Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 26-ին Երևանում Սումգայիթի և Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված և ի հիշատակ զոհերի հանրահավաք է անցկացվելու՝ «Հողեր չունենք տալու» կարգախոսով:
Հրավիրված ասուլիսում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը նշեց, որ հավաքը ո'չ իշխանական է, ո'չ էլ ընդդիմադիր, այլ ազգային խնդիրների համատեքստում է:
«Կարելի է ասել, որ սա դեմ է իշխանությանը, եթե սխալ որոշում կայացնի, և կողմ է, եթե ճիշտ ընթացքով գնա: Այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ մոտ 20 տարվա ընթացքում Արցախյան խնդիրը սկսում է որոշակի փոխվել՝ կախված տեղեկատվության նոր հոսքերից, ապատեղեկատվությունից: Հողեր տալու-չտալու մասին խոսելն աբսուրդ է, որովհետև առաջին հերթին կա հայրենիք և պետություն ընկալումը: Արցախում այսօր չկան ազատագրված տարածքներ, այլ` Սահմանադրությամբ ամրագրված վարչական շրջաններ: Արցախի Սահմանադրության 175-րդ հոդվածը հստակ ասում է՝ ոչ մի հարց չի կարելի քննարկել, քանի դեռ չի ճանաչվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սա դեռ տարածքների մասին չէ խոսքը: Այսօր մենք ունենք հարևան, որն իր բնույթով ոչ թե ինչ-որ խնդրի հակառակորդ է, այլ մեր թշնամին է: Տարածում են կեղծ խաղաղասիրական խոսակցությունները, թե պետք է հաշտվել, իսկ ո՞ւմ հետ ենք հաշտվելու: Ադրբեջանի դասագրքերում ՀՀ-ի ամբողջ տարածքը որպես արևմտյան Ադրբեջան է ներկայացված, տեսանք 2016-ի ապրիլյան պատերազմը, երբ գլխատում էին անգամ զոհված զինվորին, այսինքն՝ առկա է կոնկրետ ազգային թշնամանք»,- նշեց նա:
Ըստ Եղիազարյանի՝ խաղաղության գործընթաց կարող է լինել այն դեպքում, երբ Ադրբեջանի վարքագծում փոփոխություն նկատենք, հակառակ դեպքում նշանակում է, որ հանձնվում ենք:
«Արցախյան շարժումը սկսվեց ինքնորոշման իրավունքից, երբ Խորհրդային միություն էր: Խորհրդային միության ժամանակ է Ադրբեջանի կազմում հայտնվել Արցախը, դա չի եղել 1918-20 թվականներին, չի եղել անգամ Ադրբեջանի անկախացման մասին հայտարարությունից հետո: Արցախը 1923-ին է բռնակցվել Ադրբեջանին: Եվ երբ Խորհրդային միությունը սկսվեց փլուզվել, խորհրդային Ադրբեջանի տարածքում առաջացավ երկու միավորում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը`ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանում, և Ադրբեջանի Հանրապետությունը: Հայերը մինչև 1990 թվականը սպանվում էին, նրանց գույքը թալանվում էր և բռնագրավվում, իսկ ՀՀ տարածքից ադրբեջանցիների մեծագույն մասն իր գույքն օտարելով է հեռացել կամ իր հետ տարել է: Սրանից հետո տեղի ունեցավ պատերազմ, որը մենք չենք սկսել, մենք ընդամենը պահանջել ենք այդ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ընդգծեց Եղիազարյանը՝ հավելելով, որ հայկական ենթակայության տակ գտնվող տարածքներում ցանկացած քար շուռ տալիս հայկականություն է դուրս գալիս, այսինքն՝ մենք հող չենք գրավել:
Ըստ նրա` նաև անվտանգության խնդիր ունենք, այսօր նոր իրավիճակ է առաջացել, որը չի կարելի համեմատել 1990-ականների սկզբին եղածի հետ: «Մեր հայրենիքի այդ տարածքները մեր հետագա կենսագործունեությունն են ապահովելու, և նրանք, ովքեր կոչ են անում զիջել այդ տարածքները, արագացնում են պատերազմը և մեր կործանումը: Մեղրիի շրջանը Հայաստանի ամենահարավային մասն է, և եթե Նախիջևանի Օրդուբադի շրջանից չափենք մինչև նախկին Զանգելանի շրջանը` այսօր Բերձորի հարավը, ապա ընդամենը 30 կմ է: Այսինքն՝ երկու կողմից հրետանային ամենապարզունակ միջոցներ դնելով` կարող են պարալիզացնել և մեր երկրի կենսագործունեությունը թուլացնել: Այդ գոտին այսօր ապահովում է հենց ՀՀ-ի անվտանգությունը: Վստահեցնում եմ՝ ամենաշատը խաղաղության կողմնակից են այն մարդիկ, որոնք պատերազմով անցել են և այդ ժամանակ ապրել: Այս կեղծ լոզունգները մեզ կործանման տանող ճանապարհն են: 1994-ից մեր գոյությունը պահպանել են այն սահմանները, որոնք կան այսօր: Սա նվազագույնն է, որը կարող է լինել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետագա գոյության համար»,- նշեց Արթուր Եղիազարյանը: