Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է.
«Բարդ ժամանակներ ենք ապրում։ Շատ բարդ։
Ասեմ, որ ես այս պատերազմի ընթացքում լռել եմ, ելնելով նրանից, որ քննարկումների ու քննադատության ժամանակը չէ։ Ես, որ բոլոր տեսակի իշխանություններից պահանջելը համարում եմ քաղաքացիական բացարձակ ճշմարիտ կեցվածք, բնականաբար, ելնելով պատերազմական իրավիճակից, աշխատել եմ՝ ժամանակավորապես, "խուլ ու համր" լինել, քանզի դա էր պահանջում իրավիճակը։
Սակայն այսօր, ես կաշխատեմ զգույշ, սակայն, ազնիվ լինել՝ ինքս ինձ և Ձեզ հետ։
Այսօր, Հայաստանի "հեղափոխական"- քաղաքական իշխանությունը փորձում է սահմանափակել քաղաքացիների կողմից իշխանությանը քննադատելու իրավունքը, ինչը մեծ վտանգ է պարունակում իր մեջ, քանի որ մենք կանգնած ենք ճակատագրական, կամ Փաշինյանի խոսքերով ասած, գոյաբանական լինել-չլինելու խնդրի առաջ։ Իսկ երբ այդպիսի խնդիր է դրված, ոչ ոք բարոյական իրավունք չունի մարդկանց բերանը փակելու, նրանց քննարկելու, առաջարկելու, խոսքի ազատության իրավունքը խլելու, մանավանդ, որ թագավարակի պատճառով, առանց այն էլ, վաղուց ենք զրկվել խոսելու ու մտքեր արտահայտելու խմբակային իրավունքներից։
Ինչևէ։
Մենք, մեր զինվորների անհատական սխրանքի, նրանց հերոսության ու անձնազոհության հարյուրավոր օրինակների, բանակի արիաբար մղած մարտերի և հեռուստաէկրանից ներխուժող՝ լոկ դրական գնահատականների ու վերլուծությունների թիկունքում թաքնված ու ծվարած կորցնում ենք կամ կարող ենք կորցնել՝ մեր թանկարժեք ինքնավստահությունը, ռազմական նախաձեռնությունը, դիվանագիտական հանգստությունը, հաղթանակի և հաղթանակած դիրքերից բանակցելու հնարավորությունները։ Եւ, իմիջիայլոց, այսօրվա օտարերկրյա մամուլի վերլուծությունները աչքի անցկացնելիս ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում մեր նկատմամբ բացասական գնահատականների ու նրանց՝ օտարների կողմից, մեղմ ասած, հավատի բացակայության առ այն, որ Հայաստանը ընդունակ է լինելու վերոհիշյալ հաղթանակած դիրքերից բանակցելուն։ Մինչդեռ, այդ նույն վերլուծաբանները, մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի առաջ այլ բան էին ասում հայկական բանակի, հայերի կազմակերպվածության, հայկական ռազմական փառքի էջերի վերաբերյալ, չնայած նրան, որ ադրբեջանական բանակը գերազանցում է հայկականին իր սպառազինությամբ ու թվաքանակով։
Անձամբ ես, մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում մեր հաղթանակի, ժողովրդի ներուժի, նրա բռունցքված կամքի ու բանակի հերոսական դրսևվորումների նկատմամաբ, սակայն, ամենավտանգավորը այստեղ այն է, որ իշխանությունը պիտի ազնիվ լինի և իր ժողովրդին, ընտրողին ասի իրականությունը կամ այն ճշմարտությունը, որը կարող է, նույնիսկ՝ շատ դառը լինել։ Օրինակ այն, որ այս պատերազմը կարող է երկար տևել։ Կամ այն, որ հնարավոր է՝ զիջված դիրքեր ունենանք։ Կամ այն, որ վաղը, Մոսկվայում, հնարավոր կլինեն տարածքային քննարկումներ ու այստեղից բխող որոշումներ։ Թե չէ, ստացվում է այնպես, որ մեր զավակների թանկարժեք կյանքերը զոհելով, հաղթական լուրերի հեղեղ տեղալով, իրականում չենք գիտակցում մեր իսկական տեղը այս բարդ ու դժվարին պատերազմում։ Իսկ այսպիսի իրավիճակում, ամենակարևորը սթափ լինելն է։ Այդ սթափությունը ծայրահեղ անհրաժեշտ է նաև Ռուսաստանի, որպես մեր ռազմավարական դաշնակցի ու տարածաշրջանային` համար մեկ ուժի, Իրանի, որպես մեր բնական դաշնակցի, Վրաստանի, որպես մեր հարևան երկրի հետ հարաբերություններում։ Եւ, եթե իշխանությունը այսօր, այս պահին ազնիվ չեղավ իր ժողովրդի հետ, վաղը, ժողովուրդը նրան մեղադրելու է դավադրության, շինծու կամ պայմանավորված պատերազմի ու կեղծարարության մեջ։
Ես այստեղ հանդես չեմ գալիս որպես ընդդիմադիր, այլ մարդ ու քաղաքացի, ով գիտակցում է իրավիճակի ողջ բարդությունը։ Մի կողմից մենք ենք՝ մեր այսօրվա տնտեսությամբ և աշխարհաքաղաքական սակավ հնարավորություններով, մյուս կողմից Ադրբեջանն ու Թուրքիան են՝ ծավալապաշտական, պանթուրքիստական իրենց "գերհամարձակ" ծրագրերով։ Ու մենք, մի կողմից ազգովին նայում ենք դեպի հյուսիս՝ Ռուսաստանին, մյուս կողմից խոսում Բաքուն ու Գանձակը գրավելու, Քուռ Արաքսյան սահմաններ գծելու վերաբերյալ, և միևնույն ժամանակ՝ անընդհատ սպասում ենք լուրերի՝ արևմուտքից։
Երազկոտ ենք ու դյուրահավատ։ Սիրում ենք խաբել մեզ, քանի որ, հատկապես "հեղափոխությունից" հետո, շատ դժվար է ճշմարտության աչքերին ուղիղ նայելը։
Ասելիք շատ կա։ Այսօր այսքանը»։