Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի բնակչուհի Անուշ Պողոսյանը տևական ժամանակ է` չի կարողանում բնակվել իր սեփական տանը կամ այն վարձով տալ: Բանն այն է, որ նախորդ տարվա սեպտեմբերին դատարանը, բավարարելով Պողոսյանի բնակարարանի նախկին վարձակալի՝ Արմեն Մկրտչյանի միջնորդությունն, արգելանք է դրել Ա.Պողոսյանի դրամական միջոցների և բնակարանում առկա գույքի վրա:
«Ամեն բան սկսվեց մի սովորական գործարքից՝ իմ սեփական բնակարանը վարձակալությամբ հանձնելուց: Երբ ստիպված եղա վարձավճարները չվճարելու պատճառով խնդրել վարձակալ Արմեն Մկրտչյանին ազատել բնակարանը, նա հրաժարվեց, ինչից հետո ստիպված էի դիմել ոստիկանություն»,- yerkir.am-ի հետ զրույցում նշեց վարձատուն:
Նրա խոսքով՝ դրանից հետո Ա. Մկրտչյանը դիմել է դատարան՝ պահանջելով վարձատուից` հօգուտ իրեն բռնագանձել այդ տարիների ընթացքում վճարած վարձավճարները՝ մոտ 6 մլն դրամ, ինչպես նաև իրեն վերադարձնել բնակարանում առկա ողջ գույքը՝ կահույքը, տեխնիկան, նաև` ջրի ծորակը, լվացարանը, դռան զանգը, զուգարանի թղթի կախիչը և այլն:
Պողոսյանի խոսքով՝ թեև Մկրտչյանը հայցադիմումին կից որևէ ապացույց չի ներկայացրել վարձավճարի գումարը վճարած լինելու կամ գույքն իրեն պատկանելու վերաբերյալ, այնուամենայնիվ, դատարանը բավարարել է Ա.Մկրտչյանի հայցը և, որպես հայցի ապահովման միջոց, արգելանքի տակ դրել Ա.Պողոսյանի դրամական միջոցները և բնակարանում առկա գույքը: Ա.Պողոսյանին արգելվել է ոչ միայն այդ գույքը տեղափոխել, օտարել, վատնել, այլև օգտագործել: ԴԱՀԿ աշխատակիցները դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա արգելանք են դրել Ա. Պողոսյանին պատկանող բնակարանի գույքի վրա, ինչպես նաև կապարակնքել այն՝ օգտագործումը անհնար դարձնելու նպատակով:
Վարձատուի խոսքով՝ ներկայումս բնակարանում, պահարաններից, խոհանոցի կահույքից, սեղան-աթոռից բացի, կապարակնքված են նաև դռան զանգը, ջրատար խողովակները, լվացարանը, ջրի ծորակը, զուգարանի թղթի կախիչը, լվացքի մեքենան, գազօջախը և այն:
Նշենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ բռնագանձում չի կարող տարածվել գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների վրա: Ենթադրվում է, որ վերը թվարկածներից ջրի ծորակը կամ գազօջախը առաջին անհրաժեշտության գործածության առարկաներ են: Ստացվում է, որ ԴԱՀԿ-ն, օգտագործման արգելք դնելով նշված առարկաների վրա, քաղաքացուն զրկում է ջրից և գազից օգտվելու իրավունքից:
«Փաստորեն, թեև բնակարանը տնօրինելու ուղղակի սահմանափակում չկա, այնուամենայնիվ, փաստացի բնակվել այնտեղ հնարավոր չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ նշելով, որ արգելանքի պատճառով ինքն արդեն 6 ամիս է` չի կարողանում իր բնակարանը հանձնել վարձակալությամբ կամ անձամբ բնակվել այնտեղ: Ա.Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ խնդրելով բնակարանում գտնվող գույքի վրայից հանել արգելանքը և փոխարենը արգելանք դնել շատ ավելի մեծ արժեք ունեցող բնակարանի վրա` մինչև դատարանի կողմից վեճի առարկա հանդիսացող գույքի սեփականության վերաբերյալ վճռի կայացումը, սակայն դատավորը մերժել էր միջնորդությունը` այն համարելով անհիմն:
Yerkir.am-ի հետ զրույցում Պողոսյանի բնակարանի վարձակալը՝ Արմեն Մկրտչյանը, հաստատեց, որ 4 տարի վարձակալության հիմունքներով բնակվել է Պողոսյանի բնակարանում, և որ բնակարանի գույքը պատկանում է իրեն: Նա պնդում է, որ բարեխղճորեն վճարել է նախատեսված վարձավճարը:
Հարցին, թե ինչո՞ւ է հետ պահանջել վճարած գումարները, Մկրտչյանը պատասխանեց, որ այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ Ա. Պողոսյանը դիմել է ոստիկանություն և հայտարարություն տվել, որ իբր ինքը ներխուժել է իր բնակարան: «Ոստիկանն ինձ մեղադրեց, որ ես դիտավորյալ պետական գրանցում չեմ տվել, որպեսզի նման պատմություն սարքեմ: Ես էլ ասել եմ, որ հենց քո խոսքի համար վաղը կմտնեմ դատարան, որպեսզի կիրառեն անշարժ գույքի առոչինչ գործարքի հետևանքներ»,- պատմեց նա և մանրամասնեց, որ իր և Ա. Պողոսյանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որը ո\'չ նոտարական վավերացում է ստացել, ո\'չ պետական գրանցում, իսկ, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի՝ անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարք՝ վարձակալություն լինի, թե` այլ, պետք է պարտադիր նոտարական վավերացում ստանա, որից հետո այդ իրավունքները պետք է ստանան պետական գրանցում:
«Այս գործարքն օրենքի ուժով առոչինչ է, ինչը նշանակում է, որ օրենքով կողմերն իրար ինչ տվել են, պետք է հետ վերադարձնեն»,-նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ ինքը ո\'չ հարկատու է, ո\'չ պետական պաշտոնյա, ո\'չ էլ այլ շահագրգիռ անձ, որպեսզի պետական գրանցում կատարեր:
Մկրտչյանը հավաստիացրեց, որ ինքը կողմ է հաշտության, սակայն թե ի՞նչ պայմաններով, չնշեց: «Երբ որ ես հաշտության առաջարկության կստանամ, իմ դիրքորոշումը գրավոր կհայտնեմ»,-ասաց նա:
Yerkir.am-ի հետ զրույցում, բացի բուն խնդրից, Ա. Պողոսյանն ուշադրության հրավիրեց նաև ԴԱՀԿ-ի իրականացրած ապօրինությունների վրա, մասնավորապես՝ ԴԱՀԿ-ի կողմից կատարողական թերթիկի հիման վրա իր բնակարանում առկա ողջ գույքի վրա արգելանք դնելու գործողությունների: «2015 թ. նոյեմբերի 30-ին որոշում կայացվեց այն մասին, որ դատարանի կատարողական թերթի պահանջները կատարված են, և կատարողական վարույթը ավարտվել է: Սակայն մեկ ամիս անց Արմեն Մկրտչյանը դիմեց ԴԱՀԿ-ին՝ հայտնելով, թե իբր արգելադրված գույքն օգտագործվում է իմ կողմից: ԴԱՀԿ-ն դիմումը ստանալուց 4-5 օր անց՝ 2016-ի հունվարի 21-ին, մի ողջ շքախմբով, հայցվորի ուղեկցությամբ կամ գուցե նրա թելադրանքով և պարտադրանքով, առանց համապատասխան որոշման առկայության, այցելեցին իմ բնակարան` իբրև թե ստուգայց կատարելու»,- պատմեց Պողոսյանը:
Նա ԴԱՀԿ-ի` նշված գործողությունների վերաբերյալ բողոք է ներկայացրել ԴԱՀԿ, ինչին ի պատասխան` հայտնել են, որ ԴԱՀԿ աշխատակիցների գոծողությունները եղել են իրավաչափ: «Փաստորեն, ԴԱՀԿ-ն առանց որոշման առկայության, նախազգուշացման, դատական ակտի առկայության, օրվա ցանկացած ժամի կարող է ներխուժում կատարել քաղաքացու բնակարան»,- նշեց Պողոսյանը: Նրա խոսքով ՝ հաջորդ օրը որոշում է կայացվել կատարողական վարույթը վերսկսելու մասին: Այս կապակցությամբ Պողոսյանը հեռախոսազրույց է ունեցել հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի հետ, ով տեղեկացրել է, որ կատարողական վարույթը վերսկսում են, քանի որ պահանջատեր Արմեն Մկրտչյանից ստացվել է հաղորդում այն մասին, որ գույքը օգտագործվում է, և իրենք պարզապես պարտավոր են առգրավել գույքը: Ըստ նրա՝ տեսախցիկի առջև, սակայն, Պարոնյանը բացատրել է, որ ուղղակի եկել է` ապացույցներ ձեռք բերելու, որպեսզի քննչական մարմիններին հաղորդում ներկայացնելու համար հիմքեր լինեն:
«Պարզվում է, որ ԴԱՀԿ-ն ունի նաև քաղաքացու պատվերով ապացույցներ ձեռք բերողի, պետք եղած դեպքում էլ այդ ապացույցները սարքողի իրավասություն, այսպես ասած` կոչված է օժանդակելու քննչական մարմիններին, որպեսզի նրանք զուր տեղը չանհանգստանան, գործ չհարուցեն: Բայց հարցական է մնում, թե ինչո՞ւ է ԴԱՀԿ-ն այդքան սրտացավություն ցուցաբերում և, օրենքը ակնհայտ խախտելով, բացահայտ ստանձնում Արմեն Մկրտչյանի շահերի պաշտպանի դերը»,- ասաց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ԴԱՀԿ-ի կողմնակալությունը պայմանավորված է Արմեն Մկրտչյանի` ով լինելով: Նա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի հարազար եղբայրն է: «Ցավալի է, որ պետական ծառայողը, որը կոչված է գործելու բացառապես դատարանի կողմից տրված որոշումների հիման վրա, դառնում է ինչ-որ մեկի խամաճիկն ու կամակատարը, նույնիսկ` եթե այդ մեկը դատավորի եղբայր է»,- նշեց Պողոսյանը:
Yerkir.am-ը հիշյալ խնդրի շուրջ զրուցեց նաև դատավոր Արթուր Մկրտչյանի հետ: Նա հայտնեց, որ տեղյակ չէ եղբոր հետ կապված դատական վեճից, իսկ ինչ վերաբերում է իր կողմից հովանավորչությանը, ապա նման բան լինել չի կարող:
Ի դեպ, Ա.Պողոսյանը պատրաստվում է դիմել վարչական դատարան՝ ապօրինի որոշումը վերացնելու պահանջով, ինչպես նաև հաղորդում ներկայացնել Հատուկ քննչական ծառայություն՝ հունվարի 21-ին ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իր բնակարան ապօրինի ներխուժելու համար:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ