Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ողջ ընթացքում պաշտոնական Անկարան բոլոր հնարավոր միջոցներով հասկանալ տվեց, որ վերջ չի տալու Հայաստանի շրջափակմանը եւ Երեւանի հետ չի հաստատելու դիվանագիտական հարաբերություններ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն՝ հայերը ադրբեջանցիներին հող չեն զիջել, գոնե «Ֆիզուլին եւ Աղդամը», ինչպես վերջերս ասել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ողջ ընթացքում պաշտոնական Երեւանը ակնարկում էր, իսկ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի ստորագրությամբ, ըստ էության, վավերացրեց Հայաստան-Թուրքիա այսօրվա սահմանի եւ Կարսի 1921թ. պայմանագրի օրինականությունը, ինչպես նաեւ համաձայնեց պատմաբանների հանձնաժողով ձեւավորելուն, որը ստացավ միջկառավարական ենթահանձնաժողով անունը:
Էլ չենք խոսում այնպիսի «մանր-մունր» բաների մասին, ինչպիսիք ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի եւ ֆեդերացիայի զինանշանի վրայից Արարատ սարի ջնջումն էր եւ այն գնդակով փոխարինելը:
Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո թուրքերն արդեն բացահայտորեն էին ասում, որ չեն բացի սահմանը: Սակայն նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Բուրսա, թեեւ նախապես խոստացել էր, որ պատասխան ֆուտբոլային հանդիպմանը ներկա կլինի, եթե «սահմանը բաց լինի, կամ լինենք դրա նախաշեմին»: Սահմանը չբացվեց, օր օրի այդ նախաշեմը սկսեց ավելի հեռանալ, սակայն հայկական կողմը ոչ միայն ետ չէր կանչում ստորագրությունները, այլեւ ի հաճս արեւմտյան հանրության, որը ողջունում էր հայ-թուրքական գործընթացը, հավաստիացնում, որ դրանք անմիջապես կվավերացվեն Ազգային ժողովում, եթե առաջինը Թուրքիայի խորհրդարանը դրանք վավերացնի:
«Ֆուտբոլային դիվանագիտության» քննադատները կանխատեսում էին, որ ոչ միայն Թուրքիան վերջ չի տալու շրջափակմանը, այլեւ հայ-թուրքական (ըստ էության գոյություն չունեցող) հարաբերությունները ավելի են լարվելու: Այսօր, փաստորեն, կողմերի հայտարարություններն ավելի կոշտ են եւ ոչ դիվանագիտական, քան մինչեւ 2008-ի ամառը: Սակայն եթե Թուրքիայի համար ստատուս քվոյի այս վիճակը, երբ Հայաստանը չի հրաժարվում զույգ արձանագրություններից, նպաստավոր է, ապա Երեւանը դրա դիմաց ոչինչ չի ստանում:
Ավելին, քանի դեռ Հայաստանը մի կողմից շարունակում է հայտարարել, որ պատրաստ է անմիջապես վավերացնել արձանագրությունները, եթե առաջինը դա անի Թուրքիայի խորհրդարանը, մյուս կողմից՝ սառեցված է պահում այդ արձանագրությունները, որեւէ լուրջ պետություն կամ կազմակերպություն սահմանը ապաշրջափակելու հարցում ո'չ ճնշումներ է բանեցնելու Թուրքիայի վրա եւ ո'չ էլ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, և բոլորն իրենց դիրքորոշումն արդարացնելու են հայ-թուրքական գործընթացը իբր չականահարելու կեղծ մտահոգությամբ:
Հետեւաբար, որքան էլ հայկական կողմը կոշտ արտահայտվի Թուրքիայի հասցեին կամ պատասխան տա թուրքական կողմի սադրիչ հայտարարություններին, դրանք ընկալվելու են որպես լոկ քարոզչական քայլեր՝ ուղղված այն լսարանին, որը հետեւողականորեն քննադատել է Հայաստանի գործող իշխանությունների թուրքական քաղաքականությունը, ինչպես նաեւ Սփյուռքին, որը, եզակի բացառություններով, քննադատում ու դատապարտում էր նախագահ Սարգսյանի «ֆուտբոլային քաղաքականությունը»:
Այսօր՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին, ճիշտ ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հրաժարվեն առնվազն երկու նախապայման պարունակող հայ-թուրքական երկու արձանագրություններից եւ ի լուր հայ-թուրքական գործընթացը պաշտպանող միջազգային հանրության հայտարարեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը պատրաստ են սկսել նոր՝ սպիտակ էջից:
Անշուշտ, չկա երաշխիք, որ արտգործնախարար Նալբանդյանն ու նրա թիմը կամ մեկ այլ արտգործնախարար նոր արձանագրություն(ներ)ը ավելի լավ կբանակցեն, բայց այդ անորոշ հեռանկարը արդարացում չէ այսօրվա հայ-թուրքական փաստաթղթային ստատուս քվոն անվերջ հանդուրժելու համար:
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ