կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-26 19:30
Քաղաքական

Այսուհետ Ադրբեջանի ագրեսիվ յուրաքանչյուր քայլի դեպքում մեր սահմանը լրիվ այլ տեղ պետք է գծվի. Արթուր Եղիազարյան

Այսուհետ Ադրբեջանի ագրեսիվ յուրաքանչյուր քայլի դեպքում մեր սահմանը լրիվ այլ տեղ պետք է գծվի. Արթուր Եղիազարյան

Այսօր` ժամը 18-ին, Երևանի Ազատության հրապարակում անցկացվեց «Հողեր չունենք տալու» կարգախոսով հանրահավաքը` ի հիշատակ Սումգայիթի և Բաքվի ջարդերի 31-րդ տարելիցի:

Հավաքի մասնակիցները, որոնց թվում էին մեծ թվով ազատամարտիկներ, հավաքվեցին Ծիծեռնակաբերդում, որտեղից անմար կրակից վառված ջահերով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Այստեղ ելույթ ունեցան մի շարք ազատամարտիկներ, այդ թվում`ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը: Նա նշեց, որ այս հավաքի միջոցով խոսք են ուղղում աշխարհին և Հայաստանի իշխանություններին:

«Սա իշխանության և ընդդիմության խնդիր չէ: Այս հավաքը տեսակի խնդիր է` հայ ազգի այն տեսակի, որի համար հայրենիքը բացարձակ արժեք է: Ցավոք, մի 20 տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ կգա ժամանակ, երբ վիճահարույց կլինի  հայրենիք հասկացությունը: Հայրենիքը բացարձակ արժեք է, այն չեն ընտրում: Կորցրած լինելով մեր պատմական հայրենիքի 90 տոկոսը` իրավունք չունենք մեր հիշողությունից ջնջելու այն»,- ասաց Արթուր Եղիազարյանը:

Նա անդրադարձավ Արցախի տարածքների խնդրին` ասելով, որ որոշ ուժեր այն դարձրել են վիճահարույց թեմա: Արթուր Եղիազարյանը հայտարարեց, որ այսօր Արցախում գոյություն չունի գրավված կամ ազատագրված տարածք, կա Արցախի Հանրապետություն` իր վարչական շրջաններով, իր Սահմանադրությամբ, և այդ թեման քննարկման ենթակա չէ:

«Ադրբեջանը մեր հակառակորդը չէ, այլ` թշնամին: Նրանց կատարած վայրագություններն ապացուցում են, որ նրանք մեզ ատող տեսակ են: Մենք չենք ընտրել պատերազմը, մեզ այն պարտադրել է Ադրբեջանը` Բաքվի ու Սումգայիթի ջարդերը կազմակերպելով: Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում, մի պետության, որը գոյություն չի ունեցել»,- հայտարարեց Արթուր Եզիազարյանը` պատմական էքսկուրսում ներկայացնելով Ադրբեջանի պետություն արհեստական կազմավորման պատմությունը: 

«Այն սահմանը, որը գծված է այսօր Արցախի ու Ադրբեջանի միջև,նվազագույն անվտանգության սահմանն է, և վիճարկել որևէ թիզ, որևէ մետր հողի հարցը` ուղղակի չի կարելի: 1994-ից առ այսօր այս հարաբերական խաղաղությունն այդ սահմանների արդյունքն է: Հաջորդ անգամ Ադրբեջանի ագրեսիվ յուրաքանչյուր քայլի դեպքում մեր սահմանը լրիվ այլ տեղ պետք է գծվի, ու դա պետք է լինի մեր պետության դոկտրինը»,- շեշտեց Արթուր Եղիազարյանը:

Նրա խոսքով` այսօր կեղծ օրակարգով մարդիկ կան, որոնք ասում են, թե մենք պատերազմասեր ենք, մինչդեռ իրենք` խաղաղասեր: «Նրանք ստում են, կեղծում են: Այս ազատամարտիկներից շատ որևէ մեկը խաղաղություն չի ուզում, որովհետև նրանք պատերազմում ընկերներ են կորցրել, տեսել են այդ դժվարությունները, անցել են փորձությունների միջով: Տվողին չեն հարգում, տվողին ուրիշ բան են անում, ուրեմն` մենք տալու ոչ մի բան չունենք: Մենք անգամ բանակցելու ոչինչ չունենք Ադրբեջանի հետ, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի»,- ասաց Արթուր Եղիազարյանը` հավելելով, որ Արցախը Հայաստան է,  ու դա բոլորիս մտքի մեջ է, և վաղ թե ուշ, ունենալու ենք միացյալ, ազատ, անկախ Հայաստան` Արցախով հանդերձ: