կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-15 20:33
Աշխարհ

Մենք պետք է ընդունենք առողջությունն ու տնտեսական զարգացումը որպես նույն մետաղադրամի 2 կողմ. ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն

Մենք պետք է ընդունենք առողջությունն ու տնտեսական զարգացումը որպես նույն մետաղադրամի 2 կողմ. ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն

Այսօր ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 70-րդ նստաշրջանում 53 անդամ պետությունների առողջապահության նախարարները և հանրային առողջապահության ղեկավարները հավանություն տվեցին 2020-2025թթ. ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի աշխատանքային նախագծին, որը սահմանում է, թե կազմակերպությունը և նրա անդամ պետությունները ինչպես պետք է համագործակցեն առաջիկա 5 տարիներին քաղաքացիների՝ առողջությանն առնչվող ակնկալիքները բավարարելու ուղղությամբ:

«Մարդիկ արդարացիորեն պահանջում են որակյալ, մատչելի առողջապահություն: Նրանք ակնկալում են, որ առողջապահական մարմինները կպաշտպանեն իրենց առողջությունը արտակարգ իրավիճակների ժամանակ, և ցանկանում են ապրել բարեկեցիկ ու առողջ համայնքներում: Այսօր հաստատված նախագիծն առաջարկում է հենց այդ պահանջները բավարարելու քայլերը», - ասել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Կլուգեն։

Նախագծի շրջանակում գերակայությունը տրվում է հետևյալ 3 ուղղություններին.

  • երաշխավորել որակյալ բուժօգնության համընդհանուր մատչելիության իրավունքը՝ զերծ մնալով ֆինանսական դժվարությունների հանդեպ վախից,
  • ապահովել պաշտպանություն արտակարգ իրավիճակներից,
  • կառուցել առողջ համայնքներ, որտեղ հանրային առողջապահությունը և համապատասխան պետական քաղաքականությունը կապահովեն բարեկեցիկ պայմաններ:

Այս հիմնական սկզբունքները ներառված են 2030թ. Կայուն զարգացման 17 նպատակներում, ինչպես նաև համահունչ են 2019-2023թթ ԱՀԿ-ի աշխատանքային նախագծում ներկայացված ընդհանուր նպատակներին:

«COVID-19-ը բացահայտեց մեր առողջապահական համակարգերի ուժեղ և թույլ կողմերը։ Ամենախոցելի կողմն այն է, որ տարեցներն ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք արտակարգ իրավիճակների պայմաններում առավել խոցելի են դառնում: Քաղաքական գործիչները պետք է լսեն առողջապահական կառույցների ղեկավարների ու գիտնականների ձայնը, քանի որ առողջությունն ու տնտեսությունը անքակտելիորեն փոխկապակցված են: Համավարակը մեզ ստիպեց շատ արագ անդրադառնալ այս խնդիրներին, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի աշխատանքային նախագիծն ուղղորդում է մեզ այդ խնդիրները լուծել այնպես, որ ձևավորվի վստահություն և առողջ հասարակություն», - եզրափակեց դոկտոր Կլուգեն:

COVID-19-ից քաղած դասերը

Նստաշրջանի ընթացքում դոկտոր Կլուգեն խոսեց նաև COVID-19 համավարակի ժամանակ եվրոպական տարածաշրջանում առողջապահական ծառայությունների մատուցմանը խոչընդոտող երևույթների մասին.

  • Անդամ պետությունների 68%-ը ոչ վարակիչ հիվանդությունների առողջապահական ծառայություններն իրականացնելիս առերեսվել է խնդիրների, այդ թվում՝ շաքարախտի, հիպերտոնիայի և քաղցկեղի հետազոտությունների ժամանակ:
  • Երկրները հայտնում են կրծքագեղձի քաղցկեղի պատճառով մահացության 10 տոկոս և հաստ աղիքի քաղցկեղի պատճառով մահացության 15 տոկոս աճի մասին:
  • Տարածաշրջանի 6 երկրներում խախտվել է պատվաստումների բնականոն ընթացքը:
  • Մայիսին 28 երկրներ հայտնել են տուբերկուլոզի դեպքերի վերաբերյալ ծանուցումների 50 տոկոս նվազման մասին:

COVID-19-ի արձագանքման գործողությունների վերանայման շրջանակում առանձնացված և տարածաշրջանային տնօրենի ղեկավարի զեկույցում մանրամասն ներկայացված են հետևյալ երեք հիմնական դասերը.

  • Մեզ անհրաժեշտ է համերաշխություն՝ առողջապահության ոլորտում առաջ եկող արտակարգ իրավիճակներում հաջողության հասնելու համար: Անհատների, համայնքների ու երկրների միջև համերաշխությունը ենթադրում է առողջապահական պարագաների և միջոցների փոխանակում, հիվանդանոցներում պացիենտների ընդունում, բուժաշխատողների գործուղումներ, նյութատեխնիկական աջակցություն, ինչպես նաև օժանդակություն համաշխարհային նախաձեռնություններին, ինչպիսիք են COVID-19-ի գործիքների ու պարագաների հասանելիությունը, արագ հետազոտության, զարգացման, արտադրության ապահովումը, բժշկական միջոցների և պատվաստանյութերի արդարացի բաշխումը:
  • Մեզ անհրաժեշտ են առողջապահական ավելի ուժեղ համակարգեր, որոնք կարող են արդյունավետ արձագանքել համավարակին` ապահովելով անհատական պաշտպանիչ հանդերձանք ու պարագաներ, թեստավորման հավաքածուներ, ինտենսիվ թերապիայի մահճակալներ և COVID-19 դեպքերի հետագծման գործիքներ՝ լավ պատրաստված բուժանձնակազմի նորարարական ու ինտեգրված բուժօգնության, սոցիալական ծառայությունների ու թվային առողջապահական լուծումների ամուր կապերի հաշվին՝  պահպանելով բժշկական գլխավոր ծառայությունների լիակատար մատուցման մեխանիզմը:
  • Մենք պետք է ընդունենք առողջությունն ու տնտեսական զարգացումը որպես նույն մետաղադրամի 2 կողմ: Վիրուսի փոխանցումը վերահսկելը բիզնեսի ու առևտրի գործարկման նախապայմանն է, և արձագանքից դեպի վերականգնում անցումը  հնարավորություն է ընձեռում մարդկանց և նրանց առողջությունը դնել հայեցակարգի առանցքում՝ գիտակցելով, որ հանրային առողջությունը տնտեսական զարգացման, անվտանգության և խաղաղության խթան է: