Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել ենք բանակցություններ, և մեր մոտեցումներն Արցախյան հարցի լուծման շուրջ բավականին մոտ են. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը՝ պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ մոտեցումները:
Նրա խոսքով՝ ներկա դրությամբ իրենց տեսակետները համընկնում են, իսկ թե հետագայում ինչպե՞ս կլինի, ընթացքը ցույց կտա: «Արցախի խնդիրը մեր առաջնահերթություններից է եղել, և այս հարցում մենք տարակարծություն չունենք»,- ասաց նա:
Մեկ այլ հարցի` Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը հակամարտության կողմ է, ինչի շուրջ էլ կարծիքների բախում տեղի ունեցավ, ի՞նչ դիրքորոշում ունի ինքն այդ առումով, Եղիազարյանը պատասխանեց, որ փաստ է՝ Հայաստանը հակամարտության կողմ չէ: «Մենք ողջունում ենք պարոն Փաշինյանի այն մոտեցումը, որ Արցախը պետք է վերադարձնել բանակցային գործընթաց: Մնացածը… Հնարավոր է՝ վրիպումներ լինեն, ժամանակի մեջ հարթվող խնդիրներ են»,- ասաց նա:
Իսկ ի՞նչ մոտեցումներով և ի՞նչ դիրքերից պետք է տեղի ունենա Արցախի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ, Եղիազարյանը պատասխանեց, որ սա պետք է հայկական կողմի որդեգրած կուրսը լինի: Նրա խոսքով՝ այսօր իրականում բանակցային գործընթաց չկա. ապրիլյան պատերազմից հետո իրավիճակ փոխվեց, և այն մոտեցումները, որոնք մինչ այդ առկա էին, արդեն այս շրջանակում չէին կարող շարունակվել: «Սա վերադարձնելն է, ոչ թե Արցախի իշխանություններին բերելը, քանի որ մինչև 90-ականների վերջն Արցախը ներկա էր բանակցությունների գործընթացում»,- ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա, ըստ նրա, Թուրքիան իր մոտեցումները պետք է վերանայի, և մինչև իր մոտեցումներից չհրաժարվի` մենք անելիք չունենք: «Մեր ամենամեծ զիջումն այն է, որ Ցեղասպանության խնդիրը, որպես նախապայման, չենք դնում, ուստի Թուրքիան պետք է առաջին հերթին իր մոտեցումները վերանայի, որովհետև հստակ է, որ Արցախի հարցում Ադրբեջանի հետ ունի իր դիրքորոշումը: Եթե նա իր մոտեցումներից չհրաժարվի, մենք նրան ասելիք չունենք: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ երկխոսության առանց որևէ նախապայմանի, ուստի նրանք էլ պետք է առանց նախապայմանի նստեն երկխոսության»,- ասաց Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ ամեն դեպքում մենք պետք է փորձենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորել: «Մենք ընդունում ենք, որ կա հարևան երկիր, որի հետ պետք է երկխոսել, այս մոտեցումից չենք հրաժարվում: Կարծում եմ՝ փաթեթային տարբերակով կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, լուծումը սա է»,- ասաց Եղիազարյանը: