալ ծրագիրը սա է: Իհարկե, պատերազմ սանձազերծող կողմը հաշվարկում է մինիմալ ու մաքսիմալ ծրագրեր: Մի քանի գործոններ են հատվում այստեղ: «Ադրբեջանում լուրջ սոցիալական խնդիրներ են սկսվել եւ հիմա էլ կան՝ կապված ջրային ռեսուրսների հետ: Եվ այդ խնդիրները հենց Թուրքիան է ծնում,- նշում է Արթուր Եղիազարյանը,- Կուր գետի ավազանը փոքրացել է (իհարկե, բնական գործոն էլ կա), որովհետեւ թուրքական կողմը իր տարածքում ջրային մեծ ավազաններ է ստեղծում, Կուրի աջափնյակը, կարելի է ասել, ամբողջությամբ ջրազրկված է: Չմոռանանք նաեւ, որ այդ հատվածի ջրային ռեսուրսների գերակշիռ մասը ծնունդ է առնում Արցախի լեռներից: Արդեն պարզ է, չէ՞, նրանց մինիմալ ծրագիրը: Եվ այդ ակտիվությունը նկատում ենք Արցախի հյուսիսային հատվածում՝ անպայման դուրս գալու Թարթառ գետի ակունքներ»:

Իսկ թշնամու մաքսիմալ ծրագիրը կարող է բերել տարածաշրջանային պատերազմի: Թշնամին ցանկանում է Արցախի հարավային կողմից մոտենալ Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ Մեղրիի շրջանին. իսկ այստեղից մինչեւ Նախիջեւանի Օրդուբադ ընդամենը 37 կմ է բաժանում: «Շատերի մոտ տարակուսանք է առաջանում. ինչպե՞ս, չէ՞ որ այստեղ Ռուսաստանի, Իրանի գործոններն են: Այո, այդ գործոնները կան, բայց ես ուզում եմ, որ մենք այլ գործոն հաշվի առնելով էլ պատրաստ լինենք,- շեշտում է ռազմական վերլուծաբանը,- Թուրքիան ոչ մեկին հաշվի չի առնում, կորցրել է չափի զգացողությունը: Եվ եթե հայկական ուժերը չկարողանան հակադարձել, Թուրքիան կփորձի իրագործել իր ծրագրերը: Սա չբացառվող տարբերակ է: Հետո` այս դեպքում, բնականաբար, կներքաշվեն այլ երկրներ…»:

«Դրա համար ենք ասում. Արցախի հարավային հատվածը եւ Մեղրիի հատվածը մարդկության քաղաքակրթության անջրպետն է, որով կանխվում է ավելի մեծ չարիքի՝ թյուրքական դաշինքի ծնունդը»,- ընդգծում է զրուցակիցս:

Ի դեպ, ընդամենը օրեր հետո՝ հոկտեմբերի 29-ին պետք է տեղի ունենա թյուրքալեզու ժողովուրդների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային հարցերից մեկն էլ Թուրանի միացյալ բանակի ստեղծումն է: Այսինքն՝ գործնական քայլի են գնում՝ այս երկրները ռազմական առումով միավորելու: Եթե ուշադիր լինենք, ինչպես բացատրում է ռազմական վերլուծաբանը, տեղեկատվական դաշտում դեռ այս ամառվանից միավորումներն արդեն սկսել են: Եվ հենց այդ ժամանակ էլ Էրդողանը կոչով դիմեց արտերկրում ապրող թուրք եւ ադրբեջանցի հանրությանը՝ պայքարելու Հայ դատի գրասենյակների դեմ… Պատճառները առավել քան հասկանալի են: Այսինքն՝ այսօրվա պատերազմը շատ ավելի խորքային պատճառներ ունի՝ մեզ զրկել մեր հայրենիքի վերականգնման ձգտումներից: «Պատահական չէ, որ օրեր առաջ «Գորշ գայլերի» ղեկավարն ասաց, թե եթե այս պատերազմում հայերը հաղթող դուրս գան, ապա թուրքերի երազանքները կարող են տապալվել, հետեւաբար, ոչ մի միջոցի առաջ չպետք է կանգնեն: Սա ոչ այլ ինչ է, քան հայերի ցեղասպանության բացահայտ կոչ»,- հայտնում է Ա. Եղիազարյանը՝ միաժամանակ ընդգծելով. «Սա նշանակում է, որ մենք այլ տարբերակ չունենք, քան հստակ հաղթանակ տանելը»:

Իհարկե, սրա հետ կապված շատ արագ եւ լուրջ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արտաքին հատվածում: Եթե հակիրճ, ապա պետք է աշխատանք տանենք դաշնակիցներ եւ թիմակիցներ գտնելու համար՝ հակաթուրքական ճակատում: Մենք արել ենք շատ կարեւոր մի բան. ցույց ենք տվել այն համառությունն ու ուժը, որ տարածաշրջանային լուրջ գործոն ենք: Եվ մենք ինքներս, ըստ վերլուծաբանի, պետք է կարողանանք մեր շահը ձեւակերպել որոշակի գերտերությունների շահերի շրջանակներում: Տերություններից հնչում են հավասարության նշան դնող հայտարարություններ, զգուշավոր «պրոտոկոլային տեքստեր», բայց այդ տեքստերում էլ երանգներ կան: Մենք պետք է հուզականությունը մի կողմ թողնենք եւ իրական քաղաքականության հետ հաշվի նստենք՝ մեր շահն առաջ տանելով: «Միջազգային հարթակներում ուսումնասիրում եւ նշում են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրագնդում նման խտության ռազմական գործողություններ չեն իրականացվել՝ փոքր հատվածում եւ այդքան զինտեխնիկայի կիրառմամբ: Եվ, այսքանով հանդերձ, հայկական բանակը տապալեց թուրքական բլից-կրիգը: Մենք ստիպեցիք մեզ հարգել, մեզ չնայել առաջվա պրիզմայով… Մենք զարմանալի հատկություն ունենք՝ արտաքին վտանգի ժամանակ արագ մոբիլիզացվում ենք: Մենք մեր ուժերից վեր խնդիր ենք լուծում: Բայց չպետք է սրանով բավարարվենք: Պետք է կարողանանք շատ արագ փոփոխություններ բերել պատերազմում՝ թշնամուն դուրս մղելով»,- հայտնում է Արթուր Եղիազարյանը:

Նրա խոսքերով՝ ամեն ոլորտում մոբիլիզացումն է մեր խաղաղության երաշխիքը:

Համապատկերում ռազմական վերլուծաբանը պատմական մի փաստ հիշեց: Երբ Մակեդոնացին Հյուսիսային Միջագետք էր հասել, նայում է հյուսիսի լեռների կողմը եւ ցանկություն հայտնում գրավել Հայաստանի տարածքը: Զինված հետախուզական խումբ է ուղարկում, որ վերադառնալով` լավաշ է բերում Մակեդոնացուն: Նա հարցնում է՝ ի՞նչ է սա: Հետախույզները բացատրում են՝ հայերի չփչացող հացը, թխում են, չորացնում, ամիսներով պահում, հետո թրջում եւ իբրեւ թարմ հաց ուտում: Մակեդոնացին հետ է կանգնում Հայաստանը գրավելու մտքից. մի ազգ, որ ինքնապաշտպանական հաց է ստեղծել, ավելի լավ է նրա հետ գործ չունենալ:

«Այսինքն՝ մենք պիտի այնպիսի տնտեսություն, այնպիսի երկիր ունենանք, որ մեզ հետ պարզապես չցանկանան պատերազմել: Ասված է՝ եթե խաղաղություն ենք ուզում, անընդհատ պետք է պատերազմի պատրաստվենք: Թշնամին ուզում է մինիմալը՝ Արցախի չգոյություն, մաքսիմալը՝ Հայաստանի չգոյություն: Պե՞տք է հանդուրժենք: Բնականաբար՝ ոչ: Հետեւաբար բոլոր ռեսուրսներով պետք է նվիրվենք մեր գործին: Ինչու ոչ, պարտավոր ենք նաեւ ոչ ստանդարտ լուծումներ գտնել: Հաղթանակը մեզ համար այլընտրանք չունի: Սա ֆիքսում ենք եւ անցնում լուծումների»,- եզրափակում է ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ